Կարմիր գորգ` Սերժ Սարգսյանի պատվին

02/09/2009

Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերը կոշտ քննադատության են ենթարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Արձանագրությունների նախաստորագրման փաստը: Ըստ «Hurriyet»-ի` նրանք հայտարարել են, որ եթե նույնիսկ Թուրքիայի կառավարությունը ստորագրի Արձանագրությունները, ամեն դեպքում դրանք անհնար կլինի ի կատար ածել` առանց խորհրդարանի կողմից վավերացման: Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, նախկինում ՆԱՏՕ-ում Թուրքիայի դեսպան Օնուր Օյմենը հայտարարել է, որ Հայաստանը բավականաչափ չի փոխել իր քաղաքականությունը, ոչ էլ ի կատար է ածել անհրաժեշտ նախապայմանները` երկու երկրների միջեւ խաղաղություն հաստատելու համար: Բացի այդ, Օնուր Օյմենին հետաքրքրում է, թե արդյո՞ք «Հայաստանը պաշտոնապես հաստատում է այն, որ դուրս կգա Լեռնային Ղարաբաղի տարածքներից»: «Ադրբեջանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վտահեցրել է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն այժմ դուք նույնիսկ հայտնում եք սահմանի բացման ժամանակացույցի մասին: Ինչպե՞ս դուք կարող եք համոզել Ադրբեջանին»,- հայտարարել է Օյմենը` դիմելով Թուրքիայի իշխանություններին: Օյմենի պնդմամբ` Թուրքիան անում է այն ամենը, ինչ թելադրում է ԱՄՆ-ը` անգամ, եթե դա արվում է երկրի հուսալիության եւ վստահության հաշվին: Ըստ նրա, «դա սխալ քաղաքականություն է եւ վնասում է երկրի հուսալիությանը»: «Հայաստանն ի պատասխան ոչ մի բան չի խոստացել, եւ այսպիսով՝ այն, ինչ անում է Թուրքիան, լինելու է պարզապես միակողմանի զիջում»,- ընդգծել է ընդդիմադիր Օյմենը: Իսկ Թուրքիայի մեկ այլ ընդդիմադիրի` «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահի տեղակալ Դենիզ Բյոլյուքբաշինի կարծիքով` «այս Արձանագրությունները նման են կարմիր գորգի, որով ողջունում ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով բազմիցս շեշտել է, որ մտադիր չէ այցելել Թուրքիա, քանի դեռ չի ձեռնարկվել որեւիցե քայլ սահմանը բացելու համար»: