Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ամենամյա հավաքի շրջանակում ԱԳՆ-ում հանդիպել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Իր ելույթում Հ. Աբրահամյանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս խորհրդարանում նախատեսվում է միջազգային կառույցներում ներկայացված ՀՀ ԱԺ պատվիրակությունների գործունեությունը համակարգող մարմնի ստեղծում: «ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ գործադիր իշխանության հետ զուգահեռ, կարող է առավել ազդեցիկ ու կառուցողական գործել, հատկապես այն դեպքերում, երբ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով սահմանափակ է գործադիր իշխանությունների հնարավորությունները: Նմանօրինակ եւ կարեւոր ձեռքբերում էր վերջերս Ստրասբուրգում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ԵԽ ԽՎ կողմից համապատասխան բանաձեւի ընդունումը: ԱԺ-ն դերակատարություն կարող է ունենալ նաեւ այն երկրների հետ շփումների իրականացման հարցում, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ: Դրա վառ օրինակ կարող է լինել Սաուդյան Արաբիան, որի խորհրդարանում ստեղծվել է բարեկամության խորհրդարանական խումբ, նմանատիպ խումբ ձեւավորվում է նաեւ ԱԺ-ում»,- ասել է Հ. Աբրահամյանը: Բացի այդ, ըստ ԱԺ նախագահի` ԱԺ-ն մեծ դեր կարող է ունենալ որպես կապող օղակ պաշտոնական դիվանագիտության եւ հասարակական դիվանագիտության միջեւ: Ըստ նրա` ԱԺ-ն իր պատգամավորների միջոցով հասարակության մտահոգություններն արտաքին քաղաքական հարցերում առավել հասանելի է դարձնում իշխանություններին, իսկ կառավարության քաղաքականությունը կարեւոր հարցերի շուրջ` հասարակության լայն զանգվածներին: «ՀՀ ԱԺ լսումների միջոցով լայն հասարակական հնչեղություն է տրվում արտաքին քաղաքական այնպիսի նուրբ հարցերին, ինչպիսիք են` Թուրքիայի հետ հարաբերությունները, ԼՂ հիմնախնդիրը եւ այլն»,- ասել է նա: