Հայաստանի հետ սահմանին իրենց պահակակետի մոտ հայտնաբերվել են Վրաստանի երեք սահմանապահների դիակներ: Եվս չորս սահմանապահների գտնվելու վայրը հայտնի չէ: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը: Նախարարության խոսնակ Շոթա Ութիաշվիլին «Ֆրանսպրեսին» ասել է, որ երեք սահմանապահները սպանվել են, բայց դա կարող է սահմանային միջադեպի հետեւանք չլինել: «Մենք գիտենք, որ նրանք սպանվել են, բայց հիմա որեւէ այլ տեղեկատվություն չունենք… Մենք հիմքեր չունենք կասկածելու, թե սահմանային հրաձգություն է եղել»,- ասել է ՆԳՆ խոսնակը` ավելացնելով, որ հիմա փնտրում են չորս սահմանապահներին: Վրացական «Ռուսթավի-2» հ/ը փոխանցմամբ` Ոստիկանությունը կասկածում է, որ սահմանապահների սպանությանը կարող են մեղսակցություն ունենալ նրանց չորս գործընկերները, որոնք այնուհետեւ դիմել են փախուստի: