Առաջին տեղում Պուտինն է
Մոտ մեկ ամիս առաջ ամերիկացիները բիզնեսմենների եւ ֆինանսական ոլորտի մասնագետների շրջանում հարցում էին անցկացրել՝ որոշելու համար, թե ում են ամերիկացիները համարում ճգնաժամի դեմ պայքարող լավագույն մարտիկ։ Առաջին տեղում հայտնվել էր ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն։ Ռուսները որոշել են ետ չմնալ։ Ինչպես գրում է «ՀըԽ Daily»-ն, Ռուսաստանի 13 խոշոր քաղաքներում հարցում է անցկացվել 1500 հոգու շրջանում «Profi Online Research» կազմակերպության կողմից։ Հարցման մասնակիցները գնահատականներ են տվել չինովնիկներին մի քանի հարցերի միջոցով։ Օրինակ, «Անո՞ւմ է արդյոք տվյալ պաշտոնյան իրենից կախված ամեն ինչ՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար» հարցին ռուսաստանցիները դրական պատասխան տվել են ամենից շատ վարչապետ Վլադիմիր Պուտինի համար՝ 65%։ «Կարող էր ավելին անել, քան անում է» պնդման հետ Ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի դեպքում համաձայն են եղել հարցման մասնակիցների 38%-ը, Խնայբանկի նախագահ Գերման Գրեֆի եւ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովի դեպքում՝ 35%-ը։ «Սովորական պաշտոնյա է. մյուսներից ոչ լավն է, ոչ վատը»,- ռուսաստանցիների 34%-ը նման կարծիքի է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Էլվիր Նաբիուլլինի մասին։ Ճգնաժամային իրավիճակում իրենից կախված ամեն ինչ անող պաշտոնյաների առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը.
1. Վլադիմիր Պուտին
2. Դմիտրի Մեդվեդեւ
3. Սերգեյ Լավրով
4. Ալեքսեյ Կուդրին
5. Գենադի Օնիշչենկո
6. Բորիս Գրիզլով
7. Էլվիր Նաբիուլլին
8. Սերգեյ Իգնատեւ
9. Գերման Գրեֆ
10. Վիկտոր Խրիստենկո։
Քեյթ Մոսսը նեղն է ընկել
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունից չեն կարողացել խուսափել անգամ «աշխարհի հզորները»։ Ֆինանսական միջոցների պակասը վերջին շրջանում իր մաշկի վրա սկսել է զգալ բրիտանացի հայտնի մոդել Քեյթ Մոսսը։ Վերջինս, մասնավորապես, ստիպված է եղել հրաժարվել իր մոդելային կարիերայի
20-ամյակին նվիրված ցուցահանդեսը գոնե մասնակիորեն ֆինանսավորելու մտքից։ Միջոցառումը պետք է կազմակերպվեր Փարիզում, մինչեւ այս տարվա վերջ։ Սակայն կազմակերպիչները հայտարարել են, որ այն հետաձգվում է եւ տեղի կունենա հաջորդ տարի։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն ու անձամբ Քեյթ Մոսսը ներկայումս ակտիվորեն հովանավոր են փնտրում, որը հոգ կտանի միջոցառման ֆինանսական կողմը ապահովելու մասին։
Ճգնաժամը «վարձով է տալիս» ֆուտբոլիստներին
Ֆուտբոլային աշխարհում փակվեց ամառային տրանսֆերային պատուհանը։ Եղան ակումբներ, որոնք հսկայական գումարներ ծախսեցին իրենց կազմը ուժեղացնելու համար (օրինակ, Մադրիդի «Ռեալը» ընդհանուր առմամբ 230 միլիոն եվրո է վճարել Կրիշտիանու Ռոնալդուին, Կակային, Խաբի Ալոնսոյին եւ Քարիմ Բենզեմային գնելու համար)։ Սակայն բոլորը չեն, որ կարող են իրենց նման շռայլություններ թույլ տալ, մանավանդ՝ ճգնաժամի պայմաններում։ Համաշխարհային ճգնաժամի հետեւանքով ֆուտբոլային աշխարհում մի հետաքրքիր միտում է նկատվում. ակումբները գերադասում են ոչ թե գնել, այլ վարձավճարով ձեռք բերել ֆուտբոլիստներին՝ խնայելով իրենց գումարները։ Այս երեւույթը հատուկ է հատկապես ռուսական ֆուտբոլին, որտեղ տրանսֆերային պատուհանը ամենեւին աչքի չընկավ ակտիվությամբ։ Ինչպես արդեն նշեցինք, ճգնաժամը կարծես չի ազդել միայն Մադրիդի «Ռեալի» վրա։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարված ամենաթանկ տրանսֆերների հնգյակում «Ռեալը» զբաղեցնում է 4 հորիզոնական։
Աշխարհի ամենաթանկ տրանսֆերները.
– Կրիշտիանու Ռոնալդու, «Մանչեսթեր Յունայթեդից»՝ «Ռեալ», 94 մլն եվրո,
– Զլատան Իբրահիմովիչ, «Ինտերից»՝ «Բարսելոնա», 68 մլն եվրո,
– Կակա, «Միլանից»՝ «Ռեալ», 65 մլն եվրո,
– Խաբի Ալոնսո, «Լիվերպուլից»՝ «Ռեալ», 35.4 մլն եվրո,
– Քարիմ Բենզեմա, «Լիոնից»՝ «Ռեալ», 35 միլիոն եվրո։
«Բարտերային» հանգիստ
Համաշխարհային ճգնաժամը ստիպել է զբոսաշրջիկներին կրճատել հյուրանոցների վրա կատարվող ծախսերը։ Ինչպես հաղորդում է DomChel գործակալությունը, վերջին շրջանում զբոսաշրջիկների շրջանում առավել տարածված է դառնում կացարանների փոխանակման պրակտիկան։ Զբոսաշրջության այս նոր տեսակի բովանդակությունը հետեւյալն է. ընտանիքը մեկնում է մեկ այլ երկիր՝ բնակվելով կոնկրետ մարդու տանը, իսկ այդ տան բնակիչները այդ ժամանակամիջոցում բնակվում են մեկնողի տանը։ Այսպիսով՝ երկու ընտանիքներն էլ խնայում են հյուրանոցի վրա ծախսվելիք գումարները եւ, միեւնույն ժամանակ, միանգամից խորասուզվում օտար երկրի կենցաղի մեջ։
Զբոսաշրջիկները միմյանց գտնում են հատուկ այդ նպատակով ստեղծված ինտերնետային կայքերի միջոցով։ «Բարտերային տուրիզմը» մեծ թափով զարգանում է եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում։
Չկա չարիք՝ առանց բարիքի
Ճգնաժամը միայն բացասական հետեւանքների չի հանգեցրել՝ միլիոնավոր մարդկանց սնանկացնելով եւ գործազուրկ դարձնելով։ Այն նաեւ դրական ազդեցություն է ունեցել. նպաստել է զարգացած երկրների բնակչության առողջական վիճակի բարելավմանը։ Պատճառը շատ պարզ է. մարդկանց փողը չի հերիքում ծխախոտի, ալկոհոլի եւ այլ վնասակար «զվարճանքների» համար, եւ նրանք այժմ գերադասում են հանգիստն անցկացնել բնության գրկում։ Սրան էլ գումարենք այն հանգամանքը, որ բենզինի վրա կատարվող ծախսերի կրճատումը բերել է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կրճատման։ Ճգնաժամի մասին նման դրական կարծիքի հեղինակը Վաշինգտոնի համալսարանին կից Սոցիալական առողջության դպրոցի սոցիոլոգ Սթիվեն Բեզրուչկան է։ Նա ուսումնասիրել է մահացությունը տարբեր երկրներում՝ 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած խոշոր տնտեսական ցնցումների ժամանակ, եւ եզրակացրել՝ զարգացած երկրներում տնտեսական անկման փուլերում մահացությունը նվազում է։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, որի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աշխարհի ամենաբարձրերից մեկն է, կյանքի միջին տեւողությունը ավելի կարճ է, քան ավելի աղքատ երկրներում։ Բեզրուչկայի համոզմամբ, դա լիովին տրամաբանական է։ Այո, գործազրկությունը մեծ սթրես է օրգանիզմի համար եւ ոչ մեկին երջանիկ չի դարձնում, սակայն գործազրկության պատճառ հանդիսացող տնտեսական անկման ժամանակ մարդը չի կարող իրեն թույլ տալ գումարները շռայլել զվարճությունների եւ օրգանիզմին վնասակար ուտեստների վրա։ Բացի այդ, ըստ սոցիոլոգի, գործազուրկ մարդն ավելի շատ ժամանակ է անցկացնում իր ընտանիքի եւ ընկերների հետ, ինչը բարենպաստ է ազդում նրա առողջական վիճակի վրա։
Ոչ պակաս կարեւոր է նաեւ վառելիքի գործոնը։ Գումարը տնտեսելու նպատակով մարդիկ հրաժարվում են մեքենայով շրջելուց, եւ արդյունքում՝ նվազում են ճանապարհատրանսպորտային պատահարները։ Բացի այդ, ոտքով ման գալը շատ օգտակար է առողջության համար։ Փաստորեն, Բեզրուչկան փորձել է համոզել մարդկությանը, որ աղքատ լինելն ավելի լավ բան է, քան հարուստ։
Ավիափոխադրողների վնասները՝ 6 միլիարդ դոլար
Աշխարհի մասշտաբով ավիափոխադրող ընկերությունների վնասները այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում կազմել են 6 միլիարդ դոլար։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տվյալներին։ Այդուհանդերձ, ասոցիացիայում համոզված են, որ ավիափոխադրումների ոլորտում ճգնաժամը մոտենում է ավարտին։ Լավատեսության համար հիմք է ծառայում կորուստների նվազման միտումը. 2009թ. առաջին եռամսյակում վնասները կազմել էին 4 միլիարդ դոլար, իսկ երկրորդ եռամսյակում՝ 2 անգամ ավելի քիչ՝ 2 միլիարդ դոլար։ Այս տարվա հուլիսին օդային ուղեւորափոխադրումների քանակը 2.9 տոկոսով զիջում է 2008թ. հուլիսին։ Բեռնափոխադրումների քանակն ավելի մեծ չափով է նվազել՝ 11.3%։ Ավիափոխադրողների կրած հսկայական վնասները պայմանավորված են համաշխարհային ճգնաժամով, որի արդյունքում 2008թ. վերջից նկատվում է ավիաընկերությունների ծառայությունների նկատմամբ պահանջարկի կտրուկ անկում։ Նշենք, որ IATA-ն նախկինում կանխատեսում էր, որ 2009թ. տարվա կտրվածքով այս ոլորտի վնասները կկազմեն 9 միլիարդ դոլար։ Համեմատության համար հիշեցնենք, որ 2008թ. աշխարհի ավիափոխադրողները կրել են 8.5 միլիարդ դոլարի վնաս։
Նոր սնանկացումների սպառնալիք
Կոմերցիոն անշարժ գույքի ոլորտի խնդիրները առաջիկայում առավել հաճախ պատճառ կդառնան ամերիկյան բանկերի սնանկացումների։ Այդ մասին հայտարարել է Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) ղեկավար Շեյլա Բեյրը։ Նրա կարծիքով, կոմերցիոն անշարժ գույքի գծով տրված վարկերը նախկինի պես վտանգ են ներկայացնում բանկային հաշվեկշիռներին, ինչի պատճառով բանկերը ավելի հաճախ կսնանկանան այս տարվա վերջին եւ 2010թ. ընթացքում։
Հիշեցնենք, որ միայն այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում ԱՄՆ-ում «պայթել» է թվով 84 ֆինանսական կազմակերպություն։ Դա ավելի քան 3 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը. 2008-ի ընթացքում ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամը կործանել է 25 բանկ, որոնց թվում էին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Lehman Brothers-ը եւ Bear Stearns-ը։
FDIC-ը ստիպված է քայլեր ձեռնարկել բանկային սնանկացումների աճող թվի հետ կապված, քանի որ այս ոլորտը դեռ չի ձերբազատվել անհույս վարկերի հետեւանքներից։ Ավանդների ապահովագրման ընկերության հաշվեկշիռը նախորդ եռամսյակի 13 միլիարդ դոլարից կրճատվել է՝ հասնելով 10.4 միլիարդի։ Բեյրը նշել է, որ FDIC-ն արդեն լրացուցիչ 32 միլիարդ դոլար է հատկացրել՝ հաջորդ տարի բանկային սնանկացումների ծախսերը փակելու համար։ ԱՄՆ ֆինանսական ոլորտի ղեկավարները դեռ որոշում չեն կայացրել այն հարցով, թե արդյոք անհրաժե՞շտ է բանկերից հատուկ պահումներ կատարել՝ կազմակերպության միջոցները համալրելու համար։ Նշենք, որ ֆինանսական խնդիրներ ունեցող ամերիկյան բանկերի թիվն այս տարվա երկրորդ եռամսյակում հասել է 416-ի։ Սա ռեկորդային բարձր ցուցանիշ է 1994թ. ի վեր։ Խնդիրներ ունեցող բանկերի ընդհանուր կապիտալը հունիսի վերջի դրությամբ կազմել է 300 միլիարդ դոլար։
Հնդկաստանը հաղթահարում է ճգնաժամը
Հնդկաստանի առաջատար բիզնես-ասոցիացիաները երեկ հայտարարել են, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով առաջ եկած անկումն արդեն կարելի է ավարտված համարել։ Լավատեսության համար հիմք են ծառայել Հնդկաստանի Կենտրոնական վիճակագրական կազմակերպության հրապարակած տվյալները։ Դրանց համաձայն, վերջին ամիսներին դրական տեղաշարժ է նկատվել երկրի հանքարդյունաբերության, արդյունաբերության, էներգետիկայի եւ ծառայությունների ոլորտներում՝ առաջին եռամսյակի համեմատ ապահովելով 5.8% տնտեսական աճ։ «ՀՆԱ-ի ցուցանիշները վկայում են այն մասին, որ տնտեսությունը ոտքի է կանգնում»,- ասել է Հնդկական արդյունաբերական կոնֆեդերացիայի գլխավոր տնօրեն Չանդրաջիթ Բաներջին։