«Աչքակապություն է տեղի ունեցել»

02/09/2009

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Լեռնային Ղարաբաղում անցկացվող տոնակատարությունների ժամանակ մեկնաբանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները: Ըստ նրա` սեպտեմբերի 2-ը հպարտության եւ պատասխանատվության օր է, սակայն ուրախ օր չէ, որովհետեւ հերթական անգամ «հայոց շահը, մեր ինքնությունը, անվտանգության խնդիրները դրված են նժարի վրա, եւ ոչ անպայման թշնամու մեղքով, այլ մեր սեփական անմիաբանության»: Չնայած սրան, Ր. Հովհաննիսյանը վերջնական եզրահանգում չի արել ԼՂՀ եւ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ, սակայն նշել է, որ ինքը ներկա դրությամբ որեւէ ուղղությամբ քայլ առաջ չի տեսնում: «Իհարկե, քանի դեռ որեւէ բան վերջնական չէ թե արցախյան հիմնախնդրում, թե հայ-թուրքական հարաբերություններում, չի կարելի վերջնական եզրահանգում կատարել: Սկզբնական կարելի է հետեւյալն ասել. քանի որ ՀՀ երրորդ նախագահը հայտարարեց հանրային քննարկումների մասին, նաեւ խոսեց նրա մասին, որ պետք է հեռու մնանք մանր սպեկուլյացիաներից, ես համարում եմ, որ աչքակապություն տեղի ունեցավ Հայաստանի իշխանության կողմից հայոց ժողովրդի նկատմամբ. ոչ անկեղծ մոտեցում: Ես համաձայն չեմ նրա հետ, որ իշխանությունները ճշմարտություն են ասել հայ ժողովրդին»: Իսկ ինչ վերաբերում է օգոստոսի 31-ին հրապարակված արձանագրություններին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն այս հարցում էլ լավատես չի եղել: Նրա կարծիքով` Հայաստանի իշխանությունը, ըստ էության, «ուղղակի կամ անուղղակի ընդունել է Թուրքիայի Հանրապետության մի քանի նախապայմաններ»: