ՀԱԿ-ի արձագանքը

02/09/2009

Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը երեկ հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների մասին երեք երկրների արտգործնախարարությունների համատեղ հայտարարության եւ երկու արձանագրությունների վերաբերյալ հայտարարությամբ: «1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից: 2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ: 3. Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը: 4. Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը եւ դրանով հետաձգել հայ-թուրքական սահմանի բացումը»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ: