Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական, Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը` միաժամանակ լուրջ մտահոգություններ արտահայտելով նախաստորագրված արձանագրությունների որոշ դրույթների առնչությամբ: Նա, մասնավորապես, հիասթափություն է հայտնում, որ «արձանագրությունները կոչ են անում 1915-23թթ. իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծել պատմաբանների հանձնաժողով»: «Դա լիովին վարկաբեկված գաղափար է. գիտնականների միջեւ չկա բանավեճ այն առնչությամբ, որ հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել Օսմանյան Կայսրության մայրամուտի օրերին, եւ պատմաբանների հանձնաժողովը ճշմարտությունը քողարկելու հերթական փորձն է»,- ասված է Շիֆի հայտարարությունում: «Չպետք է թույլ տալ Թուրքիային սրբագրել իր պատմության այդ ողբերգական մասը` Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների դիմաց: Ճշմարիտ հաշտեցումը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ տեղի կունենա, երբ Թուրքիան կճանաչի 1915-23թթ. հայերի դեմ Օսմանյան Կայսրության գործադրած ցեղասպանությունը»: