Քո հարեւան Թագուհին, որն այս պահին մատուցող է աշխատում

02/09/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Երեւանցի նկարիչ Լեւոն Ասլանյանի ոճը հաճախ «ֆանտաստիկ ռեալիզմ» են անվանում, թեեւ ինքը` նկարիչը, դեմ լինելով տարաբնույթ «իզմ»-երին, նկատում է. «Ցանկացած նկարիչ էլ իր ներքին ֆիլտրն ունի, իմ ներքին ֆիլտրը կյանքից միշտ միայն պոզիտիվը, դրականն է վերցնում։ Եվ եթե պոզիտիվը հիմա միայն կարելի է գտնել հեքիաթներում, ուրեմն` ես ֆանտաստիկ աշխարհ եմ նկարում»։

Նրա հեքիաթը քաղցրահամ ու կորած-մոլորած վերացական աշխարհ չէ, ընդհակառակը՝ այն թերեւս միակ իրական աշխարհն է, իսկ մեր առօրյան՝ ընդամենը մի վատ երազ, որը ձեւախեղում է մարդ էակի էությունն ու զրկում նրան խաղի ստեղծագործ սկզբից։

Փողոցներով քայլող սովորական մարդկանց Լ.Ասլանյանն իրականի եւ հեքիաթայինի սահմանագծում գտնվող տարածքի մեջ է սուզում՝ նրանց երազներն առավել ցայտուն ընդգծելու համար։ Նրա պերսոնաժները շատ վառ, հիշվող, ցայտուն անձնավորություններ են, որոնք կարծես միայն խաղի միջոցով են կարողանում իրենք իրենց հասկանալ։ Շքեղ, գունազարդ միջնադարյան զգեստներ հագած թագուհին որսալով հանդիսատեսի հայացքը՝ կարծես հարցնում է. «Չե՞ս ճանաչում ինձ, ես քո հարեւանն եմ, որը մոտակա խանութում մրգեր է վաճառում։ Ուշադիր նայիր, համոզվիր, որ ես իրականում թագուհի եմ, պարզապես դա միանգամից չի երեւում»։

Լ.Ասլանյանի ստեղծած գրեթե բոլոր աշխատանքները պորտրետներ են։ Իսկ մարդիկ ոչ թե այնպիսին են, ինչպիսին երեւում են երթուղայիններում, խանութներում կամ աշխատավայրերում, այլ այնպիսին, ինչպիսին կարող էին լինել, եթե փոք, ինչ ավելի հեռու, ինչպես ասում է նկարիչը՝ համարձակվեին գոնե մի «խազ» ավելի լուրջ ուսումնասիրել սեփական ցանկությունները։ Նրա «Թիթեռ» կտավում, օրինակ, կինն իր մազերը նմանեցնում է մետաքսաթեւ թիթեռների, իսկ մեկ այլ կին իրեն որպես դելտապլան է պատկերացնում եւ խիստ զբաղված եւ շտապող մարդկանց պատկերող կտավի մի անկյունից սկսում է իր անհատական թռիչքը։

Լ.Ասլանյանի նկարչական մաներան հիշեցնում է ֆլամանդական կերպարվեստի դպրոցը։ Երբ նա որոշ ժամանակ ապրում եւ աշխատում էր Նիդեռլանդներում, հոլանդացիներին առաջին հերթին զարմացրել էր ֆլամանդական տեխնիկայի նրա գրագետ տիրապետումը։ Հստակ ընդգծված ֆլամանդական տեխնիկան, սակայն, դեկորատիվ, թատերային դեր է խաղում։ Եվ հենց թատրոն-կյանք համադրության շնորհիվ նկարիչը կարողանում է առավել ազդեցիկ ցույց տալ մարդ էակի փխրուն ու երազկոտ ներքինը։ Երկակի իրավիճակներում են պատկերված բոլոր հերոսները. Ահա ժանյակապատ հովանոցով կինը, որը սեթեւեթում է փետրավոր զգեստ հագած տղամարդու հետ, սակայն նրա հայացքը կարծես ասում է՝ իմ հովանոցը ոչ թե իմ կանացի ատրիբուտն է, այլ՝ իմ թաքստոցը, ապահովության սիմվոլը։ Իսկ ամպերի միջով սլացող նավը ոչ թե երազ է, այլ` ամենօրյա վարժանք։ Չէ՞ որ բոլորս էլ հոգու խորքում նման ամենագնաց նավեր ունենք։

Լ.Ասլանյանի հերոսները կարծես դուրս են եկել գերմանացի գրող Հոֆմանի հեքիաթ-ֆանտազիաներից կամ էլ` միջնադարյան իրականությունից։ Սակայն նրա համար Վերածննդի կամ միջնադարի տարրերը միայն միջոց են՝ մեր մոլորակի այսօրվա բնակչին պատկերելու համար։ Նկարիչը՝ զգալով, որ ժամանակակից կյանքից կորչում է դրական ընկալումը, իր հերոսների համար տոնի, հանդեսի, ուրախության մթնոլորտ է ստեղծում։

Նա հաճախ է անդրադառնում թափառական թատրոնի, կրկեսի թեմային, «քամին մազերում» աշխարհով մեկ ճամփորդող եվրոպական աշուղների՝ մինեստրելների, արքունական խեղկատակների կյանքին։ «Թատրոնը հնարված աշխարհ է։ Միգուցե այն հարազատ է ինձ հենց այդ պատճառով։ Շատ եմ սիրում թափառական թատրոնը, որը տեղաշարժվելով` մարդկանց ուրախություն է պարգեւում, պեղումներ է անում հանդիսատեսի ոգում ու գտնելով դրական էմոցիաները՝ ուռճացնում է։ Դա այն թատրոնը չէ, որն իր շենքի կոմունալ ծախսերի կամ դերասաններին աշխատավարձ վճարելու մասին է մտահոգվում, այդ թատրոնը բնության հետ ներդաշնակ է եւ կեղտի մեջ որպես ծաղիկ է ծնվում»,- ասում է նկարիչը։ «Կրկես» կտավում նա առաջին հերթին հայացքներ է նկարել. ակրոբատները, աճպարարները՝ նայելով հանդիսատեսի «միջով»՝ նրանց հեռու-հեռու աշխարհներ այցելել են հրավիրում։ Այնտեղ, որտեղ խաչվում են ամուրն ու փխրունը, եւ որտեղ երազը ամուր զրահի է վերածվում։

Մեծն անգլիացի Շեքսպիրի նման՝ Լ.Ասլանյանը խեղկատակներ շատ է սիրում՝ համոզված լինելով, որ խեղկատակներն ամենաազատ մարդիկ են, քանի որ իրենք իրենց վերապահել են այլ մարդու խաղալու (դառնալու) իրավունքը։ Լ.Ասլանյանի կտավներից մեկում, օրինակ, փոքրամարմին, ծռմռված խեղկատակը հսկայական շեփոր է նվագում՝ ողողելով շրջապատը ինչ-որ վերերկրային մեղեդիով։ Եվ այդ պահին նա իրեն գեղեցիկ ու բարձրահասակ է տեսնում, քանի որ կարողանում է գտնել այն կետը, որը հաշտեցնում է կյանքն ու երազանքը, որը ուժ ու թեւեր է տալիս։ Նվագելու ժամանակ թզուկ-խեղկատակն իրեն պաշտպանված ու ամենազոր է զգում։

Կարծես նմանվելով Դանեմարքի իշխանին, որը ցանկանում էր պարփակվել ընկույզի կեղեւի մեջ ու իրեն անծայրածիր աշխարհի արքա համարել, կտավի վրայով սողում է խխունջը, որն իր տնակը բարձելով մեջքի վրա՝ առաջ է գնում եւ հուշում է. այս իմ հեքիաթային թաքստոցում են հավաքված իմ բոլոր գաղտնիքները, երազներն ու թռչող մտքերը։ Փոքր խխունջը հավերժ տան գաղափարի կրողն է, այն տան, որին մենք միշտ ձգտում ենք, բայց չենք գտնում, քանի որ հայացքներս գորշ թաղանթով ենք պատել։

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր նկարիչ փորձում է իր հերոսների միջոցով դիտողին ներքին մենախոսության մղել։ Եթե այդ զրույցը տեղի է ունենում, ես երջանիկ եմ ինձ զգում»,- ասում է Լեւոնը։

Լեւոնը քաղաքականությունից բացարձակ հեռու մարդ է։ Նա ամեն կերպ փորձում է տգեղ կյանքից հեռու լինել, էլ ուր մնաց՝ հետաքրքրվի քաղաքականությամբ։ Բայց նայելով նրա «Փոքր թագավորը» կտավին՝ հասկանում ես, որ քաղաքականությունը բոլորիս ենթագիտակցության մեջ է մտած։ Դա էլ է թատրոն, որտեղ թագավորը կարող է բաժան-բաժան անել իր մարմնի մասերն ու դրանք նորից փորձել հավաքել՝ արդյունքում վերածվելով խամաճիկի։

«Շատերն ինձ ասում են, որ իմ նկարները հայկական չեն, բայց ես հայ եմ, եւ ուրեմն ինչպես կարող եմ, ասենք, ուզբեկական արվեստ ստեղծել։ Համ էլ ո՞վ ասաց, որ հայի ինքնությունը պետք է անպայման տարազի կոնկրետ նախշի կամ նուռ պատկերելու մեջ երեւա, միգուցե «հայկական» ասելով՝ մենք պետք է վերաբերմունքը նկատի ունենանք։ Դրանք հարցեր են, որոնց պատասխանը ես չգիտեմ, եւ ճիշտն ասած՝ դրանց վրա ժամանակ ծախսելը անիմաստ եմ համարում։ Արդյոք հա՞յ էր աբստրակցիոնիստ Արշիլ Գորկին։ Եվ արդյո՞ք հայը միայն հայկական թեմայով կարող է իրեն ճանաչել։ Միգուցե մենք առաջին հերթին մեզ որպես մարդկության մի մասը պիտի ճանաչենք։ Ազգային նման հարցադրումները մեր առջեւ հիմա դնում ենք այնպես, ինչպես խեղդվողն է փրփուրներից բռնվում։ Այդ հարցերին շատ լուրջ ենք վերաբերվում, ամեն ինչ փորձելով հայկական ծագմամբ բացատրել։ Իսկ, օրինակ, հոլանդացիները կատակով ասում են, որ հոլանդերեն լեզուն նման է այն անգլերենին, որով փորձում է խոսել արբած գերմանացին։ Հոլանդացիներն իրենց ուժեղ են համարում եւ թույլ տալիս ինքնահեգնանքով արտահայտվել լեզվի մասին։ Ոչ թե սրբացնում ու վեհացնում են, այլ՝ հեգնում են։ Իսկ ինքնահեգնանքը միշտ էլ ուժի նշան է եղել»,- ասում է նա։

Ժամանակակից Հայաստանում նկարիչ լինելը եւ՛ տառապանք, եւ՛ ուրախություն է։ Վրձնի եւ կոմպոզիցիայի միջոցով ինքնադրսեւորվելու հնարավորությունը ինքնին շատ գեղեցիկ է, սակայն ինչպե՞ս կարելի է ապրել այդ մասնագիտությամբ՝ գրեթե ոչ ոք լավ չի պատկերացնում։ «Նկարելու ժամանակ պետք է անտեսես կյանքը։ Անկեղծ եմ ասում, այսօր, երբ 45 տարեկան եմ դառնում, ավելի շուտ կգերադասեի որեւէ խանութ, դեղատուն կամ առեւտրի կրպակ ունենալ, քան նկարչությանը հավատարիմ մնալ։ Երբ նկարում ես ու այդ նկարը վաճառելու եւ ստացված գումարով ապրելու միտքն է քեզ անընդհատ սղոցում, դու դատարկվում ես ու կարծես մի կեղտոտ խողովակի մեջ ես մտնում։ Ես ամեն կերպ փորձում եմ փախչել էս կյանքից իմ նկարների մեջ։ Վերցնում եմ կյանքի փոքր պոզիտիվ դրվագները, զտում եմ մեջս ու նկարում եմ: Նեգատիվը կյանքում այնքան շատ է, որ նկարչության մեջ դրան անդրադառնալն արդեն չափազանցություն կլինի: Չեմ ուզում իրական կեղտը արվեստ մտցնել»,- ասում է Լ.Ասլանյանը։

Եվ զարմանալի օրինաչափությամբ, որքան իրական կյանքը ավելի ագրեսիվ եւ կեղծիքով լի է դառնում, այնքան նրա նկարներն ավելի լուսավոր ու հուսադրող են դառնում։ Նկարչի ստեղծած աշխարհում թագավորները խոնարհվում են դերասանների առջեւ, քանի որ ցանկացած դերասան էլ գոնե որոշ ժամանակով կարող է թագավոր դառնալ։ Եվ իրական թագավորներն այդ մասին շատ լավ հիշում են։

Հ.Գ. Ժամանակին Միքելանջելոն կարող էր իրեն թույլ տալ Հռոմի պապի վրա գոռալ ու կոշիկ շպրտելով՝ ասել՝ ինձ մի՛ խանգարեք, ես նկարում եմ։ Եվ Հռոմի պապը, որը եկել էր իր պատվերի կատարման ժամկետները նկարչի հետ ճշտելու, հանգիստ դուռը փակել եւ դուրս է եկել, քանի որ արվեստ ստեղծող մարդը հեղինակություն է ունեցել։ Եվ հենց այդ կշռի կորուստը ցավալի հետեւանքներ է թողել մեր կյանքում։ Հիմա, նույնիսկ, եթե Միքելանջելոյի որակի նկարիչ հայտնվի, ապա նրան նման ազատ պահվածք ունենալու համար կպատժեն։