Սովորել, սովորել, սովորել…

02/09/2009

Այսօրվանից մեր թերթի յուրաքանչյուր հինգշաբթի օրվա համարում կներկայացնենք միջազգային կազմակերպությունների, այլ պետությունների կառավարությունների, օտարերկրյա բուհերի կողմից առաջարկվող բոլոր այն կրթական ծրագրերը, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն են տալիս տարբեր ձեւաչափերով (բարձրագույն կրթություն, վերապատրաստում, գիտական աստիճանի ստացում եւ այլն) ուսանել արտասահմանյան կրթօջախներում: Այս հրապարակումների նպատակն է՝ առաջին հերթին նման ծրագրերի մասին մեր երիտասարդների տեղեկացվածության բարձրացումը, քանի որ, որքան էլ տարօրինակ է, շատ տաղանդավոր երիտասարդներ ուղղակի տեղյակ չեն լինում արտերկրում կրթություն ստանալու կամ կրթությունը շարունակելու մրցութային ծրագրերի, դրամաշնորհների մասին: Բացի այդ, այս ոլորտում կան նաեւ որոշակի «խոհանոցային նրբերանգներ», այն իմաստով, որ բազմաթիվ նմանատիպ կրթական ծրագրեր անցնում են ներքին խողովակներով (Կրթության եւ գիտության, Մշակույթի նախարարություն, ԱԳՆ եւ այլն) եւ հասանելի են լինում միայն որոշակի` իրենց մերձավոր շրջանակի երիտասարդների համար: Ի դեպ, շնորհակալություն ենք հայտնում այս ոլորտում գործող կազմակերպություններին՝ մեր նախաձեռնությանն արձագանքելու եւ առաջիկայում կայանալիք մրցութային ծրագրերի մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Մեր էլեկտրոնային փոստով արդեն ստացել ենք բազմաթիվ կրթական ծրագրերի մասին հայտարարություններ, որոնք` կախված հայտերի ներկայացման ժամկետներից, կներկայացնենք առաջիկա հինգշաբթի օրերի մեր համարներում: Ի դեպ, յուրաքանչյուր ծրագրի հայտարարություն հրապարակվելու է մեկ, բացառիկ դեպքերում՝ երկու անգամ: Ուստի հետաքրքրվողներին խնդրում ենք ուշադիր լինել մրցույթին մասնակցելու համար հայտեր ներկայացնելու ժամկետների հարցում: Նշենք նաեւ, որ բոլոր ծրագրերին կարելի է ծանոթանալ նաեւ մեր կայքի Կրթություն խորագրում` www.168.am: