«…Իմ գնալ կամ չգնալն էական չէ… Մենք կարող ենք ֆուտբոլային հանդիպմանը գնալը չկապել Թուրքիայի հետ հարաբերությունների հետ»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե կմեկնի՞ նա Թուրքիա, թե՞ ոչ: «Պատկերացնենք առնվազն երկու տարբերակ: Ենթադրենք, որ մենք սառեցնում ենք Թուրքիայի հետ մեր բանակցությունները, եւ ես գնում եմ Թուրքիա` ֆուտբոլային խաղը դիտելու: Եվ երկրորդ տարբերակ. մենք շարունակում ենք բանակցությունները, սակայն ես չեմ գնում: Ո՞րն է առավել կարեւոր»,- նշել է Ս. Սարգսյանը: Արդյոք հակասություն չկա՞ ՀՀ նախագահի այս եւ որոշ ժամանակ առաջ հնչած այն հայտարարության մեջ, որտեղ նա ասում էր, թե Թուրքիա կգնա միայն այն դեպքում, երբ սահմանները բաց լինեն, կամ գտնվենք դրա նախաշեմին: Այսինքն` մի Ս.Սարգսյանը ասում է, որ կգնա, եթե սահմանները բաց լինեն, կամ դրա նախաշեմին լինենք, մյուս դեպքում` որ էական չէ` կգնա՞, թե՞ չի գնա: Այս հարցերին ի պատասխան՝ ԱԳՆ Տեղեկատվության եւ հասարակայnության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանն ընդամենը ասաց, որ ճիշտ չի լինի, եթե ԱԳՆ-ն պարզաբանի նախագահի ասածները: Նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, թե Ս. Սարգսյանի հայտարարության մեջ անհասկանալի բան չկա եւ, որ որպես պարզաբանում՝ ինքը ոչինչ չի կարող ավելացնել: Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի խոսքերով, իսկապես, ոչ մի նշանակություն չունի` Ս. Սարգսյանը կգնա՞ ֆուտբոլային խաղը դիտելու, թե՞ ոչ, քանի որ գնալ-չգնալը այս խնդրի ձեւական կողմն է: Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա, ըստ Ս. Սաֆարյանի, Թուրքիան իրականում ետքայլ է կատարել: «Կար համաձայնեցված գործողությունների ծրագիր, եւ ֆուտբոլային հանդիպումները ընդամենը նպատակ ունեին ապահովելու այդ համաձայնությունների կատարման ձեւական կողմը: Բայց թուրքական կողմը, ինչպես Պիտեր Սեմնեբին նշեց, տակտիկական ետքայլ է կատարել, կամ ինչպես հայ կոնգրեսականներն են իրենց նամակում նշել` հրաժարվում է գործողությունների ծրագիրը կատարելուց, այսինքն` բովանդակային կողմից` միաժամանակ ակնկալելով, որ ՀՀ նախագահը կգնա պատասխան հանդիպումը դիտելու: Այսինքն` Թուրքիան, որպեսզի կարողանա միջազգային հանրությանը որեւէ կերպ ներկայանալ, պնդում է ձեւական կողմի շարունակման վրա, այնինչ բովանդակային կողմից հրաժարվել է: Հետեւաբար հայկական կողմից ոչինչ չէր մնում` բացի պնդելուց, որ ձեւական կողմը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ կա հարաբերությունների նորմալացմանն ուղղված իրական քայլ,- նշեց Ս. Սաֆարյանը` ավելացնելով,- Կարեւոր է, որ գնա, եւ բովանդակության մեջ առաջընթաց չլինի՞, թե՞ կարեւորն այն է, որ չգնա, բայց բովանդակության մեջ առաջընթաց լինի: Իհարկե, եթե սառեցվելու են հարաբերությունները, բայց գնալու է ֆուտբոլ դիտելու, դա ոչինչ չի տալու Հայաստանին: Իսկ եթե չի գնալու, բայց հարաբերությունները նորմալանալու են, սա ավելի նպատակահարմար է»,- եզրափակեց Ս. Սաֆարյանը: Իսկ ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող են նշանակել Ս. Սարգսյանի նշած այդ «առնվազն երկու տարբերակները», ասաց, որ ինքը Ս. Սարգսյանի ասածները մեկնաբանելու կարիք չունի: «Եթե հասկանայինք` ինչ է ասում, ընդդիմություն չէինք լինի»,- նշեց նա: Մի հարցում, սակայն, Վ. Կարապետյանը համաձայն է Ս. Սարգսյանի հետ:
«Համաձայն ենք, որ իր գնալ կամ չգնալը միեւնույն արդյունքն է տալու, որովհետեւ այնպես է փչացրել հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը, եւ այնպիսի սխալներ են թույլ տրվել Ս. Սարգսյանի գլխավորած վարչակազմի կողմից հայ-թուրքական հարաբերություններում, որ այցը որեւէ նշանակություն չի ունենա»,- ասաց Վ. Կարապետյանը: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ նշեց, որ նախագահի ասածներում հակասություն կլինի, եթե «պատկերացնենք հանկարծ, որ ինքը գնա, բայց բանակցությունները սառեցվեն»: «Դա լրիվ կհակասի իր` մինչ այդ ասածին»,- ասաց Կ. Մանոյանը: Բացի այդ, ըստ նրա, «նախաշեմին ասածը բավական առաձգական կարող է լինել, եւ միշտ էլ կարող ենք նախաշեմին գտնվել»: «Բայց որ պայմանավորվածությունները Թուրքիան փաստորեն չի կատարում, դա ինքնին բավարար հիմք է, որ Հայաստանը հայտարարի, որ Թուրքիան տապալել է այս բանակցությունները եւ վերջ: Ու այդ պատճառով էլ գնալը անիմաստ կլինի»,- հավելեց Կ. Մանոյանը: Հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը նույնպես կարծում է, որ Ս. Սարգսյանի ասածներում հակասություն չկա: «Խնդիրը հետեւյալն է` այդ բանակցությունները, որոնք սկսվել են առանց նախապայմանների, իրենց մեջ պարունակում են նաեւ շարունակականություն թուրքական կողմից: Եվ քանի որ թուրքական կողմը պայմանավորվածությունները չի կատարել, նախագահի երկու հայտարարությունները միմյանց ոչ թե հակասում, այլ լրացնում են»,- նշեց Կ. Ավագյանը: «Ինձ հետ աշխատող վերլուծական խումբը, որը ուսումնասիրում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարի խնդիրը, մոտավորապես նույն տեսակետին է, եւ մենք համակարծիք ենք հանրապետության նախագահի հետ: Խնդիրը բանակցությունները Թուրքիայի հետ շարունակելն է` առանց նախապայմանների: Բայց Թուրքիան կապում է ՀՀ-ի հետ հարաբերությունների նորմալացման խնդիրը ԼՂ հարցում, այսպես կոչված, առաջընթացի հետ: Կարծում եմ՝ այդ տեսակետը մոտակա ժամանակներում Թուրքիայի կողմից չի փոխվելու, ուստի բանակցությունները պետք է շարունակվեն: Իսկ կգնա նախագահը ֆուտբոլային հանդիպման, թե ոչ, կարծում եմ՝ այնպես է, ինչպես ինքը ասել է»,- սա էլ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի տեսակետն էր: