Երեկ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նամակին ի պատասխան: Հիշեցնենք, որ Ս. Նիկոյանը օգոստոսի 29-ին ՀԱԿ-ին նամակ է ուղարկել` խնդրելով ներկայացուցիչ նշանակել` Փաստահավաք խմբի երկու անդամների կողմից կազմված վերջին զեկույցի քննարկմանը մասնակցելու համար: ՀԱԿ-ը, սակայն, իր հայտարարության մեջ նշել է, թե հարցի առթիվ իրենք ինչ տեղեկություններ հայթայթել են, ներկայացրել է պատկան մարմնին` Փաստահավաք խմբին` այդ տեղեկությունների ստույգությունը ճշտելու ակնկալիքով: «Մենք ի սկզբանե չենք ճանաչել խորհրդարանական հանձնաժողովի իրավասությունը, բացի այդ` լրացուցիչ տեղեկություններ չունենալով, Կոնգրեսն անհարկի է համարում իր ներկայացուցչի ներկայությունը խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ տեղեկությունների հավաստիությունը ճշտելը հանձնաժողովի պարտականությունն է: ՀԱԿ-ի կարծիքով` Մարտի 1-ի իրադարձությունների անկողմնակալ գնահատման միակ ձեւը Փաստահավաք խմբի վերականգնումն է` միջազգային փորձագետների ընդգրկմամբ»,- ասված է հայտարարության մեջ: