71-ամյա Հրանտ պապը յուրօրինակ աշխատանքով է վաստակում իր օրվա հացը:
Նուբարաշենի խճուղում գոյացած փոսերը ծածկում է հողով, որի համար անցնող
մեքենաների վարորդները նրան վարձատրում են 100 դրամով: Նրան վարձատրողները
հիմնականում հասարակ մեքենաների վարորդներն են: «Գեներալները,
չինովնիկները սուս արած որ անցնեն, լավ կըլնի: Ըլնում ա, որ կոպտում են ու
ասում՝ «մեզ պետք չի, մի լցրու»,- ասում է «շինարարը»: Սակայն վերջինս չի
ուզում ուրանալ. «Մեկ-մեկ պատահում է՝ ջիփերով մարդիկ էլ են փող տալիս»:
Աշխատելով առավոտվա ժամը 6-ից մինչեւ երեկոյան 9-ը, կիզիչ արեւի տակ
վաստակած աշխատավարձով պահում է իր «67 տարեկան կնոջը, 5 թոռներին եւ 3
հարսներին»: Տարեկան փչացնում է 2 բահ, իհարկե, եթե անիրավները չեն
գողանում գործիքները: Մինչ Հրանտ պապը խճուղու փոսերը «կվերանորոգի» 100
դրամով, Նուբարաշենի թաղապետարանում ծրագրում են մոտ ժամանակներում
ասֆալտապատել խճուղին: Համենայն դեպս, մեզ այդպես տեղեկացրեց Նուբարաշենի
թաղապետը: Իսկ այդ ընթացքում վարպետ Հրանտը կանի իր գործը եւ երանի կտա
Աստծուն, որ անձրեւներ չտեղան ու չփչացնեն իր կարկատած ճանապարհի
տեսքը: