«Հայաստանում հասարակությունը նայում է վերեւ, ինչպես ժամանակին կոմկուսի քարտուղարին»

31/08/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Ձեր ղեկավարած ճեմարանը Լիբանանի ամենամեծ ճեմարանն է: Ինչպիսի՞ տարեգրություն այն ունի:

– 1928թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախության տասնամյակի առիթով Կահիրեում հիմնվեց համազգային հայ մշակութային եւ կրթական ընկերությունը: Այդ ընկերության նպատակն էր կրթության եւ մշակույթի միջոցով վերակազմակերպել սփյուռքահայությունը, երիտասարդությանն օժանդակել եւ հենց երիտասարդության միջոցով պատրաստել մտավորականներ, որոնք դեռեւս նոր կազմավորված Սփյուռքում կկարողանային ստանձնել ղեկավարություն: Այդ տարիներին էլ պարզ դարձավ, որ Սփյուռքն այլեւս մնայուն երեւույթ է: Դա է պատճառը, որ անհրաժեշտություն առաջացավ մտավորականություն ստեղծելու, հայոց գիրն ու գրականությունը պահպանելու համար: Եվ հենց այդ ժամանակ Կահիրեում հավաքվել էին Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանյանը, Լեւոն Շանթը, որը Առաջին Հանրապետության ժամանակ խորհրդարանի փոխնախագահն էր, Նիկոլ Աղբալյանը` Լուսավորության նախարարության նախարարը (այն ժամանակ Լուսավորության նախարարությունն իր մեջ ընդգրկում էր թե՛ կրթությունը, թե՛ մշակույթը), Գասպարի Բեկյանը, որը թեեւ պետական պաշտոններ չուներ, բայց Հայաստանի թատերական ասպարեզում ծանոթ անուն էր: Եվ հենց նրանք էին, ովքեր իրենց առջեւ գլխավոր խնդիր էին դրել Մերձավոր Արեւելքում դպրոց բացել: Փնտրտուքներից հետո նրանք ընտրեցին Լիբանանը, քանի որ այնտեղ նախ՝ սփյուռքահայության թիվն էր մեծ, եւ երկրորդ՝ համայնքային դրություն գոյություն ուներ, որը նպաստում էր ուսման ազատ զարգացմանը: 1930թ. մարտին վարձակալած շենքում 27 աշակերտներով բացվեց Համազգայինի Հայ ճեմարանը: Սկզբնական շրջանում դպրոցն ուներ միայն միջնակարգ բաժին, այնուհետ ավելացավ նաեւ նախակրթական բաժինը: Մինչեւ 1950թթ. ճեմարանը գործում էր վարձակալած տարբեր շենքերում: Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դպրոցի տնօրենն ու ուսուցիչները կնքեցին համաձայնագիր, ըստ որի` իրենք աշխատելու էին հասարակական հիմունքներով: Բայց արդեն 1950թ. եգիպտահայ գործարար Նշան Փալանջյանի ժառանգությունը ստացած երկու քույրերը ճեմարանին են նվիրում 20.000 անգլիական ոսկի: Այդ գումարով եւ հետագայում Լեւոն Շանթի` Ամերիկայից բերած հանգանակությամբ կառուցվեց ճեմարանի շենքը: Իսկ շենքի բացմանը ներկա էին Լիբանանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը: Նշան Փալանջյանի անունը այսօր էլ պահպանվում է: Սակայն 1980-ական թթ. դպրոցը սկսեց մեծանալ, բաժիններ ավելացան, աշակերտների թիվը գերազանցում էր հազարը: 1975թ. էլ սկսում է լիբանանյան քաղաքացիական երկարատեւ պատերազմը:

– Դպրոցը տուժե՞ց պատերազմի ընթացքում:

– Դպրոցի շենքերը ռմբակոծվեցին: Ռազմական գործողությունների պատճառով սահմանները փակվել էին, եւ աշակերտների դպրոց գալը դժվար էր: Դասաժամերն անցկացվում էին թաքստոցներում: Աշակերտների թվի վայրիվերումներ կային` մեկ 500-ի էր հասնում, մեկ` 800-ի: Հենց այդ ժամանակ էլ դասերն ամբողջացրեցինք ամռանը` ամառը անհամեմատ հանգիստ էր: Ուսուցիչներից շատերն անգամ այնտեղ էին գիշերում: Այդ տարիներին շատ զոհեր եղան: 1986թ. արեւելյան մասում գտնվող բաժինը տեղափոխվեց նորակառույց շենք, որտեղ էլ հետագայում ընդգրկվեց ամբողջ ճեմարանը: Դա մի հսկայական տարածք է: Ճեմարանի գլխավոր հովանավորները դարձան Մելանքթոն եւ Հայկ Արսլանյանները: Նախ Մելանքթոնը ճեմարանին նվիրաբերեց 900.000 դոլար, իսկ նրա մահից հետո նրա եղբայրը շարունակեց այդ հովանավորչությունը:

– Իսկ ինչպիսի՞ն է կրթության մակարդակը Լիբանանում:

– Լիբանանում կրթության գործի համար հիմք են ընտրել սրանից 200-250 տարի առաջ քրիստոնեական զանազան միսիոներական կազմակերպություններ եւ միաբանությունները: Դրանք բոլորն էլ իրենց չափորոշիչներով եկել էին դպրոցներ հիմնադրելու համար, ընդ որում` դպրոցները հիմնված էին ֆրանսիական չափորոշիչների վրա: Այդ երեւույթը շեշտված է նաեւ այն գործոնով, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լիբանանը մտավ քաղաքական հոգածության տակ: Ֆրանսիացիներն էին, ովքեր Լիբանանը անկախության պատրաստելու պարտականություն ստանձնեցին: Եվ փաստորեն, նրանք երկիրը տնօրինեցին մինչեւ անկախություն, այսինքն` 1917-18թթ.-ից մինչ 1947թ.: Թեպետ Լիբանանի Հանրապետություն գոյություն ուներ` կար նախագահ, վարչապետ, բայց դա միայն դե ֆակտո էր: Ամբողջ երկիրը ղեկավարում էին ֆրանսիացիները: Եվ նրանք Լիբանանում հիմք դրեցին ֆրանսիական կրթական համակարգին: Իսկ ֆրանսիական կրթական արտադրությունը աշխարհում լավագույններից մեկն է, որը նաեւ ռուսական եւ անգլիական կրթական համակարգերի հիմքն է:

– Ինչո՞վ է լավը:

– Ֆրանսիական կրթական համակարգի կարեւորագույն մեթոդներից մեկն այն է, որ ավելի շատ կարեւորություն է տրվում քննական, տրամաբանական մտքին, քան չոր գիտական տեղեկատվությանը: Որպեսզի հասկանալի լինի, բերեմ մեկ օրինակ` պատմության քննությունը: Քննական տոմսի հարցերից մեկն է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Աշակերտին տալիս են թվական մի շարք տվյալներ, փաստաթղթեր: Այս ամենը աշակերտին տրամադրելուց հետո ասվում է, որ նա վերլուծի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի դրությունը: Այստեղ ոչ թե կարեւորը թվական տվյալներն են, այլ այն, թե աշակերտը որքանով կկարողանա ագուցել այդ բոլոր փաստերը, տեսակետ հայտնել: Դա է պատճառը, որ համալսարան գնալու ժամանակ աշակերտին այս մեթոդն ավելի շատ է օգնում: Սակայն լիբանանցիները այս խստությունից փոքր-ինչ իջել են, որովհետեւ Լիբանանում ֆրանսիական-պետական քննությունները դեռեւս կազմակերպվում են, եւ աշակերտները, բացի պետական քննություններից, պարտավոր են ներկայանալ նաեւ ֆրանսիական քննություններին: Իսկ ֆրանսիական քննությունների ժամանակ պարտադիր է նաեւ ֆրանսերեն լեզվից քննությունը:

– Իսկ ծանո՞թ եք Հայաստանի կրթական համակարգին:

– 1991-92թթ. մինչեւ 1994թ. ես ինքս դասավանդել եմ Երեւանի Խրիմյան Հայրիկի անունը կրող դպրոցում: Քանի որ դպրոցն ուներ հայագիտական նշանակություն, մենք հովանավորեցինք այն: Իսկ դասավանդում էի հայոց լեզու եւ հայ քաղաքացիական պատմություն: Օրինակ, այն, թե ի՞նչ է ազգը, ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է պետությունը, հայ եկեղեցին, հայկական բարեգործական միությունները, կազմակերպությունները, իսկ վերջում փոքր-ինչ նաեւ Հայ Դատի պատմության մասին:

– Կարծես թե հետո հիասթափված հեռացաք, այո՞:

– Այո: Հայաստանը հումանիտար առարկաներով ցածր որակ չի ունեցել, բայց Հայաստանը միշտ բարձր որակ է ունեցել գիտական առարկաներից: Դրանք կարծես փնտրված տարրեր էին: Դժբախտաբար, 1960-ականներից սկսած սնկի պես սկսում են բազմանալ ռուսական դպրոցները: Հայերենը եւ ընդհանրապես հայագիտական առարկաները դառնում են լուսավորված փոքրամասնության ազգային բուռն տրամադրությունների սեփականությունը: Մեծամասնությունն իրենց զավակներին ուղարկում էր ռուսական դպրոցներ, որովհետեւ համոզված էին, որ միայն այդ միջոցով կարող են բարձր դիրքեր գրավել: Եվ այդքանից հետո հայերենի ուսուցման համար արդեն չկային կադրեր, որոնք խորությամբ կարող էին հայերեն դասավանդել: Կար հայերենի տարրական մակարդակ: Իհարկե, ես գիտեմ, որ աշակերտները միշտ էլ հայերեն են սովորել, բայց կան հայերենի տարբեր մակարդակներ: 4-5 տարվա ընթացքում 10 հեղինա՞կ կանցնեն, թե՞ 50: Հիշում եմ` Խրիմյան Հայրիկի դպրոցում փորձում էինք ամբողջացնել հայ գրականության դասավանդումը` նկատելով, որ արեւմտահայ գրողներին քիչ են անդրադառնում: Մենք առաջարկեցինք ուսուցչուհուն, բայց վերջինս մերժեց, ասաց, որ ինքը ի վիճակի չի դրանք դասավանդելու, քանի այդ հեղինակներին չի ուսումնասիրել: Դա նշանակում է այն, որ մեր հայագիտական գիտելիքները շատ թերի են:

– Այսինքն` այսօր մենք գրագե՞տ ուսուցիչների խնդիր ունենք:

– Ոչ թե գրագետ, այլ համապարփակ գիտելիքների զարգացում ունեցող ուսուցիչների, ովքեր ծրագրային յուրաքանչյուր փոփոխության դեպքում պետք է պատրաստ լինեն դասավանդման: Այդ ուսուցիչներին վերապատրաստելու համար պետք է հատուկ աշխատանքներ տարվեն, որոնք այսօր չեն տարվում: Այսպես ասած` դպրոցը լցնում են կիսապատրաստված ուսուցիչներով: Նրանց էլ, բնականաբար, չի հաջողվում աշակերտներ պատրաստել: Եվ քանի որ նրանց մոտ չի հաջողվում, աշակերտների մեծ մասը գնում է կրկնուսույցների մոտ: Իսկ քննություններն էլ արտաքին ճնշումների եւ Ամերիկայից փչող հովերի ազդեցության տակ դարձրել են թեստային, այսինքն` տրամաբանությունը, վերլուծումը, մտքի մտածողության կազմավորումը հանել են: Դրա փոխարեն՝ շատ հեշտությամբ տարբեր հանրագիտարաններում կարելի է գտնել այդ թեստերի պատասխանները:

– Ձեր նշած վերապատրաստումը ուսուցիչների շրջանում պարբերաբար կատարվում է, բայց կարծես արդյունքը անտեսանելի է մնում: Գուցե պատճառը նաեւ այն է, որ անգրագետ ու մեծահարուստ չինովնիկների կերպարները խոր ազդեցություն ունեն աշակերտների շրջանում, եւ վերջիններս էլ երազում են լինել անգրագետ, բայց` հարուստ:

– Ես այդ մասին հաճախ եմ լսում հայաստանցի իմ բարեկամներից: Եվ միշտ էլ նրանց պատասխանում եմ, որ այդ ղեկավարներին իրենք են ընտրել: Մի բուռ դրամով գնում են ու քվեարկում ազգային նկարագիր չունեցող մարդկանց օգտին: Եվ այդ մարդկանց իրենց գլխին նշանակում են որպես նախարարներ, վարչապետ, քաղաքապետ եւ այլն: Սա նաեւ գալիս է այն մտածողությունից, որ Հայաստանի հասարակությունը կրում է 70 տարիների կարծրատիպերը, որոնք քաղաքացիական գիտակցությունից զուրկ են: Այսօր պետք է նաեւ մեծ ուշադրություն դարձնել աշակերտների քաղաքացիական կրթությանը: Մարդիկ վերեւ են նայում, ինչպես ժամանակին Կոմկուսի բյուրոյի քարտուղարին, որը շատ եռանդուն անձնավորություն էր լինում: Այսօր այդ եռանդուն անձնավորությունը հանրապետության նախագա՞հն է: Ամեն ինչ հենց իրենից են սպասում: Դժբախտությունն այն է, որ մեր քաղաքական վերնախավի մեջ այդ կացությունը սրբագրելու փոխարեն, ամեն ինչ անում են այդ հոգեբանությունը շահագործելու համար: Դա է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակություն չի կարող ձեւավորել:

– Փաստորեն մենք ապրում ենք անգիտակից քաղաքացիակա՞ն կացության մեջ:

– Այսօր Հայաստանի հասարակությունը քաղաքացիական գիտակցության ճգնաժամի մեջ է: Քաղաքացիական գիտակցությունը ենթադրում է, որ քաղաքացին ազգի, հայրենիքի շահերից ելնելով, դրանք իր սեփական շահերի հետ համեմատելով` կարողանա քաղաքական ղեկավարության աշխատանքը դատել: