Հայաստանում ՀՆԱ անկման ցուցանիշերը սկսում են նվազել, չնայած ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` տնտեսության անկումն այս տարվա առաջին 7 ամիսների կտրվածքով կազմել է արդեն 18.5 %: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Ա. Վարուդակիսի գնահատմամբ` այս տարեվերջին Հայաստանում տնտեսական անկումը կլինի ներկայիս մակարդակից ավելի բարվոք` տատանվելով 12-14 տոկոսի սահմաններում` հիմքում ունենալով, մասնավորապես, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ընդհանուր տնտեսական իրավիճակի բարելավումը, բազային ապրանքների, այդ թվում` պղնձի ու մոլիբդենի գների աճը: Գնաճը, որը ներկայում Հայաստանում բավականին ցածր է, ըստ նրա` տարեվերջին կլինի մոտ 6 տոկոս: Դիտարկմանը, թե Համաշխարհային բանկը Հայաստանի համար ավելի բարձր գնաճ է կանխատեսում, քան ՀՀ կառավարությունն ու Ֆինանսների նախարարությունը, Ա. Վարուդակիսը պատասխանել է, որ տնտեսության կայունացման պարագայում ազգային արժույթի արժեզրկման միտումներն ավելի բարձր գների տեսքով կարտահայտվեն, ինչին կավելանա նաեւ էներգակիրների եւ նավթի գների աճը: