Երբ մի քանի տարի առաջ փողոցում պատահաբար հանդիպեցի դասղեկիս` Երեւանի Նիկոլ Աղբալյանի, իսկ ժամանակին` Կրուպսկայայի անվան դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Էմմա Խանզրադյանին, նրան եւ մեր մյուս արժանավոր ուսուցիչներին արդեն աշխատանքից ազատել էին: Տիկին Խանզրադյանն ասաց այդ մասին ու լռեց. իր աշակերտի մոտ այնքան անհարմար էր զգում շարունակել, որ դպրոցի նոր տնօրենը այլեւս հարմար չի գտել իր մնալը դպրոցում:
Սեպտեմբերի մեկին դպրոց` որպես ուսուցիչներ, մտնում են արդեն լրիվ ուրիշ մարդիկ` գիտելիքների անհամեմատ թեթեւ պաշարով, հարուստ եւ գունեղ արտաքինով, պատրաստ զանազան կոմպրոմիսների: Այսօր, երբ արդեն դպրոց են գնում մեր երեխաները, երիտասարդ ուսուցչուհիների, տնօրենների հետ շփումը թույլ է տալիս ափսոսել, որ ժամանակին օպտիմալացման անվան տակ այդպես մեխանիկորեն եւ առանց երկար մտածելու դպրոցից ազատեցին գրագետ, կյանքի փորձ ունեցող, պարզ ու անպաճույճ արտաքինով ուսուցիչներին միայն այն հիմնավորմամբ, որ երիտասարդ չեն: Այսօր սեպտեմբերի մեկն է, ուսումնական նոր տարվա սկիզբը: Եվ չարձանագրել այն, ինչ կատարվում է մեր կրթական համակարգում, չենք կարող:
«Դաս» եւ «ուսուցիչ» բառերի իրական բովանդակությունը մեր օրերում արդեն անհայտ է: Ուսուցիչ էին Սոկրատեսը, Արիստոտելը, Պլատոնը, Մեսրոպ Մաշտոցը, Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը: Իսկ նրանց աշակերտների համար դաս էր այն ամենը, ինչ կապված էր իրենց ուսուցիչների հետ. նրանց շուրթերից դուրս եկած ամեն բառը, նրանց մտքերը, աշխարհի նրանց ընկալումը, վարքը: «Ուսուցիչ» էին ասում Հիսուս Քրիստոսին նրա աշակերտները: «Ուսուցիչ» էր անվանում Վարպետին Անապաստանը: Ահռելի իմաստ պարունակող այդ բառը, հասնելով մեր օրեր, նեղացավ` դառնալով «դասատու» կամ կրկնուսույց:
Այն ժամանակ, երբ դպրոցը դադարեցրեց իր հիմնական ֆունկցիան` կրթել, դաստիարակել աշակերտին, քանի որ աշակերտներին կրթելու եւ դաստիարակելու կոչված ուսուցիչներն իրենք պետք է լինեին կիրթ ու դաստիարակված, ամեն բան խառնվեց:
Իմաստնությունը, գրագիտությունը այսօր ուսուցիչ աշխատելու համար ամենեւին ցանկալի պայմաններ չեն: Մենք՝ հայերս, այն կարծիքին ենք, որ նախ` դպրոցի տնօրենի պաշտոնը պաշտոնյաների կանանց եւ նրանց ֆավորիտուհիների միակ հարմար տեղն է, եւ, առհասարակ, դպրոցը երիտասարդ կանանց համար լավագույն աշխատանքային վայրն է. շատ ժամանակ չի խլում, կանայք տանից դուրս են գալիս: Կարճ ասած` զբաղվում են: Եվ երբ սերունդի կամ ժամանակի արագ ընթացքի վրա են բարդում այն, որ աշակերտները տգետ են, գիրք կարդալ չեն սիրում, արժե հասկանալ, թե ինչ կարգի դպրոց են հաճախում, եւ ուսուցիչների ինչ «պլեադա» է այսօր տոն տալիս հանրակրթական դպրոցներում:
Պետությունն` ամենաբարձր մակարդակով եւ պաշտոնապես նախընտրեց քանդել կրթական համակարգը: Ընտրությունից ընտրություն դպրոցի տնօրեններն ու ուսուցիչներն ավելի ու ավելի ոգեւորված են մասնակցում ընտրական պրոցեսին, ավելի անկաշկանդ են պատրաստ գնալ ամեն կարգի կեղծիքների: Ընդ որում, աշակերտների ներկայությունը եւ այն «դասը», որ իրենց վարքով տալիս են աշակերտներին, սույն կանանց ամենեւին չի կաշկանդում: Ի դեպ, պետությունը ներգրավել է նաեւ մանկապարտեզների դաստիարակներին: Արդեն անդրադարձել ենք, որ նախընտրական ամփոփիչ հանրահավաքին Սերժ Սարգսյանին լսելու նպատակով Հանրապետության հրապարակ էին քշվել բոլոր մանկապարտեզների եւ դպրոցների ուսուցիչներն ու դաստիարակները: Եվ չէր գտնվել հրապարակայնորեն իր անհամաձայնությունը հայտնող մի ուսուցիչ, ով կբոյկոտեր այդ նվաստացուցիչ միջոցառումը: Կրթարանները համալրվել են հիմնականում երիտասարդ, քաղքենի եւ ոչ գրագետ կադրերով: Փոխարենը, դպրոցի տնօրենները խիստ ճարպիկ են, կարողանում են իրենց քաղաքական հայացքները հարմարեցնել գործող իշխանությունների, թաղապետերի, քաղաքապետերի քաղաքական ճաշակին: Ամենավառ օրինակը թերեւս Չեխովի անվան դպրոցի տնօրինուհու պրոֆեսիոնալ վերելքի ճանապարհն է: Օրը ցերեկով նա դպրոցի ծնողներին հորդորում էր քաղաքապետ ընտրել Գագիկ Բեգլարյանին: Դրա համար չպատժվեց: Նրա վարքն, ի դեպ, վատը շուտ ընկալող աշակերտների համար կարող է վարակիչ լինել. ընտրության առաջ կանգնելիս` քծնել թե չքծնել, չարաշահել սեփական դիրքը թե ոչ, կընտրեն առաջին տարբերակը:
Ժամանակակից ուսուցիչները ծնողներին ստիպում են իրենց լրացուցիչ վճարել` աշակերտների հետ որպես կրկնուսույց պարապելու համար: Անգամ առաջին դասարանի երեխաները գնում են իրենց ուսուցիչների տուն` առաջին դասարանի «բարդագույն» ծրագիրը յուրացնելու նպատակով: Մայրաքաղաքի կենտրոնական դպրոցներում սա պարտադիր պայման է: Նվերները, որոնց մասին դեմքը թթվեցնելով եւ այնքան արգահատանքով խոսում են ուսուցիչները, իբր` իրենց համար լավագույն նվերն աշակերտի բարձր գնահատականները, իսկ ծայրահեղ դեպքում մեկ փունջ վարդը, պարտադիր ատրիբուտն են ծնող-ուսուցիչ հարաբերության:
Երբ մեր ռուսաց լեզվի ուսուցչուհուն` Մերի Հակոբովնային, մեկ փունջ վարդ նվիրեցինք, նա այնքան հուզվեց, որ փունջը գրկին` անգիր արտասանեց Տուրգենեւի «Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը» արձակ բանաստեղծությունը, ասաց, որ այդ ծաղիկներն իրեն հիշեցնում են Գլինկայի ռոմանսներից մեկը: Բոլորս այնքան մեզ պարտավորված զգացինք ինչ-որ տեղից գտնել այդ ռոմանսն ու լսել: Այդպիսին էին տարիքով եւ դպրոցից վտարված ուսուցչուհիները` նրանք անգամ մեկ փունջ վարդն այնքան գեղեցիկ էին ընդունում: Հիմա ուսուցչուհիները թաղապետերի, քաղաքապետերի, տարբեր չինովնիկների հետ նախընտրական ճաշկերույթներին ռեստորաններում պարում են ռաբիս, ինչու չէ` նաեւ «Պատրոնդաշ»-ի երաժշտության տակ, Գլինկա չեն լսում եւ անգիր չգիտեն «Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը»գ
Հ.Գ. Գործընկերներիցս մեկը պատմում էր, որ այն դպրոցում, ուր սովորում է իր երեխան (իսկ դա քաղաքի կենտրոնական դպրոցներից մեկն է), դպրոցի տնօրենը Հովհաննես Թումանյանին համարում է «գեղացի» եւ վստահ է, որ նրա ստեղծագործություններն արժեք չունեն: Այդ տիկնոջը, կրկնենք, վստահված է մայրաքաղաքի կենտրոնական դպրոցներից մեկը,,,