«Բանդիտական Հայաստան»

31/08/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Փորձագետները դեռ անցած տարվա վերջից էին զգուշացնում, որ տնտեսական ճգնաժամը հանգեցնելու է հանցագործությունների քանակի աճին։ Չնայած, այդ պարզ իրողությունը հասկանալու համար ամենեւին էլ հարկավոր չէ փորձագետ լինել։ Տնտեսական ճգնաժամը, նրա հետեւանքով առաջ եկած գործազրկությունը, եկամուտների նվազումը եւ այլ գործոններն անխուսափելիորեն հանգեցնում են հանցավորության աճին, մասնավորապես՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ավելացմանը։

2008թ. վերջին մեր իշխանությունները ճգնաժամին լուրջ չէին վերաբերվում, եւ հետեւաբար՝ անլուրջ էր վերաբերմունքը նաեւ հանցագործությունների քանակի աճման վտանգի նկատմամբ։ Սակայն այս տարվա առաջին 7 ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների քանակը մեզանում աճել է ավելի շատ, քան տնտեսական անկման ցուցանիշը։

Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակման համաձայն, 2009թ. հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է ընդհանուր առմամբ 8057 հանցագործություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանցագործությունների քանակը կազմում էր 4914։ Այսինքն՝ հանցագործությունների հավելաճը նախորդ տարվա առաջին 7 ամիսների համեմատ կազմել է 64%։ Սա աղետալի ցուցանիշ է, եթե նկատի ունենանք, որ 2008թ. հունվար-հուլիսին հանցագործությունների թիվը 2007-ի համեմատ նվազել էր 1.5%-ով։ Փաստորեն, կարելի է վստահ պնդել, որ մտահոգությունները իրականություն են դարձել. ճգնաժամը մեծապես ազդել է հանցագործությունների քանակի վրա։

Առավել մեծ չափով աճել են հատկապես սեփականության դեմ ուղղված եւ տնտեսական բնույթի հանցագործությունները։ Եթե 2008թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել էր սեփականության դեմ ուղղված 2073 հանցագործության դեպք, ապա այժմ դրանց թիվն աճել է 56.1%-ով՝ հասնելով 3237-ի։ Ընդ որում, դրանց առյուծի բաժինը՝ 2900-ը, վերաբերում է անձնական գույքի հափշտակությանը։ Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում արձանագրվել է կողոպուտի 121 դեպք, որը 11%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Գողությունների դեպքում պատկերն ավելի տխուր է. 2192 գողություն՝ 7 ամսվա ընթացքում (աճը 57%)։ Գողությունների թվում 24%-ով աճել են բնակարանային գողության դեպքերը։

Ինչպես եւ կարելի էր սպասել, ավելի շոշափելի է սեփականության դեմ ուղղված այն հանցագործությունների աճը, որոնք, այսպես ասած, պահանջում են «ստեղծագործական մոտեցումներ»։ Օրինակ՝ խարդախությունը։ Խարդախությունների քանակն աճել է 2.3 անգամ՝ կազմելով 424 դեպք։ Գրեթե նույնքան աճել են յուրացումների եւ վատնումների դեպքերը։ Իսկ պետական կամ հանրային ունեցվածքի դեպքում յուրացումների ու վատնումների թիվն ավելի մեծ չափով է աճել՝ մոտ 4 անգամ։

Սակայն տնտեսական հանցագործությունների մեջ ճգնաժամն ամենից շատ ոգեւորել է դրամանենգներին։ Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերի թիվն աճել է 4.5 անգամ։ Չնայած, սա կարելի է բացատրել թե՛ ճգնաժամի ազդեցությամբ, թե՛ բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ, որոնք նորանոր հնարավորություններ են ընձեռում փող «ստեղծելու» համար։

Նշենք նաեւ, որ սեփականության դեմ ուղղված եւ տնտեսական գործունեության դեմ կատարված հանցագործություններից բացի, աճել են նաեւ մարդու, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ Օրինակ, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքերն աճել են 2.6 անգամ (738 դեպք), իսկ խուլիգանության դեպքերն աճել են 1.5 անգամ (212 դեպք)։ Ընդհանուր առմամբ, անձի դեմ ուղղված հանցագործությունները աճել են 2.8 անգամ, իսկ հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 61%-ով։ Եթե տնտեսական հանցագործությունների աճը կարելի է բացատրել տնտեսական ճգնաժամով, ապա սրանց դեպքում գլխավոր պատճառը անպատժելիության մթնոլորտն է։

Եվս մի ուշագրավ փաստ հանցավորության վիճակագրությունից. նվազում արձանագրած փոքրաթիվ հանցատեսակներից մեկը, այսպես կոչված, «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելն» է։ ԱՎԾ հրապարակման համաձայն, նման դեպքերի թիվը այս տարվա հունվար-հուլիսին նվազել է 28.8%-ով։ Իսկ նախորդ տարվա տվյալներով, 2007-ի համեմատ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերն աճել էինգ 6.6 անգամ։ Իհարկե, պատճառը ոչ թե այն է, որ մեր քաղաքացիները այս 7 ամիսների ընթացքում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ լցվել են անհագուրդ սիրով, այլ՝ անցած տարվա ներքաղաքական իրադարձությունները։ Այլ կերպ ասած՝ 6.6 անգամյա աճը անցյալ տարի «ապահովել» են ընդդիմության ներկայացուցիչները։

Կարծում ենք՝ հետաքրքիր կլինի պատկերացում կազմել նաեւ հանցավորության միտումների մասին՝ ըստ մարզերի։ Եվ այսպես, բոլոր մարզերում անխտիր հանցագործությունների թվաքանակն աճել է։ Սակայն ամենից մեծ չափով՝ 91.6%-ով, հանցագործությունների թիվն աճել է Արմավիրում։ Երկրորդ տեղում Տավուշի մարզն է՝ 86.5%, երրորդում՝ Վայոց ձորը՝ 82.8%։ Հանցագործությունների թիվն ամենից քիչ չափով՝ 33.1%-ով, աճել է Կոտայքի մարզում։ Ինչ վերաբերում է Երեւանին, ապա մայրաքաղաքին բաժին է ընկնում գրանցված 8057 հանցագործությունների թվի կեսից ավելին՝ 4108 հանցագործություն։ Այսինքն, Երեւանում այս տարի ամեն օր կատարվել է միջինը 20 հանցագործություն (ըստ պաշտոնական տվյալների)։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ «բանդիտական Երեւանի» ակտիվությունն աճել է 66.1%-ով։