Հերթական «Որոգայթը»

29/08/2009

Թեեւ ի սկզբանե դժվար չէր ենթադրել, թե ինչպիսին է լինելու Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի` առաջիկայում հրապարակվելիք զեկույցը, սակայն վերջինիս երեկվա նիստից հետո ամեն ինչ ավելի պարզ է դարձել: Երեկ հրապարակվել են այն հիմնական շեշտադրումները, որոնցից բաղկացած է լինելու Սամվել Նիկոյանի գլխավորած կառույցի զեկույցը: Նախ հանձնաժողովը մեծ թվով հղումներ է արել 2008 թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ եվրոպական դիտորդական կառույցների զեկույցներին եւ ԵԽ ԽՎ բանաձեւերին, ինչպես նաեւ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին: Այսինքն, մի կողմից՝ հանձնաժողովը հաճոյացել է եվրոպական կառույցներին` միաժամանակ նրանց վրա բարդելով նաեւ 2008 թվականի Մարտի 1-ի պատասխանատվությունը (այն տրամաբանությամբ, որ եթե չլինեին դրական գնահատականները, Մարտի 1 չէր լինի), մյուս կողմից՝ փորձել է «անաչառության» պատրանք ստեղծել` ներկայացնելով Արմեն Հարությունյանի` ընդհանուր գնահատականներ պարունակող զեկույցի որոշ հատվածներ: Սակայն Ս. Նիկոյանի հանձնաժողովի զեկույցի ամենացնցող մասն այն է լինելու, որ դրա մի մեծ հատված նվիրվելու է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին, այն տրամաբանությամբ, թե իբր ծանր սոցիալական պայմաններն ու սոցիալական բեւեռացումը հանգեցրին մարտի 1-ի սպանդին: Իհարկե, նման զեկույցի հրապարակումից հետո Նիկոյանը կարող է արժանանալ որեւէ պետական շքանշանի` դրանից բխող «սոցիալ-տնտեսական» հետեւանքներով: Բայց դրանից Մարտի 1-ի նկատմամբ ոչ հասարակության վերաբերմունքը կփոխվի, ոչ էլ մարդիկ կմոռանան այն, ինչ գիտեին մինչեւ Ս. Նիկոյանի զեկույցի հրապարակումը: Այնպես որ, ավելի լավ կլիներ՝ Ս. Նիկոյանը իր գլխավորած հանձնաժողովի հետ որեւէ հեռուստասերիալի սցենար գրեր: Դա հաստատ ավելի իրատեսական կլիներ, քան մի քանի օր անց հրապարակվելիք զեկույցը: Գուցե` ֆինանսապես պակաս շահավետ: