Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն արդեն անցել է իր վերջնական զեկույցի հատվածները քննարկելու եւ համաձայնեցնելու փուլին: Հանձնաժողովի երեկվա նիստն ուշագրավ էր այն առումով, որ արդեն ներկայացվում էր վերջնական զեկույցի մի հատվածի մոտավոր բովանդակությունը: Այդ հատվածը պատրաստում են հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամներ Արամ Սաֆարյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:
Նախ բավական հետաքրքիր էր այն հանգամանքը, որ հանձնաժողովը որոշել է զեկույցի հիմքում դնել ՄԻ պաշտպանի 2008թ. արտահերթ զեկույցը, որը վերաբերում էր անցած տարվա նախագահական ընտրություններին ու հետընտրական զարգացումներին: Հիշեցնենք, որ Ա.Հարությունյանն իր զեկույցում բավականին խիստ գնահատական էր տվել իշխանությունների քայլերին եւ դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի կողմից արժանացել էր «իմ ամենաանհաջող կադրը» բնորոշմանը: Հանձնաժողովը հիմք է ընդունելու նաեւ ընտրությունների վերաբերյալ եվրոպական դիտորդական կառույցների զեկույցը, որի հիմնական իմաստն այն էր, որ նախագահական ընտրություններն անցել են հիմնականում եվրոպական չափանիշներին համապատասխան: Ավելի ուշ կարծիք ստեղծվեց, թե նաեւ այդ գնահատականը պատճառ դարձավ, որ իշխանությունները համարձակվեցին իրականացնել մարտյան դեպքերը: Եվ ահա հանձնաժողովը որոշել է իր զեկույցում հիմք ընդունել ավելի քան 1 տարի առաջ հրապարակված այս երկու զեկույցները: Ու ապավինելով այդ զեկույցների գնահատականներին` կարծես թե հանձնաժողովն այդպիսով իրեն ապահովագրել է սեփական գնահատականներ տալու ծանր բեռից: Այդպիսով նա փորձում է թե՛ իշխանությունների, եւ թե՛ ընդդիմության ու հասարակության մոտ անաչառության տպավորություն ստեղծել: Սակայն սա դեռ այդ երկու զեկույցներն օգտագործելու ամենակարեւոր պատճառը չէ: ԵԽ ԽՎ-ն իր վերջին` 1677 բանաձեւում Փաստահավաք խմբի լուծարումից հետո մարտյան իրադարձությունների անաչառ ու անկողմնակալ քննությունը պահանջում է Սամվել Նիկոյանի հանձնաժողովից: Դժվար է ասել, թե հատկապես ով է հուշել այդ միտքը, բայց եվրոպական դիտորդական կառույցների զեկույցը հիմք ընդունելով` հանձնաժողովը միանգամից երկու նպատակակետի է խփում: Նախ` այդ զեկույցի գնահատականներն օգտագործելով` փորձում է ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանում իր զեկույցի ու նաեւ ՀՀ իշխանությունների համար ապահովել դրական եզրակացություն: Չէ՞ որ Հայաստանը դեռ գտնվում է ԵԽ ԽՎ մոնիտորինգային ռեժիմի տակ: Բացի այդ, այդպիսով Հայաստանը կարծես թե եվրոպական կառույցներին հասկացնել է տալիս, որ հենց իրենք են դրական գնահատական տվել 2008-ի կեղծված ընտրություններին, եւ եթե դրանց արդյունքում ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել, ապա դա նաեւ նրանց մեղքն է: Երեկվա նիստից արդեն պարզ դարձավ, թե մոտավորապես ինչ բնույթ է կրելու ամբողջ զեկույցը: Նախ պարզ դարձավ, որ այնտեղ մեծ տեղ է տրվելու ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակին: Այսինքն՝ գնահատական է հնչելու, թե մեր երկրի սոցիալական բեւեռացումը պատճառ դարձավ, որ անցած տարվա ընտրություններից հետո առաջացավ ժողովրդական մեծ ընդվզում, որի արդյունքում էլ տեղի ունեցան մարտյան ողբերգական իրադարձությունները: Նաեւ հասկանալի դարձավ, որ զեկույցում պաշտպանվելու են իշխանության ներկայացուցիչների այն մեկնաբանությունները, թե «թաղապետարանների, հիվանդանոցների, կադաստրի եւ այլ հիմնարկների աշխատողներից դժգոհ մարդիկ հավաքվեցին Ազատության հրապարակում»: Այսինքն՝ այդպիսով պետք է եւս մեկ անգամ շեշտվի այն գաղափարը, որ մարդիկ հանրահավաքներին մասնակցում էին ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահ տեսնելու ցանկությամբ, այլ տարբեր չինովնիկներից դժգոհ լինելու պատճառով: Այդպիսով նաեւ հանձնաժողովը հող է նախապատրաստում իր առաջ դրված խնդիրներից մեկի` մարտյան «իրադարձությունների կրկնումը բացառող քաղաքական, իրավական եւ այլ լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման» համար: Հավանաբար այդ առաջարկությունների մի մեծ բաժին նվիրվելու է սոցիալ-տնտեսական ոլորտին: Եվ կարծես թե հանձնաժողովն՝ իր բուն նպատակը թողած, կառավարության ու տնտեսագետների հետ միասին զբաղված է ՀՀ սոցիալական խնդիրներով: Եվ այդքանից հետո զարմանալի չի լինի, եթե մարտյան իրադարձությունները քննող հանձնաժողովի զեկույցում հանկարծ հանդիպենք ֆինանսական ու տնտեսական ճգնաժամին վերաբերող վերլուծությունների ու գնահատականների: