«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունը պատրաստվում է դատարան դիմել Բնապահպանության նախարարության դեմ հայցով: Այդ մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը: «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության նպատակն է Հայաստանի Բնապահպանության նախարարությունից պահանջել այն մոտ 4 միլիարդ դրամ գումարը, որը պետական մարմինները գանձել են ընկերությունից»,- հայտարարել է Զոհրաբյանը:
Հայաստանի հարկային մարմինները որոշել են «Բջնիից» գանձել ավելի քան 4 միլիարդ դրամ` այն հիմնավորմամբ, որ 2005 թվականի ապրիլից գործարանում հաշվիչը տեղադրված ու կապարակնքված է եղել ոչ ճիշտ տեղում, ինչի արդյունքում այն չի հաշվել հոսած ջրի մի մասը:
2007 թվականի նոյեմբերին Հարկային պետական ծառայությունը ստուգում է իրականացրել եւ 2008 թվականի հունվարին ակտ կազմել, թե գետնից որքան ջուր է դուրս եկել ու չի գրանցվել հաշվիչում, որի դիմաց էլ ընկերությանը պահանջ է ներկայացվել` վճարել ավելի քան 4 միլիարդ դրամ: Սակայն ջրաչափի հաշվիչը կապարակնքել է Բնապահպանության նախարարության տեսուչը, ուստի, ինչպես ընդգծել է Արա Զոհրաբյանը, ստացվում է, որ ընկերությունը պատասխան է տալիս ոչ իր մեղքով արված սխալ կապարակնքման համար: «Հաստատված փաստ է, որ Բնապահպանության նախարարության տեսուչն է այդ հաշվիչը տեղադրել, եւ եթե Վարչական դատարանը գտել է, որ դա սխալ է տեղադրված, եւ այդ սխալի պատճառով ընկերությանը ահռելի մեծ գումարներ են առաջարկել, ընդ որում` գետը հոսած ջրի համար, դա նշանակում է, որ նույն պաշտոնատար անձին չպետք է վստահել եւ պաշտոնատար անձի համար պետք է պատասխանատվություն պահանջել նույն պետական մարմնից», – ասել է փաստաբանը: Ընդ որում, Արա Զոհրաբյանն ասում է, որ հաշվիչի կապարակնքվելուց հետո` 2005-2006 թվականներին, Բնապահպանության նախարարությունը ստուգումներ է անցկացրել եւ որեւէ խախտում չի հայտնաբերել: Բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ժամանակին իր գլխավորությամբ ստեղծվել է մասնագետների խումբ, որը ուսումնասիրություններ է անցկացրել 2006 թվականի փետրվարից մինչեւ 2007 թվականի դեկտեմբեր, եւ պարզվել է, որ տեղադրված ջրաչափով ընկերությունը կարող էր ավելի շատ ջուր վերցնել, քան իրեն թույլատրվում էր, ինչի առնչությամբ կազմվել է համապատասխան ակտ: Հարցին` բայց չէ՞ որ այդ հաշվիչը ի սկզբանե` 2005 թվականի ապրիլին, կապարակնքել է հենց Բնապահպանության նախարարության տեսուչը, ով դատարանում հաստատել է այդ փաստը, եւ մինչեւ 2006 թվականի փետրվար ստուգումներ են արվել, Արսեն Պետրոսյանը պատասխանել է. «Եթե նման փաստեր կան իրոք, որ կնքել է ապրիլին, ապա, եթե տեսուչը, որքանով է դա իրեն կնքածը թե ինչ` ինքը պետք է բացատրություններ տա, երեւի թե, այդ դատական գործով եթե գնում է` թող հարցնեն, իմանան, կպատասխանի երեւի»: