«Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է»,- ասում են բոլորը՝ իշխանության ներկայացուցիչները, ընդդիմադիր ու անկախ փորձագետները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնագետները։ Ասում են, եւ… շարունակում կանխատեսումներ անել։
Սկզբում ասում են, որ 2009թ. Հայաստանում տնտեսական անկումը կլինի զրոյական, հետո՝ 1-2%, հետո՝ 5%, հետո՝ 7-8%, հետո՝ 10-12%, եւ այսպես շարունակ։ Կանխատեսողներն իրենք այս գործընթացն անվանում են «ճշգրտում»։ Մեր իշխանությունները «ճշգրտում» բառը ուրույն ձեւով են ընկալում։ Եթե նախատեսված 5 միավորը ինչ-ինչ գործոնների ազդեցության տակ պետք է դառնա 5.5, կամ 6, 7, դա կարելի է ճշգրտում անվանել։ Սակայն, երբ զրոն դառնում է 5-6, էլ չենք ասում՝ 10-15, դա արդեն ոչ թե ճշգրտում է, այլ մոլորության խոստովանություն։
Սակայն էլ ի՜նչ պետական պաշտոնյա, եթե չի կարողանում իր կանխատեսումների տակից դուրս գալ։ Կարծեմ Չերչիլն է ասել՝ լավ քաղաքական գործիչը ոչ թե նա է, ով կանխատեսում է, թե ինչ է տեղի ունենալու, այլ նա, ով հետո բացատրում է, թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ։ Մերոնք տեղի չունեցածը՝ տվյալ դեպքում, կանխատեսվող 9%-անոց տնտեսական աճը, բացատրում են գլոբալ տնտեսական ճգնաժամով, որը սպասվածից ավելի վատ սցենարով ընթացավ։ Ավելին՝ փորձում են համոզել, որ իրենք այնքան էլ չեն սխալվել։ Օրինակ՝ ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հունվար-հուլիս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները ոչ մեկի համար անակնկալ չէին։ «Կանխատեսումներն ընդհանուր առմամբ գտնվում էին այն շրջանակներում, որոնք մենք քննարկում եւ կանխատեսում էին տարվա ընթացքում` հիմք ընդունելով ընդհանուր զարգացումները գլոբալ տնտեսության մեջ եւ այն դինամիկան, որը տեղի է ունենում երկրի տնտեսության մեջ»,- ասաց Տ. Դավթյանը։
Պարզվում է, անակնկալ չէր, որ Հայաստանն իր տնտեսական անկմամբ ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնելու է «պատվավոր» առաջին տեղը։ Կան երկրներ, որոնք անգամ տնտեսական աճ են արձանագրել ճգնաժամային պայմաններում, օրինակ Ուզբեկստանը եւ Ադրբեջանը։ Դրա բացատրությունը Տ. Դավթյանն ունի. Հայաստանը չուներ կուտակված ռեսուրսներ, ինչպես, օրինակ, Ռուսաստանն ու Ղազախստանը, որոնք կարող էին բյուջեի դեֆիցիտը ծածկել այդ ռեսուրսներով։ Իսկ մենք ստիպված ենք դժվարությունները հաղթահարել արտաքին աղբյուրներից ֆինանսավորում հայթայթելու միջոցով։ Այսինքն՝ Տ. Դավթյանի համոզմամբ, մենք այդ առումով ավելի խոցելի ենք։ Մինչդեռ միջազգային կազմակերպությունները՝ մեկը մյուսի հետեւից կրկնում էին, որ Հայաստանը ճգնաժամը դիմավորում է ուժեղ դիրքերից։ Խոցելի եւ ուժեղ՝ աննախադեպ համադրություն։
Ինչեւէ, նախարարը վստահ է, որ կառավարության հակաճգնաժամային քայլերը, մասնավորապես՝ խոշոր ֆինանսական ներարկումներն իրենց դրական ազդեցությունը կունենան։ «ԱՊՀ երկրներից մերձբալթյաններն ու Ուկրաինան շատ ավելի ծանր են տանում տնտեսական ճգնաժամի հետեւանքները, քան մենք: Եվ այդ ամենը՝ այն պատճառով, որ «մեր կառավարությունը ժամանակին է վերցրել վարկեր եւ դրանք ներարկել տնտեսության մեջ, արտոնյալ պայմաններ է ստեղծել արտահանողների, արտադրողների համար՝ անգամ բյուջեի եկամուտների կրճատման հաշվին»: Նախարարի լավատեսությունն ավելացնում են նաեւ այն նշանները, որոնք վկայում են համաշխարհային տնտեսության, առաջատար երկրների տնտեսական ռեցեսիայի ավարտի մասին։ Եվ Տ. Դավթյանը հերթական կանխատեսումն է անում՝ տնտեսական անկումն այս տարի կտատանվի 10-15%-ի սահմաններում։ Իսկ տնտեսական աճ կարձանագրվի հաջորդ տարի, 1-1.5%-ի սահմաններում։ Ինչպես գիտեք, այս տարվա առաջին 7 ամիսների համար պաշտոնական վիճակագրությունն արդեն արձանագրել է ՀՆԱ-ի՝ ավելի քան 18%-անոց կրճատում։ Այսինքն՝ կառավարությունը հավաստիացնում է, որ ցուցանիշները կբարելավվեն։ Լավատեսությունը հիմնավորվում է առավելապես 2 գործոններով՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները եւ համաշխարհային տնտեսության մեջ նկատվող դրական միտումները։
Սակայն կա մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր հանգամանք, որը վստահություն է հաղորդում մեր իշխանավորներին։ Դա անցյալ տարեվերջի վատ ցուցանիշներն են։ Պարզաբանենք. պաշտոնական վիճակագրությունը այս տարվա հունվար-հուլիսը համեմատում է նախորդ տարվա հունվար-հուլիսի հետ, որը ապահովել էր 10.7% տնտեսական աճ։ Հետո՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսած, տնտեսական անկման տեմպը նվազեց։ Իսկ 2008թ. հոկտեմբերին եւ նոյեմբերին ամսվա կտրվածքով նկատվեց անգամ ՀՆԱ-ի կրճատում։ Այնպես որ, եթե ցուցանիշները համեմատենք անցյալ տարեվերջի վատ ցուցանիշների հետ, բնական է, որ այս տարվա ցուցանիշները ավելի բարվոք կդիտվեն։ Պատկերավոր նկարագրենք. եթե շա՜տ տգեղ կնոջը համեմատենք գեղեցիկ կնոջ հետ, ապա տարբերությունը ահավոր մեծ կլինի։ Իսկ եթե համեմատում ենք անշուք արտաքինով կնոջ հետ, ապա «շատ տգեղությունը» աչքի չի զարնում։ Գեղեցիկ կինը, տվյալ պարագայում, անցյալ տարվա առաջին կիսամյակի երկնիշ աճն է, շատ տգեղը՝ այս տարվա առաջին ամիսների մեր տնտեսությունը։ Ամեն ինչ հարաբերական է՝ ինչպես տնտեսական ցուցանիշները, այնպես էլ` գեղեցկությունը։
Տնտեսական զարգացումների մասին ավելի հստակ պատկերացում կարելի է կազմել՝ համեմատելով համախառն ներքին արդյունքի ամսական ցուցանիշները։ Օրինակ՝ տեսնենք, թե բացարձակ թվերով այս տարվա մայիսին մեր տնտեսությունում որքան արդյունք է ստեղծվել, եւ դա համեմատենք անցյալ տարվա մայիսի հետ։
Նկար 1-ում ներկայացրել ենք 2007, 2008 թվականների եւ այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում ստեղծված համախառն ներքին արդյունքը։
Նկարից երեւում է, թե 2008թ. առանձին ամիսների ընթացքում արտադրված ՀՆԱ-ն (բաց գույնով ներկված աղյուսակները) որքանով են գերազանցել 2007թ. նույն ամսվա ցուցանիշը (գծիկով ներկայացվածը)։ Օրինակ, 2007թ. հունիսի ընթացքում մեր տնտեսությունը ստեղծել է 251 միլիարդ դրամի ՀՆԱ, իսկ 2008թ. հունիսին՝ 87 միլիարդով (կամ 34%-ով) ավելի՝ 338 միլիարդ։ Նկարից երեւում է նաեւ, որ այդ աճը պահպանվել է մինչեւ 2008թ. սեպտեմբերը՝ հունվար-սեպտեմբերի համար ապահովելով 10.6 տոկոսանոց աճ։ Հաջորդ երկու ամսում տնտեսությունը տեմպերը գցել է. 2008թ. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում տնտեսության մեջ ավելի քիչ արդյունք է ստեղծվել, քան նախորդ տարվա նույն ամիսներին։ Արդյունքում՝ տարվա կտրվածքով տնտեսական աճը չգերազանցեց 7%-ը։
Հիմա համեմատենք ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ցուցանիշները (մուգ աղյուսակները)։ Պարզ երեւում է, որ հունվարից սկսած՝ մենք ամեն ամիս ավելի քիչ արդյունք ենք արտադրել, քան նախորդ տարվա համապատասխան ամսում։ Եվ այդ տարբերությունը գնալով մեծացել է. եթե այս տարվա մարտը նախորդ տարվա մարտին զիջում էր 8.2 միլիարդ դրամով, ապա հուլիս ամսվա համար այդ տարբերությունը կազմում է 115 միլիարդ (կամ գրեթե 28%)։ Հենց սրանով էլ բացատրվում է, թե մեր տնտեսական անկման ցուցանիշը ինչպես գնալով վատացավ՝ գերազանցելով 18%-ը։
Իսկ ի՞նչ է պետք ցուցանիշները բարելավելու համար։ Իհարկե, պետք է խթանել տնտեսությունը, որ հաջորդ ամիսներին ավելի շատ արդյունք արտադրվի, եւ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ բացասական տարբերությունը կրճատվի։ Սակայն անհոգ եղեք. եթե անգամ հաջորդ ամիսների ընթացքում ամսվա կտրվածքով ՀՆԱ-ի աճ չունենանք, շարունակենք նույն տեմպերով եւ մինչեւ տարվա վերջ ունենանք ամսական 298 միլիարդի ՀՆԱ, ապա միեւնույն է՝ տարբերությունը կկրճատվի։ Պատճառն այն է, որ անցյալ տարվա սեպտեմբերից սկսած տնտեսության տեմպերն ընկել են։ Սա հենց այն է, ինչի մասին խոսում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ ցուցանիշները առաջին 9 ամիսների ընթացքում շարունակելու են վատանալ։ Վարչապետն այդ երեւույթն անվանել էր «տեխնիկական ռեցեսիա»։ Այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում հաջորդ ամիսների ցուցանիշների բարելավումը կարելի է անվանել «տեխնիկական բարելավում», քանի որ այն արձանագրվելու է ոչ թե տնտեսական աշխուժացման, այլ անցյալ տարեվերջի տնտեսական անկման ֆոնին։ Այս մասին երեկ նշել է նաեւ Տ. Դավթյանը՝ ընդգծելով, որ 2009-ի վերջին ցուցանիշները կբարելավվեն, քանի որ 2008-ի վերջում ՀՆԱ-ի աճի բազան նվազում է։
Ամփոփելով այս միգուցե ձանձրացնող պարզաբանումները, փաստենք մի բան։ Խոսքը գնում է ցուցանիշների, եւ ոչ թե տնտեսության մասին։ Մեզանում միշտ այդպես է եղել, քանի որ, եթե վերջին 10 տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում լինեին ոչ թե «երկնիշ ցուցանիշները», այլ իրական տնտեսությունը, մենք այսօր չէինք զբաղեցնի տնտեսական առումով ամենաանհաջողակ երկրի տեղը։ Եվ առաջիկայում էլ՝ բարելավվելու են միայն ցուցանիշները, քանի որ տնտեսություն՝ որպես այդպիսին, մենք դեռ չունենք։