Հատկապես այս օրերին ծնողներն իրենց դպրոցահասակ երեխաներին սկսում են պատմել, այսպես ասած` «ֆորմա-ֆարտուկի», երկար զանգապանների, սանդալիկների, մեծ ու սպիտակ «բանտիկների» մասին հրաշապատումների, իսկ ավելի ճիշտ` իրենց քաղցր օրերի մասին:
Դրանք այն օրերն էին, երբ կաշվե պայուսակը դառնում էր բոլոր սեպտեմբերների ուղեկիցը: «Բայց դրա մեջ էր քաղցրությունը: Հասկանո՞ւմ եք, օգոստոսի վերջին օրը մենք արդուկում էինք մեր համազգեստները, կարում էինք օձիքները: Իսկ առավոտյան էլ ամեն մեկս մի փունջ ծաղիկ վերցրած գնում էինք դպրոց»,- իրենց դպրոցական տարիների մասին հիշում են ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնց միանգամից ուշքի է բերում սեպտեմբերմեկյան մրցավազքը: «Հիմա ահավոր գներ են: Հասկանո՞ւմ եք, երկու երեխայիս պիտի դպրոց ճանապարհեմ: Մեծ տղաս 7-րդ դասարան ա, բայց մի սեպտեմբերն ինձ վրա նստում ա մոտ 80-100 հազար դրամ»,- բողոքում է երկու երեխաների մայրը` «Ֆիրդուս» կոչվող առեւտրի տաղավարներից մեկում փորձելով սակարկել վերնաշապիկի գինը: «Ասա, ի՞նչն ա ահավոր: Հակառակը՝ նախորդ տարվանից էժան ենք տալիս: Էսքան մարդ կա չէ՞ շուկայում, բայց մեկ ա, հաճախորդ չկա: Մի 6-7 հոգով վեր են կենում, գալիս շուկա, ու պարզվում ա, որ էդ վեց հոգին ընդամենը մի հոգու համար են եկել»,- նշում է վաճառողուհի տիկին Նինան, ով, արդեն 10 տարի է` աշխատում է այդ շուկայում: Ըստ վաճառողուհու` իրենք ապրանքի գներն իջեցրել են, բայց միեւնույն է` առեւտուր չկա: «Նախորդ տարի ավելի թանկ էր, բայց հաճախորդներն էին շատ: Օր ա լինում՝ տարածքի փողն էլ չենք հանում»,- իր հերթին շարունակում է բողոքել վաճառողուհին: Քիչ անց մեր զրույցին միանում է նաեւ նրա հարսը` Լուսինեն: «Հիմա էլ տարածքի գներն են բարձրացրել: Դրսի ու ներսի համար մոտ 300.000 դրամ ենք մուծում: Իսկ առաջ 245.000 դրամ էր»,- նշում է գնորդներից դժգոհ Լուսինեն, ով ավելի շատ զայրանում է գնորդների վրա, ովքեր նույն ապրանքի համար տարբեր վաճառասեղանների կողքով են արշավում: «Գալիս են ապրանքի գինը հարցնում, հետո շրջվում են դիմացի վաճառողին համոզում, որ իրանց էդ նույն ապրանքն էժանով տա: Ախր, նույն ապրանքն ա, նույն տեղից ենք բերում»,- ավելացնում է Լուսինեն:
Ու չնայած սեպտեմբերմեկյան իրարանցմանը` առեւտրից դժգոհ են նաեւ գնորդները, որոնք բավականին աշխույժ գնումներ են կատարում, եւ, ինչպես միշտ, յուրաքանչյուր ապրանքի մեջ փորձում են սակարկել, բողոքել «թանկ ու կրակ» գներից: «Առավոտից իրիկուն աշխատում եմ, բայց արդյունքը չի երեւում: Էս երկիր չի: Ուզում եմ տեսնեմ, էս երկրի բանալին ո՞ւմ ձեռքում ա, որ էս երկրի դռները փակեմ ու գնամ»,- նշում է պայուսակների բաժնի երիտասարդ վաճառողներից մեկը: «Դե հա, ամբողջ ամառն անհամբեր սպասում էինք սեպտեմբերին, բայց էսօր տեսնում ենք, որ առեւտուր չկա: Առաջ գոնե մի 50-60.000 դրամ աշխատում էինք, հիմա հազիվ 10.000` էն էլ տեղի փող ենք տալի»,- ասում է շուկայի մեկ այլ աշխատակից: Վաճառողների մեծ մասի պնդմամբ` ապրանքի գներն այս տարի անհամեմատ ցածր են, մինչդեռ կային նաեւ այնպիսիք, որոնց հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ ամեն տարի սեպտեմբերին ապրանքի գները բարձրացվում են 20 տոկոսով: «Էդ բոլորի մոտ էլ կա: Բայց մենք չենք կարողանում էդքան բարձրացնել` ստիպված մի 500 դրամով ենք գինն ավելացնում»,- շարունակում է հագուստի բաժնի վաճառողը: «Գնորդն ի՞նչ անի, ստիպված առնում ա: Կարող ա էրեխուս առանց սեպտեմբերի թողնեմ, հը՞: Ի՞նչ պիտի անեմ` պարտք եմ անում, որ էրեխես հետ չմնա մյուսներից»,- ասում է հրազդանցի գնորդը: «Մի էրեխուս դպրոց ճանապարհելու համար 100.000 դրամ եմ ծախսել: Բայց մյուսին էլ, չէ՞, պետք է ճանապարհեմ: Դե մի էդքան էլ էն մյուսի համար ա պետք»,- հավելեց հրազդանցի կինը: «Գոնե մի 30.000 դրամի մեջ տեղավորվեմ, բայց ոնց նայում եմ` անհնար ա»,- ասաց անցորդներից մեկը:
Սակայն հետաքրքիր է, թե ինչո՞ւ են ծնողները որոշում, որ իրենց երեխաները պետք է սեպտեմբերի 1-ին դպրոց գնան նոր պայուսակով, կոշիկով կամ էլ` նոր վերնաշապիկով: Եվ ամենազավեշտալին այս պարագայում այն է, որ նման կերպ մտածող ծնողներից շատերը գումար են պարտք վերցնում այդ պարագաները գնելու համար: Եվ այսպես` ամեն տարի սեպտեմբերի 1-ից առաջ կրկնվում է նույն պատմությունն, ու գործում է նույն չգրված օրենքը: Այս ամենի մասին տիկին Անահիտն իր վիճակախաղի տոմսերի սեղանիկի շուրջ այլեւս չի մտածում: «Ջարմա ա, ջարմա սեպտեմբերը: Ոչ առնել ա լինում, ոչ էլ` չառնել: Հես ա թոռներս էլ կգնան դպրոց: Մենակ առաջին դասարանցու համար մի 25.000 դրամ ենք ծախսել,- նշում է նա` եզրափակելով,- Ափսոս չէի՞ն մեր տարիները: Էխ, աշակերտն՝ աշակերտի նման: Էսօր աշակերտներն ավելի ճոխ են հագնվում, քան ուսուցիչները: Հետո էլ շփոթում ես` ո՞րն ա աշակերտը, ո՞րն՝ ուսուցիչը»: