Մեր տեղեկություններով` երեկ ամբողջ օրը Կոտայքի մարզի Գառնի գյուղի գյուղապետարան են այցելել ՀՀ Դատախազության մեծ թվով աշխատակիցներ եւ պաշտոնատար այլ անձինք: Պատճառն, ըստ մեր աղբյուրների` Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի ապօրինի գործարքներն են, որոնց կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Երեկ օրվա ողջ ընթացքում նախաքննական մարմինները գյուղապետարանում փաստաթղթերի ուսումնասիրություններ են կատարել, որի ընթացքում անընդհատ Գառնի են այցելել ծառայողական պետհամարանիշերով պետական ավտոմեքենաներ: Ըստ հավաստի տեղեկությունների` Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը փաստաթղթեր կեղծելով, մասնավորապես՝ Գառնիի Ալիբուլաղ թաղամասում, հսկայական հողատարածք է վաճառել պարսիկներին: Ներկայումս «Կոնեյի աղբյուրներ» կոչվող հայտնի տարածքում ազգությամբ պարսիկ մեծահարուստները հյուրանոց են կառուցում, որի շինարարությունն ընթանում է մեծ թափով: Գառնիի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վաճառված հողատարածքն իրականում պատկանել է գառնեցի Արտավազդ Սահակյանի գերդաստանին, որի որդուն` Սերյոժա Սահակյանին, վերջերս գյուղապետը ծեծել է, քանի որ վերջինս բողոքել է հողատարածքը յուրացնելու համար: Սերյոժա Սահակյանի հողատարածքը պարսիկներին գաղտնի կերպով վաճառելու քայլը գյուղապետ Աշոտ Վարդանյանը պատճառաբանել է հետեւյալ կերպ. «Չեք մշակում, դրա համար էլ ծախել եմ»: Ի դեպ, Գառնիի բնակիչներից շատերը վստահեցնում են, որ քրեական գործ հարուցելու ՀՀ Դատախազության այս քայլն առիթ է հանդիսանալու անօրինականությունների մի ամբողջ շղթա բացահայտելու համար: Ըստ նույն աղբյուրների` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն Աշոտ Վարդանյանին նախաքննական մարմինների նախաձեռնած գործողություններից «փրկելու» համար զանգ է կատարել «վերեւներ»: