Երեկ կրկին «168 Ժամ» թերթի խմբագրություն են դիմել Կոտայքի մարզի Եղվարդի Նատի թաղամասի բնակիչներն, ինչպես նաեւ՝ «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի աշխատակիցները: Վերջիններս դժգոհում էին «Երեւան Ջուր» ընկերության ջրամատակարարումից եւ սպառնում էին գնալ՝ ՀՀ Կառավարության դիմաց հանրահավաք կազմակերպել:
Բանն այն է, որ Եղվարդի մասնավորապես Նատի թաղամասում օրերով ջրամատակարարում չի իրականացվում, իսկ լավագույն դեպքում իրականացվում է կես կամ մեկ ժամով: Եղվարդի բնակիչների բարկությունը միանգամայն հասկանալի է, քանի որ նրանք դեռեւս մեկ ամիս առաջ ահազանգել էին այս խնդրով, սակայն՝ ապարդյուն: «Հասկանո՞ւմ եք, ինֆարկտի են հասցնում մեզ: Ո՞նց կարելի է առանց ջուր գոյատեւել: Լավ, մեր իշխանություններին չի՞ հետաքրքրում էն փաստը, որ ֆրանսիացիները ՀՀ քաղաքացիներին զրկել են ապրելու համար ամենակարեւոր բանից` ջրից: Նրանք թքած ունեն, բա մեր երկրի ղեկավարնե՞րը: Շուտով խոլերա կտարածվի, հետո նոր կխառնվեն իրար»,- ասացին Եղվարդի բնակիչները` վստահեցնելով, որ խմելու ջուր տեղափոխելու համար կիլոմետրեր են կտրում: Վերջիններս վստահեցնում են, որ մանկահասակ երեխաներին ջուր չլինելու պատճառով շաբաթներով չեն կարողանում լողացնել, իսկ ուսումնական տարին մեկնարկելուց հետո դպրոցական երեխա ունեցող ընտանիքներից շատերը ստիպված են լինելու երեխաներին պարզապես դպրոց չուղարկել: Եղվարդի շատ բնակիչներ աշխատում են «Սեմուր ընդ կո» գործարանում, որտեղ, պարզվում է` ջրամատակարարման բացակայության պատճառով նույնիսկ հնարավոր չէ շահագործել գործարանի նորակառույց ճաշարանը: Գործարանի աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին. «Ուղղակի ամաչում ենք ասել, որ արդեն հնարավոր չէ, արդեն մեր կարիքները գնում ժայռերի, թփերի ետեւում ենք հոգում: Ճիշտ է, գործարանի ղեկավարությունը մշտապես մաքուր ջուր է գնում եւ մեքենաներով տեղափոխում է գործարան, բայց ամեն դեպքում հնարավոր չէ, համարյա 100 հոգի աշխատող կա: Մենք մեզնից ամաչում ենք, չենք կարողանում զուգարան գնալ»: Եղվարդցիները մեզ հետ զրույցում նաեւ ասացին, որ Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանը Եղվարդի ջրային տնտեսության ղեկավար ոմն Գեղամի հրահանգել է ջրամատակարարում իրականացնել միայն Եղվարդ քաղաքում: «Գեղամն ասել է, որ քաղաքապետն իրան էդպիսի հրաման ա տվել, բայց ո՞վ ա քաղաքապետը, կամ «Երեւան Ջուրը» սեփականություն չի՞ եւ ՀՀ քաղաքացիներին ջրով ապահովելու պարտականություն չունի՞: Վաղը մենք դիմում-նամակներ կպատրաստենք ու կուղարկենք ՀՀ Կառավարություն, Ազգային ժողով եւ ՀՀ Նախագահական, իսկ եթե էս հարցին լուծում չտվեցին` կգնանք միտինգի: Եթե պետք ա՝ օրերով միտինգ կանենք: Ինչպե՞ս կարելի է, արդեն ինֆարկտի են հասցնում, հո ջունգլիներում չե՞նք ապրում, չէ՞ որ սա անկախ պետություն ա»,- զայրացած ասում էին եղվարդցիները` հավելելով, թե «Երեւան Ջուր» ընկերության պատասխանատուները նույնիսկ չեն բարեհաճում իրենց ղեկավարության հետ հեռախոսակապ միացնել: Հիշեցնենք, որ «168 Ժամում» դեռեւս մեկ ամիս առաջ տպագրված այս խնդրի հետ կապված հրապարակումն առիթ դարձավ, որպեսզի «Երեւան Ջուր» ընկերության մասնագետները Եղվարդում ուսումնասիրություններ կատարեն եւ պարզեն ոչ պատշաճ ջրամատակարարման պատճառը: «Երեւան Ջուր» ՓԲԸ հաղորդակցման գծով պատասխանատու Մանե Մամյանը մեզ խոստացավ. «Ձեր հրապարակումն ընդունում ենք որպես ի գիտություն: «Երեւան Ջուր» ընկերությունը ձեռնամուխ լինի բնակչությանը պատշաճ ջրամատակարարում իրականացնելու համար կատարել անհրաժեշտ աշխատանքները»: Սակայն, ինչպես տեսնում ենք, ընկերության խոստումներից անցել է մեկ ամիս, իսկ Եղվարդի բնակիչների դժգոհությունը մնացել է անարձագանք: Ավելին` Մանե Մամյանը դեռ այն ժամանակ մեզ վստահեցնում էր, որ «Երեւան Ջուր» ընկերության տնօրենն այնքան բաց եւ թափանցիկ է աշխատում, այնքան ուշադիր է մամուլի հրապարակումների հարցում, որ պատրաստ է արձագանքել յուրաքանչյուր խնդրին: Մ. Մամյանը նույնիսկ խոստացավ ֆրանսիացի ղեկավարի եւ եղվարդցիների հետ հանդիպում կազմակերպելու մեր առաջարկը վերջինիս փոխանցել: Մինչդեռ, խոստումներից անցել է ուղիղ մեկ ամիս, իսկ Կոտայքի մարզի Եղվարդի, ինչպես նաեւ հարակից թաղամասերի բնակիչների ջրամատակարարումն իրականացվում է օրվա մեջ կես ժամից մեկ ժամ գրաֆիկով:
Ի դեպ, «Սեմուր ընդ կո» ՍՊԸ-ից մեզ փոխանցել են «Երեւան Ջուր» ՓԲԸ շահագործման տնօրեն Գագիկ Մխիթարյանի պատասխանը, որն, ինչպես նշում է գործարանի ղեկավարը, սուտ տեղեկատվություն է: Պատասխանում մասնավորապես նշվում է` «Ի պատասխան 05.08.2009թ-ի Ձեր թիվ 49 գրության հայտնում եմ, որ Ձեր ձեռնարկության ջրամատակարարումն իրականացվում է համաձայն սահմանված գրաֆիկի` առավոտյան 11:00-ից 13:00-ն եւ երեկոյան 10:00-ից 11:00-ը: Նշենք, որ բաժանորդներին անխափան ջրամատակարարմամբ ապահովելը «Երեւան Ջուր» ընկերության ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներից է, որի լուծման համար մեր կողմից գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները»: Իսկ ահա կոնկրետ երեկ, ինչպես վստահեցրին ձեռնարկության աշխատակիցները, ջրամատակարարում իրականացվել է ժամը 11:00-ից մինչեւ 11:30-ը: Այնպես որ` «Երեւան Ջուր» ՓԲԸ-ում սուտը շատ է: