Ազգային նավատորմ

29/08/2009

Այսօր Սեւանա լճի Շորժա գյուղի մոտակայքում գտնվող «Վիշապ» տուրիստական գործակալությանը պատկանող լողափից մեծ ջուր դուրս կգա նոր առագաստանավ, որի պատրաստման գործը ստանձնել է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը: Այդ նավը տարիներ առաջ Սեւանում գոյություն ունեցող ավանդական ձկնորսական առագաստանավերի ճիշտ կրկնօրինակը կլինի: Ակումբի մասնագետները երկար ժամանակ են տրամադրել Սեւանից արդեն անհետացած նման նավակների չափագրմանն ու հաշվարկներին (տախտակի, պարանների, դիզայնի ճշգրտությունը պահպանելով) եւ արդյունքում էթնիկ հայկական նավակ են ստեղծել: 9 մ երկարություն եւ 10 ձկնորսների համար նախատեսված նավը կունենա քառանկյուն առագաստ եւ կհիշեցնի այն հին եւ բարի ժամանակները, երբ Սեւանում դեռ չկային մոտորանավակները եւ շատ բան կախված էր նավարկողների հմտությունից: Նոր նավը դեռ անվանում չունի, քանի որ, ինչպես ասում է «Այասի» անդամ, ճարտարապետ եւ նավագնաց Արա Թամանյանը, մինչ ջուր դուրս գալը նավը անվանելը վատ նշան է: «Ջուր դուրս գալու պահին է նավը իր անունը ստանում, այլապես այն երկար կյանք չի ունենա»,- ասաց նա:

Նավի պատրաստման ծախսերը կազմել են մոտ 7 մլն դրամ, որը «Այասին» է տրամադրել «National Instrumnets» ամերիկյան ընկերությունը: Նոր նավը լինելու է երկրորդ «ազգային» նավը, քանի որ անցյալ տարի արդեն ստեղծվել է նույն նախագիծն ունեցող «Նաիրի» առագաստանավը: «Մենք կաթիլ առ կաթիլ հավաքում ենք մեր ազգային նավատորմը»,- հպարտությամբ եւ բոլոր նավագնացներին հատուկ հումորով ասում է Ա.Թամանյանը, որի երազանքը ազգային առագաստանավերի մրցույթ-ռեգատաներ անցկացնելն է: «Եվ, վերջիվերջո, պարզապես շատ հաճելի է նման առագաստանավերով նավարկել»,- ասում է նա: