Իտալացի ռեստավրատորների ջանքերով վերականգնվել է Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը, որը ստեղծվել էր 1973 թվականին Լենինականի էլեկտրատեխնիկական ֆաբրիկայի ճաշարանի պատին: Ֆլորենտացի մասնագետները նշել են, որ իրենց աշխատանքը բարդ է եղել հատկապես գունային ներկապնակի վերականգնման գործում, քանի որ Մինասը միաժամանակ շատ վառ եւ թափանցիկ ներկեր է օգտագործել, եւ դրանց կոնտրաստը ապահովելը դժվար է եղել: Վերականգնողական աշխատանքները տեւել են մոտ 1 տարի, եւ ինչպես ընդունված է տեմպերայով արված որմնանկարների ռեստավրացիոն պրակտիկայում, «Թորոս Ռոսլինի» անդառնալիորեն կորսված հատվածները չեն վերականգնվել, պարզապես ծածկվել են ծեփոնի շերտով:
Այժմ որմնանկարը Ջաջուռ գյուղում գտնվող Մինասի թանգարան է տեղափոխվել: Թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը նկատել է, որ որմնանկարի 20 %-ը չկա: Մշակույթի նախարարությունը, որը հանդիսանում է վերականգնման նախաձեռնողը, պատրաստվում է սեպտեմբերին պաշտոնապես եւ հանդիսավոր տոնել որմնանկարի վերականգնումը Ջաջուռում: Իսկ Գյումրիի ֆաբրիկայի պատերին մնացած Մինասի եւս 5 որմնանկարը սպասում են իրենց վերածնունդ-վերականգնմանը: