Ինչպե՞ս է խաբում կառավարությունը

27/08/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ինչ՝ ինչ, բայց մեր կառավարությունը մի հարցում անգերազանցելի է. կարողանում է ցուցանիշները նախանձելի կերպով ներկայացնել իրեն ձեռնտու ձեւով։ Չէ, խոսքը հեռուստատեսային լուրերի պրիմիտիվ մոտեցման մասին չէ. նրանք ծիծաղելու աստիճանի պարզունակ են աշխատում։ Ասենք՝ պաշտոնական վիճակագրության 1.5 էջանոց հաղորդագրության մեջ պեղում են գոնե մեկ դրական ցուցանիշ եւ ռեպորտաժը կառուցում դրա շուրջը՝ «մոռանալով» մյուս տվյալները։ Օրինակ՝ հունիս ամսվա հրապարակման մեջ խոշորացույցով գտնում են, որ շինարարությունը ամսվա կտրվածքով 130% աճ է ունեցել, ոգեւորվում, հարցազրույցներ են անում լավատես մարդկանց հետ։ Իսկ նույն այդ զեկույցում տեղ գտած ամենակարեւոր ցուցանիշի՝ 16%-անոց տնտեսական անկման մասին՝ ոչ մի խոսք։

Կառավարությունը, սակայն, նրանց նման պրիմիտիվ չէ, չի թաքցնում վատ ցուցանիշները, որոնք խելքը գլխին ցանկացած մարդ կարող է 2 րոպեում իմանալ թերթերից ու ինտերնետից։ Կառավարությունը թվերի ու ցուցանիշների հետ «մանիպուլյացիաներ» է անում ավելի պրոֆեսիոնալ ձեւով։ Այնպես է անում, որ «ֆոկուսը» գուշակելը առօրյա հոգսերով ապրող շարքային քաղաքացու կողմից գրեթե բացառվում է։ Իսկ այդ նպատակով առավել հարմար են ֆինանսական, հարկաբյուջետային հատվածի ցուցանիշները. դրանք խուճուճ են ու դժվարամարս։ Հեռուստադիտողների մեծամասնությունն էլ այդ ցուցանիշները ընկալում է այնպես, ինչպես կառավարությունը դրանք հրամցնում է՝ հեռուստաընկերությունների միջոցով։ Նշենք մի օրինակ՝ զուգահեռաբար ներկայացնելով «լավատեսական քարոզչությունից» դուրս մնացած մի քանի կարեւոր ցուցանիշներ։

Եվ այսպես, ՀՀ Ֆինանսների նախարարությունը 2 օր առաջ հրապարակեց 2009թ. հունվար-հուլիս ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը։

2009 թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 359 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 426.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.3%-ով կամ 55 մլրդ դրամով: Պետական բյուջեի եկամուտների 77.8%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 15.8%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.6%-ը` այլ եկամուտների, եւ 0.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին։ 2009 թ. հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 279.2 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր՝ 18.1%-ով (կամ 61.5 մլրդ դրամով) պակաս՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Այսինքն՝ հարկերի ու տուրքերի հավաքագրումը նվազել է տնտեսական անկմանը համապատասխան չափով։

Այս տվյալները հաշվի առնելով՝ կարելի է արձանագրել մի ուշագրավ իրողություն։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ հարկերն ու տուրքերը նվազել էին 18.2%-ով կամ 51.8 մլրդ դրամով: Մինչդեռ տնտեսական անկումը 16.3% էր։ Այսինքն՝ առաջին 6 ամսվա տվյալներով՝ հարկերի հավաքագրման անկման տեմպն ավելի մեծ էր, քան տնտեսական անկումը։ Իսկ 7 ամսվա տվյալներով (հունվար-հուլիս) դրանք համադրելի են։ Փաստորեն՝ սա կարելի է համարել հարկային վարչարարության դրական միտում։ Սակայն մեզ զարմացնում է մեկ այլ բան. Հարկայինի լավ աշխատելու մասին այս անգամ գրեթե ոչինչ չասվեց, մինչդեռ նախորդ ամիս վարչապետը գովեստի խոսքեր էր շռայլում Պետեկամուտների կոմիտեի հասցեին։

Սակայն, երբ հետադարձ հայացք ենք գցում բյուջեի կատարման ցուցանիշներին, առավել զարմանալի է ոչ թե այսօրվա լռությունը, այլ նախորդ ամսվա ոգեւորությունը։ Հիշեցնենք, որ վարչապետն, ի թիվս այլ ցուցանիշների, առանձնացրել էր շահութահարկը, ավելի կոնկրետ՝ նրա տեսակարար կշռի ավելացումը հարկերի կառուցվածքում։ Թե ինչով էր աչքի ընկել հունիսը՝ անհասկանալի է, մանավանդ, երբ համեմատում ենք Ֆինանսների նախարարության ամենամսյա հաղորդագրությունները։ Դրանց համաձայն, հունվար-հունիս ժամանակահատվածում շահութահարկի տեսակարար կշիռը հարկերի մեջ ավելի քիչ է եղել (19.4%), քան հունվար-ապրիլ (19.9%) եւ հունվար-մայիս (20.3%) ժամանակահատվածներում։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Կա մի նրբերանգ, որը, թեկուզ ուշացումով, բայց ցանկանում ենք ներկայացնել ընթերցողին։

Եվ այսպես, մեկ ամիս առաջ վարչապետը վերլուծաբանների ուշադրությունը հրավիրում էր այն հանգամանքի վրա, որ եթե 2008թ. շահութահարկի տեսակարար կշիռը հարկերի մեջ կազմել է 11.9 տոկոս, ապա այս տարվա վեց ամսվա արդյունքում այդ ցուցանիշը մի քանի տոկոսային կետով բարձրացել է։ Սա ներկայացվեց որպես անակնկալ դրական միտում։ «Կարծես թե այդպիսի իրավիճակ չպետք է լիներ։ Եթե մենք ունենք տնտեսական անկում, դա նշանակում է, որ ձեռնարկությունների շահութաբերության հետ խնդիրներ պետք է ունենայինք եւ կարծես թե շահութահարկի տեսակարար կշիռն ընդհանուր հարկերի կառուցվածքի մեջ պետք է նվազեր։ Բայց իրավիճակն այստեղ փոխվել է եւ տեսակարար կշիռն ավելացել է առաջին հերթին ի հաշիվ ստվերային տնտեսության նվազման»,- ասել էր Տ. Սարգսյանը։

Այս ձեւակերպումը ժամանակին պատշաճ ուշադրության չարժանացավ ո՛չ ԶԼՄ-ների, ո՛չ փորձագետների կողմից։ Մինչդեռ ամեն ինչ շատ պարզ է. իրականում ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել (հատկապես դեպի լավը), եւ շահութաբերությունն այստեղ ոչ մի կապ չունի։ Պատճառը թաքնված է մեր հարկային օրենսդրության ու մասնավորապես «Շահութահարկի մասին» օրենքում, որի 47-րդ հոդվածը հստակ նշում է, որ տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ։ Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ տասնվեցերորդի չափով։ Իհարկե, այս պարտականությունից ժամանակավորապես ազատված են նոր հիմնադրված հարկատուները եւ նրանք, ովքեր նախորդ տարում հարկվող շահույթ չեն ունեցել, կամ որոնց նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500 հազար դրամը, սակայն դա մեծ հաշվով չի ազդում ընդհանուր պատկերի վրա։ Իսկ 47 հոդվածի հավելվածն էլ ավելացնում է, որ այդ կանխավճարը չի կարող պակաս լինել նախորդ ամսվա եկամտի 1%-ից։

Հարկային խուճուճ օրենսդրության մեջ սրանից ավելի խորանալու կարիք, կարծում ենք, չկա. անգամ տասնյակ տարիների փորձ ունեցող հաշվապահները հազիվ են գլուխ հանում։ Պարզապես, եթե հասկանալի լեզվով ներկայացնենք՝ մեր օրենսդրությունը սահմանում է, որ անգամ վնասով աշխատելու դեպքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի վճարումներ։ Այսինքն, եթե X ընկերությունը 2008 թվականի ընթացքում բյուջե է վճարել 16 միլիոն դրամ շահութահարկ, ապա այս տարի նա ամեն ամիս պարտավոր է բյուջեին վճարել 1 միլիոն դրամ։ Անգամ այն դեպքում, երբ ընկերությունն աշխատում է վնասով։ Կոպիտ ասած՝ սա նման է բանակի սկզբունքին. մեկ անգամ ավլեցիր՝ 2 տարի պիտի ավլես։ Սակայն հիմա խոսում ենք ոչ թե օրենքի ճիշտ ու սխալ լինելու, այլ ցուցանիշների մեկնաբանման մասին։ Ի՞նչ է ստացվում. վնասով աշխատող շատ տնտեսվարող սուբյեկտներ օրենքի պարտադրանքով շահութահարկի կանխավճարներ են կատարում, այդ գումարները գնում են պետբյուջե, հետո հայտնվում պաշտոնական հաղորդագրությունների մեջ։ Ու իշխանությունը, հիմք ընդունելով այդ թվերը, խոսում է շահութաբերության, իրավիճակի փոփոխության կամ ստվերի կրճատման մասին։ Պարզ չէ միայն մի բան՝ դա միտումնավո՞ր է արվում, թե՞ վերեւներում իրոք հենց այս տրամաբանությամբ են դատողություններ անում տնտեսության մասին։