Դիմում-բողոք է ներկայացրել

27/08/2009

«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Լաերտ Հարությունյանը երեկ դիմում-բողոք է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, գլխավոր դատախազին, ՄԻ պաշտպանին, ոստիկանապետին, արդարադատության նախարարին, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, դիվանագիտական ներկայացուցչություններին` ահազանգելով, թե իրենց ընկերության նկատմամբ անօրինականությունները շարունակվում են: «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի տնօրենը վստահ է, որ իշխանություններն են կազմալուծել Ընկերության գործունեությունը: Դիմում-բողոքում նա նշել է նաեւ մի շարք փաստեր.

1. երբ 10.10.2008թ. ՀՀ վարչական դատարանը վճռեց ավելի քան 4 մլրդ դրամ գումար բռնագանձել ընկերությունից եւ վճիռն էլ ուժի մեջ մտավ հրապարակման պահից, Պետական եկամուտների կոմիտեն անհապաղ դիմել էր կատարողական թերթ ստանալու պահանջով, չսպասելով Ընկերության կողմից վճռաբեկ դատարան դիմելու իրավունքից օգտվելուն.

2. ԴԱՀԿ ծառայությունը դիմակավորված անձանցով մեկ օրվա ընթացքում ընկերության ողջ գույքը դնում է արգելանքի տակ, իսկ ընկերության աշխատող (առաքող) տրանսպորտային միջոցներն առգրավվում եւ տեղափոխվում են ԴԱՀԿ տուգանային հրապարակ.

3. Ընկերությունը դիմում է նույն վարչական դատարանին՝ խնդրելով մինչեւ վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտը` 10.01.2009 թվականը, սահմանել վճռի կատարման այլ կարգ, որպեսզի չկազմալուծվի ընկերությունը: Որպես առաջարկություն՝ ընկերությունը համաձայնվել էր, որ բռնագանձվող գումարի 40 տոկոսը ուղարկվի բյուջե, իսկ մնացածը տրվի աշխատավարձ, հումքերի ձեռք բերում, ընթացիկ հարկային պարտավորություններ եւ այլն։ Ընկերությունը նշված դիմումին կցել էր նաեւ իր 483 աշխատակիցների ցանկը, որոնք հարկադիր պարապուրդի էին մատնվել: ՀՀ վարչական դատարանը մերժել է ընկերության հիշյալ դիմումը:

«Փաստորեն, որոշ իշխանավորներ, տեսնելով, որ չեն կարողանում արագ եւ առանց արձագանքի խլել գործարանը, փորձում են այդ կատարել սնանկության ճանապարհով: Ավելին, սնանկության կառավարչի միջոցով փորձում են ուրիշի սեփականությունն օգտագործել եւ արտադրանք տալ: Չնայած նույն «ցավացող» մարդկանց թեթեւ ձեռքով գործարանի արտադրական կազմակերպման վիճակն այնքան է վատացել, որ հազիվ թե դա հնարավոր լինի վերականգնել երկար ժամանակ»,- նշել է ընկերության տնօրենը: