Կոռումպացված չէ

27/08/2009

Այս տարի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առաջին կուրս է ընդունվել մոտավորապես 1400 ուսանող: Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը: Դիմորդների թիվը կազմել է 2300: Յու. Սուվարյանի խոսքով` այդ թիվը տարեցտարի աճում է: 2006թ. դիմում-հայտերի թիվը կազմել էր 1600, իսկ 2008թ.` 2000: Ռեկտորը տեղեկացրել է, որ բուհում բացվել են տնտեսական լրագրության եւ տնտեսական իրավագիտության ֆակուլտետներ: Բուհում նորամուծություն է նաեւ մագիստրատուրայում հեռակա ուսուցումը: Նշենք, որ մագիստրատուրայում սովորելու համար դիմում-հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 27-ը: Բացի այդ, բուհը պատրաստվում է ներմուծել ավտոմատացված թեստային համակարգ: Նշենք, որ նախագծի սկզբնական տարբերակը փորձարկվել է նախորդ ուսումնական տարվա վերջին: Նոր ուսումնական տարում թեստային համակարգը կդառնա բուհի քաղաքականության հիմքը: Տնտեսագիտական համալսարանի ուսանողները քննություններ են հանձնելու այդ նոր տեխնոլոգիայով: Այդ նպատակով բուհը ձեռք է բերել լրացուցիչ 90 համակարգիչ: Ըստ Յու. Սուվարյանի, իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե ՀՊՏՀ գտնվում է ամենակոռումպացված բուհերի «լավագույն» հնգյակում` չբացառելով, սակայն, որ համալսարանի որոշ դասախոսների կողմից կաշառք վերցնելու դեպքերը կլինեն: Յու. Սուվարյանը հավաստիացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվում, կրթական համակարգում որոշակի բարեփոխումներ են իրականացվում, որոնց թվում է նաեւ թեստային մեքենայացված քննության համակարգը: Նա նաեւ հերքել է այն տեղեկությունը, թե հայտնի գործարարներից մեկի որդին, ով շատ ցածր առաջադիմություն է ունեցել, ավարտել է բուհն ի հաշիվ նվիրատվությունների: «Ինձ ոչ մի մեքենա չեն նվիրել եւ, ընդհանրապես, նման նվիրատվություններ ես չեմ ընդունում»,- ասել է Յու. Սուվարյանը: