Ֆուլբրայթ ծրագիր

27/08/2009

Առցանց դիմումների ներկայացման վերջնաժամկետ` 2009թ. նոյեմբերի 15

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարում է 2010-2011 ուսումնական տարվա Ֆուլբրայթ կրթաթոշակի մրցույթ:

Ֆուլբրայթ ծրագրով դրամաշնորհներ են տրվում օտարերկրացի գիտնականներին` ԱՄՆ համալսարաններում մեկ ուսումնական տարի կամ մեկ կիսամյակ հետ-ատենախոսական հետազոտություններ կատարելու նպատակով: Ծրագիրը կրում է Արկանզասի սենատոր

Ջ. Ուիլյամ Ֆուլբրայթի անունը, որը 1946թ. նախաձեռնեց այն` «խորացնելու ԱՄՆ-ի ու աշխարհի այլ ժողովուրդների միջեւ փոխըմբռնումը»: Բոլոր դրամաշնորհները հաստատվում են Ֆուլբրայթի օտարերկրյա կրթաթոշակային խորհրդի կողմից, որն ունի 12 անդամ, որոնք նշանակվում են Միացյալ Նահանգների նախագահի կողմից:

ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

– ՀՀ քաղաքացու եւ մշտական բնակչի կարգավիճակ
– Աշխատանք Հայաստանում
* Դոկտորական կամ թեկնածուական (Ph.D.) գիտական կոչում
– Անգլերենի իմացություն
– Առցանց լրացված դիմում
– Երաշխավորագրեր
– Ֆիզիկական ու առողջական լավ վիճակ

ԴԻՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ.

– Քաղաքագիտություն, տնտեսագիտություն, սոցիոլոգիա
– Միջազգային հարաբերություններ, ժուռնալիստիկա, իրավագիտություն
– Ամերիկագիտություն (ԱՄՆ պատմություն, գրականություն, հասարակություն եւ մշակույթ)
– Քիմիա, հանրային առողջապահություն ու բժշկություն

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց (on-line) դիմում http://apply.embark.com/student/fulbright/scholars/30/ կայքում: Պետք է ստեղծել user name եւ գաղտնաբառ, այնուհետեւ հերթով լրացնել դիմումի էջերը: Յուրաքանչյուր էջը լրացնելուց հետո պահպանեք տեղեկությունները: Պահպանելուց հետո, եթե կարիք կա, դուք կարող եք դուրս գալ կայքից եւ հետագայում նորից կկարողանաք վերադառնալ ձեր դիմումին եւ շարունակել լրացնել: Երաշխավորագրերը եւս պետք է լրացվեն առցանց: Դիմումի մեջ դուք պետք է լրացնեք երաշխավորողի էլեկտրոնային փոստի հասցեն, որով էլ երաշխավորագրի ձեւը կհասնի նրան, իսկ գրված երաշխավորագիրը հասանելի կլինի ծրագրի համակարգողին: Ձեր առցանց դիմումը ուղարկեք ՄԻԱՅՆ, երբ ամբողջապես լրացված է եւ բոլոր լրացուցիչ տեղեկությունները կցված են: Դիմումը ուղարկելուց հետո այն ձեզ հասանելի չի լինի եւ փոփոխություններ կատարել չեք կարողանա:

Հաշվի կառնվեն միայն առցանց լրացված դիմումները:

Դիմումները պետք է լրացնել անգլերեն լեզվով: Ձեռագիր, ոչ ամբողջությամբ լրացված կամ ուշ ներկայացված դիմումները քննության չեն առնվում: Վերջին 5 տարիների ընթացքում Ֆուլբրայթ կրթաթոշակ ստացած մասնագետների դիմումները նույնպես քննության չեն առնվի: Բոլոր դիմումները, այդ թվում` երաշխավորագրերը, քննության են առնվում եւ տեխնիկական, եւ ակադեմիական տեսանկյուններից: Բոլոր պայմաններին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի դեսպանատան Ֆուլբրայթ կրթաթոշակի ընտրական հանձնաժողովի կողմից, իսկ հաղթողների դիմումները` վերջնական հաստատման նպատակով, 2010թ. հունվարի 10-ին կներկայացվեն Ֆուլբրայթ օտարերկրյա կրթաթոշակային խորհրդի քննությանը ԱՄՆ-ում: Վերջնական հաղթողների անունները պարզ կդառնան 2010թ. ապրիլին, երբ ստացվի համապատասխան հաստատում հյուրընկալող համալսարանների կողմից:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնի մշակութային/փոխանակման ծրագրերի պատասխանատու Անահիտ Խաչատրյանին հետեւյալ հեռախոսահամարով՝ 46-47-00, այնուհետեւ ներքին համարը՝ 4310:

ՀԱՃԱԽԱԿԻ ՀՆՉՈՂ ՀԱՐՑԵՐ

– Ժամկետների պահպանումը պարտադի՞ր է: Ժամկետները փոփոխման ենթակա չեն:

– Ի՞նչ է մտնում կրթաթոշակի մեջ: Ճանապարհածախսը, ամսական կրթաթոշակը եւ գումար գրքեր ձեռք բերելու ու նոր բնակավայրում հաստատվելու համար:

– Կարո՞ղ են ընտանիքի անդամները նույնպես մեկնել: Այո, սակայն բոլոր ծախսերը հոգալու եք անձամբ դուք:

– Ես անձա՞մբ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեմ ԱՄՆ համալսարանի հետ: Այո, խորհուրդ է տրվում, որ դուք ձեր դիմումի հետ միասին ներկայացնեք հրավերք որեւէ ամերիկյան համալսարանից: Եթե դուք չգիտեք, թե ձեր ծրագիրը որտեղ հնարավոր կլինի ի կատար ածել, ապա Ֆուլբրայթի ծրագիրն իրականացնող գերատեսչություններն իրենք կընտրեն որեւէ համալսարան:

– Երաշխավորագրերը դիմումի հետ միասի՞ն են ներկայացվելու: Երաշխավորագրերը եւս պետք է տրամադրվեն առցանց: Դիմումի մեջ դուք պետք է լրացնեք երաշխավորողի էլեկտրոնային փոստի հասցեն, որով էլ երաշխավորագրի ձեւը կհասնի նրան, իսկ գրված երաշխավորագիրը հասանելի կլինի ծրագրի համակարգողին: