«Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին քննարկման ենթակա չէ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Քաղաքական վերլուծությունների եւ տեղեկատվության ապահովման վարչության ղեկավար Էլնուր Ասլանովը: «Դա ակնհայտ է, քանի որ բանակցություններն ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Բանակցային սեղանին պաշտոնական Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կքննարկի միմիայն Երեւանի հետ»,- հավելել է նա: Երեկ Բաքվում նույնաբովանդակ հայտարարություն է արել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով նախկին խորհրդական Մարկ Գրոսմանը: Ըստ նրա` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պատասխանատուները Հայաստանն ու Ադրբեջանն են: «ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ճիշտ է կառուցված, ինչի արդյունքը հակամարտող երկրների նախագահների հանդիպումներն են»,- ասել է Գրոսմանը: Ըստ նրա` Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները պետք է ինքնուրույն մոտենան խնդրի լուծմանը, այլ ոչ թե լուծումը ակնկալեն ուրիշ երկրներից:
«ԱՄՆ-ը խրախուսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ հակամարտության միակ լուծումը համարում է դիվանագիտական ճանապարհը»,- ասել է Գրոսմանը: