Մեր տեղեկություններով, իշխանությունները որոշել են հաջորդ տարվա բյուջեն այս տարվա հաստատված բյուջեի նկատմամբ կրճատել 15-20 %-ով: Ֆինանսների նախարարությունում արդեն սկսել են 2010թ. բյուջեի մշակման աշխատանքները: Պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսության անկումն այս տարի կազմելու է հենց այդքան`15-20 %, բայց չի բացառվում, որ տարեվերջին այն ավելի բարձր լինի: Բոլոր դեպքերում որոշվել է, որ հաջորդ տարվա բյուջեն պետք է հավասար լինի այս տարվա բյուջեի կատարողականի ցուցանիշին: Հիշեցնենք, որ 2009 թ. բյուջեի եկամտային մասը ծրագրված էր 905 մլրդ դրամ, որի 15-20%-ը կազմում է 130-180 մլրդ դրամ: Այսինքն, հաջորդ տարվա բյուջեն կմշակվի 700-770 մլրդ դրամի սահմաններում: Հիշեցնենք, որ տարեսկզբին կառավարությունը բյուջեի ծախսային մասին 131 մլրդ դրամի ծախսեր տեղափոխեց 2009 թ. չորրորդ եռամսյակ: Արդեն պարզ է, որ դրանք չեն կատարվելու, այսինքն՝ 2009-ի բյուջեի ծախսերը չեն կատարվելու այդ գումարի չափով: Եվ չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ կրճատված ծախսերի ծավալը ավելանա: Այս տարվա 7,5 ամիսների դրությամբ հավաքվել են մոտ 300 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր: Դա նախատեսվածի մոտ 40%-ն է: Ամբողջ տարվա կտրվածքով նախատեսված էր հավաքել 727 մլն դրամ: Այդ գումարի մեջ չեն մտնում սոցապ վճարները: Եվ հազիվ թե վերջին 4 ամիսների ընթացքում հնարավոր լինի հավաքել մնացած 60%-ը: Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ 2010-ի բյուջեի մասին օրենքի նախագիծը պետք է պատրաստ լինի եւ ԱԺ-ի քննարկմանը ներկայացվի սեպտեմբերի վերջին: