Բնական է

24/08/2009

Արձագանքելով օգոստոսի 18-ին Իջեւանում Լեւոն Տեր-Պետրոսյանի` «իշխանությունները Ղարաբաղն արդեն տվել-վերջացրել են» հայտարարությանը, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը երեկ ասել է, որ նման հայտարարությունների հիմքը բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի` ընդդիմադիր գործիչ լինելն է. «Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունների համար, իհարկե, հիմք կա: Լ. Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր քաղաքական գործիչ է: Ընդդիմադիր գործիչը պետք է քննադատի իշխանություններին. դա է նրա սոցիալական դերը: Քննադատելով իշխանություններին` նա պետք է քննադատի նրանց գործողություններն այն ոլորտներում, որոնք ժողովրդի համար կարեւոր են: Ղարաբաղյան հարցը կարեւոր եւ հիվանդագին է հասարակության համար: Հետեւաբար, Լ.Տեր-Պետրոսյանը, որպես ընդդիմադիր գործիչ, պետք է ասի, որ այնտեղ ամեն ինչ վատ է: Սակայն նախագահ առաջադրվելուց ի վեր նրա ասածներն աստիճանաբար ավելի թունդ են դառնում: Վատ է, ավելի վատ է, բանակցային գործընթացն ավելի վատ է, Ադրբեջանը զինվում է եւ այլն: Բնական է, որ վերջում պետք է ասվեր, որ Ղարաբաղը հանձնել են»: