Ամրագոտիներ կրելու մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգը արդեն լուրջ արձագանք է գտել:
Իհարկե, շարքային քաղաքացիները, այդ թվում՝ տաքսիների վարորդները, հետեւում են այդ հրահանգին, եւ արդեն նրանց ուսերին նկատելի են ամրագոտիները, իսկ վարչապետի կարգադրությանը անհամաձայնություն հայտնող կամ դրան անտեղյակ քաղաքացիները հրահանգը չկատարելու համար տուգանվում են նվազագույնը 5000 դրամով: Իհարկե, դժվար է ասել` շքեղ մեքենաներով ու գոլդ համարներով «լոպազները» տուգանվո՞ւմ են Տ.Սարգսյանի հրահանգը չկատարելու համար: Բայց տուգանքն այդ կարգադրության միակ սոցիալ-տնտեսական հետեւանքը չէ: Ավտոտեխսպասարկման կետերում ու խանութներում արդեն վաճառվում են 8000-15.000 դրամ արժողությամբ ամրագոտիներ: Այնպես որ, այս հրահանգը աշխուժացրել է նաեւ ՀՀ բիզնես միջավայրը: Ժամանակին, երբ ամրագոտիների կրումը անհրաժեշտ, բայց պարտադիր չէր համարվում, հատկապես խորհրդային արտադրության մեքնենաներ ունեցող շատ վարորդներ դրանք ուղղակի կտրել են: Ավտոտեխսպասարկման ծառայությունների հեռատես տերերը դրանք հավաքել, պահել են եւ հիմա վաճառում են նույն վարորդներին: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ ամրագոտիներ չկրելու համար այս տարվա հունվարից ՀՀ մարզերում տուգանվել է մոտ 8000 վարորդ: Պատկերացնելու համար, թե ինչ ծավալի բիզնես կարող է դառնալ ամրագոտիների վաճառքը, նշենք, որ հատկապես ռուսական արտադրության մեծ թվով նույնիսկ նոր մեքենաների մեջ ամրագոտիներ չկան (իսկ ՀՀ-ում մեքենաների մոտ 65 տոկոսը ռուսականն է): Նշենք նաեւ, որ այդ ավտոմեքենաների ամենամյա տեխզննության ընթացքում, տեխնիկական անվտանգության բազմաթիվ պահանջների հետ միասին, կա նաեւ ամրագոտիներ կրելու պահանջը: Սակայն այդ պահանջին հակառակ` ամրագոտիներ չունեցող կամ չկրող վարորդները նույնպես ստացել են տեխզննման կտրոնը: Իսկ հիմա Ոստիկանության տեսուչները տուգանում են նաեւ տեխզննման կտրոն ունեցող վարորդներին: Իհարկե, հայտնի է նաեւ, թե ինչ ճանապարհով կարելի է ստանալ այդ տեխզննման կտրոնները: Հիշեցնենք, նաեւ, որ անցյալ տարվանից տեխզննումը իրականացնում են ոչ թե Պետավտոտեսչության բաժիններում, այլ, այսպես ասած` լիցենզավորված ավտոտեխսպասարկման մասնավոր կետերում, որոնց մեծ մասը պատկանում է ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանին: Առայժմ դժվար է ասել, թե վարչապետի այս հրահանգը որքան ժամանակվա կյանք է ունենալու: Սակայն հայտնի է, որ այդ հրահանգն ունի տնտեսական մեկ այլ հետեւանք եւս. կառավարությունն այդ ծրագրի համար Համաշխարհային բանկից 5 տարվա ընթացքում 10 մլն դոլար վարկ է ստանալու: Չի բացառվում նաեւ, որ ծրագրի ավարտից, այսինքն` վարկային գումարները ծախսելուց հետո, ամրագոտիների չկրումն այլեւս «լոպազություն» չդիտվի եւ խիստ անհրաժեշտ չհամարվի: Ի դեպ, ամրագոտիների հետ կապված այս պատմությունը երկակի նշանակություն է ստացել: Այն, որ ամրագոտիների պարտադիր կիրառումը դրական քայլ է, անհերքելի է: Սակայն, իշխանությունները, ինչպես ցանկացած լավ գաղափար, այս մեկն էլ կարողացան այնպես փչացնել, որ մարդիկ օբյեկտիվորեն բացասաբար են վերաբերվում դրան: Այսինքն` շատ քաղաքացիներ սկզբունքորեն չեն կիրառում ամրագոտի` այդ ձեւով իրենց ընդվզումն արտահայտելով նորմալ գաղափարը քարոզչական ակցիայի վերածելու կառավարության փորձի դեմ: Դժբախտաբար, այդ քաղաքացիների ընդվզումն արդարացի է: