Ի՜նչ տխուր է Հայաստանում

24/08/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Օրն էր կիրակի կամ գուցե այլ պատճառ կար, սակայն օգոստոսի 23-ին հայերս ոչ այնքան մեծ շուքով, եթե չասենք` խիստ համեստ, նշեցինք Անկախության հռչակագրի ընդունման 19-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ ուղերձ էր հղել հանրապետության նախագահը` Սերժ Սարգսյանը, նկատելով, թե տասնինը տարի առաջ ի լուր աշխարհի մեր ժողովուրդը հայտարարեց իր երկրի անկախության, ըստ այդմ` իր վերելքի մասին: Անկախության մասին ի լուր աշխարհի հռչակելը գործի շատ փոքր մասն է: Մյունհաուզենն էլ իր անունից պատերազմ էր հռչակել Անգլիային, սակայն Անգլիայում ոչ ոք այդ մասին գլխի էլ չէր ընկել:

Գիտակցությունը, որ անկախ երկրի քաղաքացի ես, խիստ հաճելի է: Սակայն, եթե փորձենք կոնկրետացնել, թե հաճույքի զգացողությունից զատ` ինչպե՞ս ենք կարողացել աշխատեցնել մեր պետության անկախությունը` հօգուտ Հայաստանի արտաքին վարկի, հօգուտ անկախ Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ կյանքի, հաջող օրինակներ դժվարությամբ կգտնենք:

Ավելին, Հայաստանի անկախացումից հետո սեփական երկիրը թողած եւ օտար երկրում կացության` ոչ այնքան պատվաբեր ձեւը նախընտրող մեր հայրենակիցների թիվը, ոչ պաշտոնական տվյալներով, հատում է միլիոնի սահմանը: Ընդ որում, խորհրդարանական, նախագահական ընտրություններից հետո արտագաղթողների ալիքը նոր թափ է ստանում: Նման ալիք բարձրացել է նաեւ նախորդ տարվա մարտի մեկից հետո, երբ տասը անմեղ մարդ սպանվեց մայրաքաղաքի փողոցներում, եւ մինչ օրս որեւէ մեկը սպանության մեղադրանքով կալանավորված չէ: Հետո այդ ձերբակալությունները, դատավարությունները: Եվ այդ ամենն անդրադառնում է նաեւ մարդկանց վրա. գիտակցության կատաստրոֆիկ անկումը հասարակության զգալի մասի մոտ արթնացրել է խիստ ցածր եւ վտանգավոր բնազդներ:

Վերջերս հայաստանյան թերթերից մեկն անդրադարձել էր մտավոր որոշակի խնդիրներ ունեցող մի աղջնակի ճակատագրին: Աղջիկը դժբախտություն էր ունեցել շփոթել այն կանգառը, ուր իրեն պետք է դիմավորեր եղբայրը, եւ երկու օր շարունակ, մինչեւ նրան հայտնաբերելը, տարբեր երիտասարդներ նրա հանդեպ սեռական ոտնձգություններ էին կատարել: Այսինքն, այն չէր, որ շեղված հոգեբանությամբ մի երիտասարդ օգտվել էր աղջնակի անպաշտպան վիճակից: Խոսքն օրվա տարբեր ժամերին, տարբեր, միմյանց չճանաչող մարդկանց մասին է, ովքեր աղջկա անօգնական վիճակից խղճահարվելու եւ օգնության ձեռք մեկնելու փոխարեն՝ այնքան դաժան էին գտնվել: Սա արդեն լուրջ ու տագնապեցնող ցուցանիշ է, որի դեմ պետական մակարդակով ոչ միայն չեն պայքարում, այլ հակառակը, խրախուսում են:

Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը նկարահանել էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի սաներից մի քանիսին, ովքեր պատմել էին, թե ինչպես է դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանը սեռական ոտնձգության ենթարկել դպրոցի սաներին: Առողջ տրամաբանությունը ենթադրում է, որ նման հրապարակումից հետո Լեւոն Ավագյանին անմիջապես պետք է ազատեին աշխատանքից եւ նրա դեմ քրեական մեղադրանք առաջադրեին: Սակայն «սուտ մատնություն» մեղադրանքով քրեական գործ է հարուցվել Մարիամ Սուխուդյանի դեմ եւ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Ընդ որում, այն երեխաներին, ովքեր Մարիամ Սուխուդյանին պատմել էին իրականությունը, ստիպել են հրաժարվել իրենց ասածներից: Երեխաներին մեղադրել ոչ մի կերպ չի կարելի: Իր հարցազրույցներից մեկում դերասան Արմեն Ջիգարխանյանն ասել էր, որ եթե իրեն ծեծելու սպառնալիքով ստիպեն հրաժարվել իր ասածներից կամ ինչ-ինչ տեղեկություններ հայտնել, ինքն առանց երկար-բարակ մտածելու կհամաձայներ, քանի որ ցավին չի դիմանում:

Իսկ այն, ինչ կատարվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաներին տեսագրած Մարիամ Սուխուդյանի հետ, նշանակում է, որ պետությունը բարձրաձայն ասում է՝ իր հովանավորության տակ են անառակները, առողջական ինչ-ինչ խնդիրներ ունեցող երեխաների անպաշտպան վիճակից օգտվող վերջացած մարդիկ: Իսկ նա, ով կփորձի այդ մասին բարձրաձայնել, կարժանանա Մարիամ Սուխուդյանի ճակատագրին, այսինքն` նրա՛ դեմ քրեական գործ կհարուցվի:

Եթե անդրադառնանք նաեւ արդեն ձանձրացրած ընտրությունների թեմային եւ վերհիշենք, թե ինչպես են դրանք անցնում, պետության հովանավորությունը վայելողների թվին են պատկանում նաեւ մանր ու մեծ կեղծարարները, կաշառք բաժանողներն ու դրանք ընդունողները:

Եթե Հայաստանի անկախ հանրապետության ղեկավարները հարգեին իրենց քաղաքացիներին, փորձեին հնարավորինս լուրջ ընդունել նրանց, ապա պարզապես իրենց թույլ չէին տա, անպատվաբեր կհամարեին նման ցածրորակ հասարակության գոյությունը: Ընտրությունների ժամանակ կհարգեին ազատ ու անկախ երկրի քաղաքացու ընտրությունը, ջանք չէին թափի համոզել նրան` հազար դրամ ընտրակաշառք վերցնել, թույլ չէին տա, որ մարդիկ իրենց երկրում իրենց այդքան անպաշտպան ու օտար զգան: Թույլ չէին տա խաղատների, բուքմեյքերական գրասենյակների, ամեն կարգի կասկածելի շինությունների այս քանակը: Եթե հասարակական գիտակցությունն այն մակարդակին չէ, որ մարդիկ, հատկապես երիտասարդները, կարողանան ընտրություն կատարել լավի ու վատի միջեւ` հօգուտ լավի, այդ դեպքում պետք է միջամտի պետությունը` գոնե պակասեցնելով գայթակղությունների մղող օբյեկտների թիվը:

Հետաքրքիր վիճակ է. հասարակության այն մասը, ում համար թանկ է երկրի անկախությունը, դժվարություն ունի ապրելու այս երկրում: Նրանք, ովքեր այնպիսին են, ինչպիսին է, ասենք, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանը, պարզապես պետք է ամեն օր փառք տան Աստծուն, որ ծնվել են այն երկրում, որը տասնինը տարի առաջ ի լուր աշխարհի հռչակեց իր անկախությունը եւ կոչվում է Հայաստանի Հանրապետություն: