Փափկել է

24/08/2009

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է հաշտվել Մոսկվայի հետ: «Վեդոմոստիի» փոխանցմամբ` Բելառուսին փող է պետք, իսկ Ռուսաստանից բացի, նա որեւէ մեկից այն խնդրել չի կարող: Մեդվեդեւի հետ հանդիպման մասին տեղեկացրել է անձամբ Լուկաշենկոն: «Մենք կքննարկենք բոլոր այն բարդ հարցերը, որոնց մինչ այժմ չի հաջողվել լուծում տալ»,- ասել է նա: Ի դեպ, Սոչիում հանդիպելու հրավեր Լուկաշենկոն ստացել էր դեռեւս օգոստոսի մեկին Ղրղզըստանում` ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ: Համաձայն բելառուսական աղբյուրի` Մեդվեդեւը հրավերի մասին եւս մեկ անգամ հիշեցրել էր նախորդ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Ռուսաստանն արգելք էր դրել բելառուսական կաթնամթերքի վրա: Ի պատասխան այդ քայլի` Մինսկը խստացրեց Ռուսաստանի հետ մաքսային վերահսկողությունը: Այնուհետեւ Լուկաշենկոն հրաժարվեց մասնակցել հունիսի 14-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին, իսկ դրա ընթացքում ընդունված որոշումները հայտարարել էր անօրինական: