– Պարոն Շահնազարյան, համամի՞տ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարության հետ, թե «Ղարաբաղն արդեն տված է»: Ձեր կարծիքով՝ ԼՂՀ կարգավորման գործընթացն ի՞նչ փուլում է:
– Ակնհայտ է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը մտել է շատ ակտիվ փուլ: Նույնիսկ նշաններ կան, որ «դեյթոնյան» պրոցես է գնում (նկատի ունեմ՝ միասնական միջազգային ճնշում կողմերի վրա եւ խաղաղության պարտադրում): Միանգամից ասեմ, որ իմ տեղեկությունների համաձայն՝ մադրիդյան նորացված սկզբունքները բաղկացած են 14 կետից, որոնցից 6-ն արդեն հրապարակվել է: Կարող եմ ընդհանուր գնահատական տալ, որ ըստ էության սա ոչ թե հակամարտության կարգավորում է, այլ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքների վերացում եւ վերադարձ մինչպատերազմական վիճակին, ուրիշ ոչինչ: Այստեղ փոխզիջումներ չեմ տեսնում, բացարձակապես միակողմանի զիջումներ են: Նույնիսկ այն, որ միջազգային խաղաղապահ զինված ուժեր չեն տեղակայվելու, այլ լինելու են դիտորդներ, դա նույնպես շատ մեծ զիջում է ՀՀ-ի կողմից: Միշտ ասում էինք, թե ԼՂ-ի անվտանգությունն ապահովելու համար պետք է լինեն երկու տիպի երաշխիքներ` քաղաքական եւ ռազմատեխնիկական: 98 թվից ԼՂ հակամարտության կարգավորման քաղաքականությունն ընդհանրապես փոխվեց եւ ինքնորոշման հարցից Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի ջանքերով այն վերածվեց տարածքային պահանջի: Եվ այս քաղաքականության պտուղներն այսօր ավելի քան ակնհայտ են: 98-ից սկսած տարբեր միջազգային ատյաններում ՀՀ-ն չի կարողացել դիմակայել բազմաթիվ որոշումների, բանաձեւերի, որոնք մեր դեմ են եղել: Ամենացայտուն օրինակը անցած տարվա մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւն է: Հիմա նույնպես Ադրբեջանի ջանքերով 2 բանաձեւ գտնվում է ՄԱԿ-ի ԳԱ օրակարգում, որոնցից նույնպես որեւէ դրական ակնկալիք ունենալ չի կարելի: Կարգավորման այս ակտիվ փուլում Ադրբեջանը շարունակում է հետապնդել ՄԱԿ-ի ԳԱ այդ բանաձեւերի ընդունումը, որովհետեւ նպատակ ունի նախ` ուժեղացնել իր դիրքը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում, ցույց տալ, որ Մինսկի խումբն իր համար վերջին ատյանը չէ եւ շարունակելու է օգտագործել միջազգային բոլոր ատյանները: Նաեւ ցույց է տալիս միջազգային հանրության մեջ իր դերն ու դիրքը: Եվ աջակցությունը, որ ստանում է ՄԱԿ-ում, մեկ անգամ եւս ապացուցում է իր դիրքերի ամրությունը: Մինչդեռ 90-ականներին բոլոր նման միջազգային ատյաններում հայկական կողմն էր անընդհատ փորձում հարցը մտցնել օրակարգ, Ադրբեջանն էր ամեն ինչ անում, որ դա չլինի: Հիմա վիճակը փոխվել է, եւ մեր պատվիրակները վերադարձից հետո լավագույն դեպքում ասել են, թե մեզ հաջողվեց հարցը չմտցնել օրակարգ: Վերջին շրջանում Ադրբեջանն ապացուցեց, որ ինքը գործոն է, որ իր հետ պետք է հաշվի նստեն եւ՛ ռուս-թուրքական, եւ՛ հայ-թուրքական հարաբերություններում, եւ՛ բոլոր տարածաշրջանային ծրագրերում: Ադրբեջանը բավական ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում: Բավական կոշտ ձեւով «ոչ» է ասել թե՛ Մոսկվային, թե՛ Բրյուսելին եւ թե՛ Վաշինգտոնին: Նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերություններում բավական կոշտ դիրքորոշում որդեգրեց` Բաքվին դուր չեկավ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, եւ Անկարային ստիպեց հաշվի առնել իր շահերը: Այսօր ուզում են ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նույնպես ամբողջապես իրենցից է կախված: Տարածաշրջանում ամենաակտիվ ու հավասարակշիռ արտաքին քաղաքականություն այսօր վարում է Ադրբեջանը: Այդպիսի գործոն էր Հայաստանը 90-ական թվականներին:
– Ուզում եք ասել, որ այս անգամ հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ չեղավ, որովհետեւ դա չցանկացավ Ադրբեջա՞նը:
– Միանշանակ, Ադրբեջանը ցույց տվեց, որ Թուրքիան ՀՀ-ի հետ իր քաղաքականության մեջ անկախ չէ: Այսօր լուրջ լարվածություն կա Անկարայի եւ Բաքվի հարաբերություններում: Անկարան այսօր նպատակ ունի հաճոյանալ եւ սիրաշահել Բաքվին: Առանց ԼՂՀ հարցում էական առաջընթացի հույս ունենալ, որ Թուրքիան սահմանները կբացի, առնվազն պարզամտություն էր: Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը ՀՀ-ին բերեց տխուր արդյունքներ: Վերջերս եմ եղել Թուրքիայում եւ քաղաքական շրջանակների հետ իմ հանդիպումներից ստացել եմ այն տպավորությունը, թե նրանք ստացել են այն, ինչ երազում էին` ճանապարհային քարտեզ, կառավարական մակարդակով հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով, եւ հիմա այս համաձայնությունները նրանք դրել են դարակում եւ սպասում են իրենց նոր նախապայմանների կատարմանը` ԼՂՀ հարցում ՀՀ-ի լուրջ զիջումներին, որ նոր միայն անդրադառնան այդ վաղուց արդեն համաձայնեցված ճանապարհային քարտեզին: ՀՀ իշխանություններն ուղղակի պարտավոր են գաղտնազերծել այդ փաստաթղթերը: Կարծում եմ, որ Ս.Սարգսյանն ինքն իր համար վերջնաժամկետ սահմանելով ֆուտբոլային խաղի օրը, հերթական կոպիտ սխալը գործեց հայ-թուրքական հարաբերություններում: Նա պետք է նաեւ ժամկետ դներ, թե եթե այդ պարտավորվածությունները մինչեւ X օրը չեն սկսում իրագործվել, ապա այդ ամբողջ փաթեթը պետք է համարվի չեղյալ:
– Եթե այդքան մտահոգիչ վիճակ է ԼՂՀ կարգավորման գործընթացում, ապա ինչո՞ւ ՀԱԿ-ը ավելի ակտիվ չի գործում, զանգվածային միջոցառումներ չի կազմակերպում եւ հասարակությանը չի տեղեկացնում այդ մասին:
– ՀԱԿ-ը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը: Ամբողջական փորձագիտական վերլուծություն ենք ներկայացրել, քաղաքական գնահատականներ ենք տվել: Իսկ ՀԱԿ-ը չի անցնում զանգվածային միջոցառումների, որովհետեւ մեզ համար ի սկզբանե ԼՂ հարցը եղել է ինքնորոշման հարց: Այսինքն՝ այն, ինչ ընդունելի է ԼՂՀ-ի համար, ընդունելի է նաեւ ՀՀ-ի համար:
– Չե՞ք կարծում, որ այդպիսով ՀԱԿ-ը խուսափում է պատասխանատվությունից: Կամ ճի՞շտ են հնչող կարծիքները, թե ԼՂՀ հարցում Լ.Տեր-Պետրոսյանի եւ Ս.Սարգսյանի մոտեցումները նույնն են:
– Այդ մեղադրանքները բացարձակապես սին են, կարգավորման այն տարբերակը, որը եղել է 97 թվականին, այսօրվանի հետ որեւէ կապ չունի: Դա իշխանությունների էժանագին պրոպագանդան է: Այդ իսկ պատճառով իշխանությունների ներկայացուցիչներն ու նրանց հարողներն ընդհանրապես խուսափում են որեւէ բովանդակային բանավեճից: Նրանք երկու բան են ասում. առաջինը՝ որ այս կարգավորումը շատ լավն է, երկրորդ` եթե սա չանենք, պատերազմ է լինելու: Պատերազմի վտանգը ես չեմ բացառում, բայց եթե սա էլ լավն է, ապա ինչո՞ւ մանրամասները չեն բացահայտում: Ցավոք, այսօր ՀՀ-ն այս բանակցություններում եւ ընդհանրապես միջազգային հարաբերություններում սուբյեկտ չէ, ընդամենը օբյեկտ է: Լեգիտիմության զրոյական պաշար ունեցող իշխանությունը չի կարող արտաքին քաղաքականությունում պաշտպանել իր ազգային պետական շահերը: Նրանք պաշտպանում են միայն իրենց իշխանությունը:
– Պարբերաբար ակտիվանում են արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները: Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք:
– Թե արտահերթ ընտրությունները, թե քաղբանտարկյալների ազատ արձակումն իշխանությունները կանեն միմիայն ճնշման տակ: Նրանցից որեւէ բարի կամքի արտահայտություն չի կարելի սպասել: Քաղբանտարկյալների ազատ արձակումը եղավ հիմնականում ներքին ճնշման ազդեցության արդյունքում, եղավ նաեւ որոշակի արտաքին ճնշում: Մենք շարունակելու ենք պայքարել, որ ՀՀ-ում որեւէ քաղբանտարկյալ չլինի:
– Տարեսկզբին ընդդիմության ներկայացուցիչները վստահ էին, որ տնտեսական ճգնաժամի արդյունքում սոցիալական ընդվզում կառաջանա, որը կհանգեցնի իշխանափոխության: Հիմա էլ կարծես թե իշխանափոխությունը պայմանավորվում է ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացով:
– Մենք երբեք հույսներս չենք կապել սոցիալ-տնտեսական վիճակի հետ: Ընդհակառակը, ի տարբերություն իշխանությունների, որ մինչեւ հիմա ծրագիր չունեն, մենք միջազգային ճգնաժամի ազդեցությունը նվազագույնի հասցնելու առաջարկություններ ու ծրագրեր ենք ներկայացրել՝ նպատակ ունենալով մեղմել մեր ժողովրդի առանց այդ էլ շատ ծանր վիճակը: Անցած տարվա հոկտեմբերին մենք բավական երկար դադար վերցրեցինք եւ հայտարարեցինք, թե շատ վճռական պահ է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային փուլում, որ իշխանություններն ավելի ազատ զգան իրենց եւ չգնան ավելորդ զիջումների: Եթե մեր հույսը դրա վրա լիներ, մենք կփորձեինք շահարկել այդ հարցը: ՀԱԿ-ն իր հույսը դրել է միմիայն ժողովրդի վրա:
– Տեսակետ կա, թե Ռուսաստանին ձեռնտու չէ, որ ԼՂՀ հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, որովհետեւ այդ դեպքում անիմաստ կդառնա նրա ռազմական ներկայությունը մեր երկրում: Այդպիսով նաեւ կթուլանա ՌԴ-ի ազդեցությունը մեր տարածաշրջանում:
– Նման տեսակետներ հայտնողները զբաղված են բացառապես ինքնախաբեությամբ:
Մենք մեր հույսը դնե՞նք ՌԴ դիրքորոշման վրա եւ շարունակե՞նք հակամարտությունը չլուծելու քաղաքականությունը: Նախ` 98թ. սկսած ստատուս-քվոն փոխվել է ամեն օր եւ ամեն ժամ եւ բացառապես՝ ի վնաս մեզ: Իսկ եթե մի օր փոխվե՞ց ՌԴ դիրքորոշումը, եթե արդեն չի փոխվել: Ինքս շատ մտահոգված եմ ռուս-թուրքական այս մերձեցմամբ, եւ որոշ պայմանագրերի հետ կապված՝ մասնավորապես: Բայց եկեք չմոռանանք, որ ՌԴ-ի համար ՀՀ-ն ընդամենը ֆորպոստ է, որը պետք եղած պահին զոհաբերվելու է սեփական քաղաքական շահերին: ՌԴ-ն իր արտաքին քաղաքականության մեջ անկանխատեսելի է: Իսկ ցանկացած հակամարտության դեպքում վիճակը սառեցված պահելը ձեռնտու է այն կողմին, որն ավելի արագ է զարգանում: