Ընդամենը մի քանի օր առաջ, երբ Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք էր հայտնել, թե 2009թ. տնտեսական անկումը կկազմի 12-15%, շատերը մի տեսակ լավատեսությամբ էին սպասում պաշտոնական վիճակագրության հերթական ցուցանիշներին։ Սակայն հաջորդ օրն իսկ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները միանգամից ցրեցին այդ լավատեսությունը։
Բանն այն է, որ 2009թ. հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական անկումը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) արդեն իսկ կազմում էր 16.3%։ Եվ երբ չորեքշաբթի օրը պրն Արամյանը վերը նշված կանխատեսումն արեց, սպասվում էր, որ հունվար-հուլիսի ցուցանիշներն ավելի բարվոք կլինեն։ Իհարկե, լավատեսությունը կապված էր ոչ թե տնտեսական աճի հետ, այլ ընդամենը՝ անկման տեմպի թուլացման։ Սակայն փոխնախարարի ասուլիսի հաջորդ օրը ԱՎԾ հրապարակումը մակրոտնտեսական վիճակի վերաբերյալ շատերիս տարակուսանքի մեջ գցեց։ Արձանագրեցինք նոր ռեկորդ՝ 18.5% տնտեսական անկում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես հիշում եք, դեռ 2 ամիս առաջ էր ասել, որ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ցուցանիշները շարունակելու են վատանալ, եւ չի բացառվում, որ տարին փակենք 20%-անոց անկումով։ Սակայն հուլիս ամսին, երբ հրապարակվեցին առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշները, 16.3%-անոց անկման ֆոնին, այդուհանդերձ, կային որոշակի հուսադրող միտումներ։ Դա առիթ հանդիսացավ, որ Տիգրան Սարգսյանը հուլիսի 23-ին կառավարության նիստը սկսի մակրոտնտեսական ցուցանիշների մասին բավականին ընդարձակ եւ լավատեսական ելույթով։ «Մեր կանխատեսումներով մոտակա ամիսների տնտեսական աճի ցուցանիշների անկումը ավելի խորը պետք է լիներ։ Մենք չէինք բացառում, որ այն տարվա ընթացքում կարող է կազմել 20 %. դա, իհարկե, հոռետեսական սցենարն էր, բայց այս ամսվա հաշվետվությունը, որ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց, պարունակում է որոշ դրական ազդակներ»,- ուղիղ մեկ ամիս առաջ ասում էր Տ. Սարգսյանը։ Ի՞նչ դրական ազդակների մասին էր նա խոսում։ Առաջին հերթին խոսքը գնում էր շինարարության ոլորտի մասին։ 5 ամսվա կտրվածքով շինարարության ծավալները կրճատվել էին 53.5%-ով, սակայն ամսվա կտրվածքով արձանագրվել էր 130.8%-անոց աճ։ Այսինքն՝ հունիս ամսին 2.3 անգամ ավելի շատ շինարարություն էր իրականացվել, քան մայիսին։ Վարչապետը դա պայմանավորել էր դրական սպասումների ձեւավորմամբ եւ կառավարության իրականացրած միջոցառումներով (մասնավորապես՝ կառուցապատողներին պետական երաշխիքների տրամադրումը)։ Դրան էլ գումարվել էր Հիպոթեքային հիմնադրամի գործունեության մեկնարկը, եւ արդյունքում, վարչապետի խոսքերով, «նկատեցինք աննախադեպ փոփոխություն»։
Որպես մեկ այլ դրական ազդակ՝ վարչապետը նշել էր նաեւ ծառայությունների ոլորտը, որտեղ թեկուզ աննշան, բայց աճ էր արձանագրվել՝ 0.9%-ի չափով։ Արդյունաբերության ոլորտի 12%-անոց անկումը վարչապետը համարել էր իրատեսական։ Գյուղատնտեսության 2.5%-անոց անկումը պայմանավորել էր հիմնականում սեզոնայնությամբ եւ հույս հայտնել, որ օգոստոսին իրավիճակը կշտկվի։ Եվ վերջապես՝ որպես դրական ազդակ, Տ. Սարգսյանը նշում էր արտահանման 37%-անոց եւ ներմուծման 45%-անոց աճերը (ամսական կտրվածքով)։ Այսինքն՝ խոսքը գնում էր միտումների մասին, որոնք կարծես դրական էին։ Սակայն միտումը՝ որպես այդպիսին, ենթադրում է շարունակականություն։ Այսինքն՝ եթե նկատվում է ամսական աճ, ապա այն պետք է նկատվի նաեւ հաջորդ ամիսներին, այլապես՝ դա ոչ թե միտում է, այլ բացառություն։ Հունվար-հուլիսի ցուցանիշները փաստում են, որ դրական միտումների մասին խոսելը անցյալ ամիս արդարացված չէր։ Սկսենք վերջից՝ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտից, եթե հունիսին (մայիսի համեմատ) արտահանումն աճել էր՝ 37, իսկ ներմուծումը՝ 45%-ով, ապա հուլիսին արտահանման ամսական աճը կազմել է ընդամենը 15.6%, իսկ ներմուծումը նվազել 1.4%-ով։
Գյուղատնտեսության առումով հույսերը նույնպես չեն արդարացել. հունվար-հուլիսին գրանցվել է 2.1% անկում (գրեթե համարժեք առաջին կիսամյակի տվյալներին)։ Ծառայությունների ոլորտը հունվար-հունիսի 0.9%-անոց աճի փոխարեն առաջին յոթ ամիսներին արձանագրել է 0.5% անկում։ Արդյունաբերության մասին, բնականաբար, չենք խոսի. այս ոլորտի հիվանդության արմատները շատ խորն են։ Եվ իհարկե՝ շինարարության ոլորտը։ Պարզվում է՝ դրական սպասումների ձեւավորումը, կառավարության իրականացրած քայլերը եւ հիպոթեքային հիմնադրամի մեկնարկը, որոնք հունիս ամսին ապահովել էին 2.3 անգամյա աճ, ընդամենը 1 ամսվա «վառելիքային պաշար» ունեին։ Եթե մայիսի համեմատ շինարարությունը հունիս ամսին աճել էր 130.8%-ով, ապա հուլիսի աճը հունիսի համեմատ կազմել է ընդամենը 4.5%։ Այսինքն՝ ամսական կտրվածքով աճի տեմպը շուրջ 30 անգամ ընկել է, ինչն անհասկանալի է՝ մեկ ամիս առաջ առկա ոգեւորության ֆոնին։
Միգուցե հիմա նույնպես ԶԼՄ-ների հասցեին կշտամբանքներ հնչեն՝ թե ինչո՞ւ մասնագիտական, խորը վերլուծություններ եւ քննադատություններ չեն անում։ Սակայն դրանց կարիքն էլ չկա։ Մենք ընդամենը արձանագրում ենք, որ մեկ ամիս առաջ կառավարությունը լավատեսության ավելի շատ հիմքեր ուներ, քան այսօր։ Ու թերեւս հենց այդ է պատճառը, որ 18.5%-անոց անկման ու մյուս ցուցանիշների մասին երկրի առաջին դեմքերը չխոսեցին։ Խոսելու բան (լավ բան) այս անգամ կարծես չկա։
Չնայած՝ մի քիչ մտածելու դեպքում 18.5%-անոց անկումից կարելի է մի դրական ցուցանիշ պեղել։ Նախորդ ամիս՝ երբ տնտեսական անկման ցուցանիշը 16% էր, վարչապետը հայտարարեց, որ ստվերը կրճատվել է 16%-ով։ Հետո, որքանով հասկացանք, այս խոսքերի հիմնավորումն այն էր, որ 16%-անոց տնտեսական անկման պայմաններում մանրածախ առեւտրաշրջանառությունը չի նվազել։ Այժմ տնտեսական անկումը կազմել է 18.5%, իսկ մանրածախ առեւտրաշրջանառությունը ոչ միայն չի նվազել, այլ աճել է 0.1%-ով։ Հետեւաբար՝ բոլոր հիմքերը կան հայտարարելու, որ կառավարության հերոսական ջանքերի շնորհիվ ստվերը հունվար-հուլիս ժամանակաշրջանում կրճատվել է 18%-ով։ Այնպես որ, ուրախանալու առիթ միշտ էլ կարելի է գտնել, կարեւորը՝ ցանկություն լինի։