Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ խոստացել է, որ շատ շուտով հանդես է գալու մի քանի աղմկահարույց սպանությունների բացահայտումներով:
Իսկ թե խոսքը հատկապես ո՛ր հանցագործությունների մասին է` նա չի մանրամասնել: Նա միայն ակնարկել է, որ խոսքն ամենեւին էլ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության, ոչ էլ` հեռուստալրագրող Նվեր Մնացականյանի ծեծի մասին չէ:
Սակայն մինչ Ա. Սարգսյանը կկատարի իր խոստումն ու այս առնչությամբ որոշ բացահայտումներ կանի, երեկ նա խոսել է նաեւ մի շարք այլ ուշագրավ երեւույթների մասին: Օրինակ, նա խոսել է Հայաստանում բնակվող հատուկենտ օրենքով գողերի մասին` ասելով. «Կարծում եմ` մեր քաղաքում բնակվող 3-4 գողերը ոչ մի եղանակ այսօր չեն ստեղծում եւ բառիս իսկական իմաստով գտնվում են մեր տեսադաշտում` բառիս իսկական իմաստով: Նրանք վերահսկվում են ամբողջությամբ»: Նա նաեւ հայտարարել է, թե մի շարք օրենքով գողերի ՀՀ ոստիկանությունը տարբեր հանցագործությունների առիթով ձերբակալել է, եւ որ յուրաքանչյուր օրենքով գող հանցանք կատարելու դեպքում ենթարկվում է պատասխանատվության: «Կամ նրանք պիտի հասկանան, որ Հայաստանում էս ձեւով ապրելն էսօր արդեն նպատակահարմար չի, որովհետեւ նրանց ոչ ժողովուրդն է ընդունում, ոչ իշխանությունն է ընդունում, ոչ որեւիցե մեկը: Էդ օրենքով գող հասկացությունը, կարծեմ, արդեն ավարտված նյութ է, ու դրան անդրադառնալ պետք չի»,- հայտարարել է ՀՀ ոստիկանապետը: Իսկ ինչ վերաբերում է, այսպես կոչված` հեղինակություններին, ապա Ա. Սարգսյանի հայտարարությունն այս մասին ցնցող էր. նա հայտարարել է, որ այդ հեղինակություններն իրենց «կլիենտներն են», ովքեր իրենց «դռներով գալիս-անցնում են սատկած կարգավիճակով»: «Սրանք կյանք չունեն էս երկրում եւ չեն ունենալու»,- ասել է ՀՀ ոստիկանապետը:
Ալիկ Սարգսյանը հատուկ ոգեւորությամբ լրագրողներին երեկ պատմել է նաեւ իր եւ հայտնի մի պաշտոնյայի երկխոսության մանրամասները, ով, Ա. Սարգսյանի ներկայացնելով` դիմել է իրեն հատուկ խնդրանքով: Բնականաբար, այդ պաշտոնյայի անունը Ալիկ Սարգսյանը չի տվել, սակայն ընդգծել է, որ նա «բարձրագույն կրթությամբ իրավաբանությանը ծանոթ մարդ է»: Իր տվյալներով բացառիկ այդ պաշտոնյան, ըստ ոստիկանապետի` իրեն խնդրել է ծեծի միջոցով ինչ-որ մեկից ստանալ այն գումարը, որն իրենց պարտք են: «Նա ասաց, որ եթե այդ պարտապանին բերեն Ոստիկանություն եւ ծեծեն, ապա կխելոքանա ու կտա փողը: Ասում եմ` սա քրեորեն պատժելի արարք է` դիմումդ գրի, օրինական ընթացք տանք, քրեական գործ հարուցենք, քո վնասներն էլ վերականգնենք: Ասում է` ես դիմում չեմ գրի, չընկնեմ աղմուկի մեջ, որ մարդիկ չիմանան այդ մասին: Բայց, ասում է, որ ասես մի գիշեր բերեն ծեծեն՝ փողս կտա: Ես ուզում եմ բոլորն իմանան, Ոստիկանությունը ծեծող մարմին չէ: Այս պարագայում մեր աշխատաոճն էլ ենք մենք փոխել: Այսօր առաջվա Ոստիկանությունը չէ: Ես հիմա չեմ ուզում այն բաները հիշացնել, ոնց էին առաջ, ես ինքս էլ աշխատել եմ, չէ՞, ես ասել եմ, որ օրգաններում եմ ես ծնվել ու մեծացել, ես ինքս գործելաոճին շատ լավ տիրապետել եմ ու իմացել եմ ինչի մասին է խոսքը: Այսօր դա մենք բացառում ենք: Այսօր հանցագործ աշխարհը նույնիսկ մեզանից նեղանալու կարիք չունի: Ես հասկանում եմ նրանց տրամադրությունը, տեսնում են, որ պատիժը տրվում է արդարացի, կատարող մարդուն միայն: Անիմաստ որեւէ մեկին չեն բերում Ոստիկանություն»,- ասուլիսում ասել է Ալիկ Սարգսյանը` փորձելով համոզել, թե որքան են «բարիացել» այսօրվա ոստիկանները, որոնց նկատմամբ հասարակության վերաբերմունքը խիստ բացասական է:
Իսկ ինչ վերաբերում է Նվեր Մնացականյանի ծեծի մանրամասներին, ապա, ըստ ՀՀ ոստիկանապետի, այն պաշտոնապես կարելի է համարել բացահայտված: «Երկու երիտասարդ, մեկը՝ նույնիսկ համալսարանի ուսանող, ներկայացել են եւ խոստովանել, որ իրենք են ծեծել»,- ասել է Ա. Սարգսյանը: Ըստ նրա` երիտասարդները մանրամասն պատմել են, որ հանցանքն իրենք են կատարել, նկարագրել են դեպքի վայրը: «Հիմքերն ընդհանրապես այն չէ, ինչ որ բոլորս մտածում ենք: Ես էլ նույնիսկ կասկածում էի, որ ինչ-որ բան կա` կապված նրա ելույթների հետ, հաղորդաշարերի հետ, որ նա վարում է, բայց պարզվեց անհեթեթ մի պատմություն, որի հետ ընդհանրապես այդ մարդը կապ չունի: Ինչ-որ աղջկա պատմություն, ճղճիմ պատմություն, որը մտել է շենք, դուրս է եկել, շփոթել են Նվեր Մնացականյանին մեկի հոր հետ, որն այդ պահին պատահմամբ, մի խոսքով»,- ասել է Ալիկ Սարգսյանը: Ի դեպ, Ա. Սարգսյանն ասել է, որ իրենք քննել են նաեւ այն վարկածը, ըստ որի` Ն. Մնացականյանին ծեծել են գործարար Հրանտ Վարդանյանի եւ նրա որդու պատվերով, սակայն որեւէ ապացույց չի հայտնաբերվել: Ըստ նրա` չի գտնվել որեւէ կապ Վարդանյանների եւ Մնացականյանի միջեւ:
Ըստ ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` 2009թ. առաջին կիսամյակին, նախորդ տարվա համեմատ, հանցագործությունների թիվն ավելացել է, սակայն դրա հետ մեկտեղ` դրանք բացահայտվել են 84,7%-ով: Ի դեպ, նա երեկ չի հերքել մեր թերթում տպագրված տեղեկատվությունը, որ վերջերս ձերբակալված Վրաստանի քաղաքացիները, որոնք 14 բնակարանային գողություններ էին կատարել` հասցրել են թալանել նաեւ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի, քննիչ Հեկտոր Սարդարյանի, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր բնակարանները: Ոստիկանապետը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ այս պահին պարզվում է, թե վրացի գողերը ում հետ են համագործակցել ՀՀ-ում եւ համապատասխան տեղեկատվություն ստացել: