«Հիմնավոր կասկածներ կան»,- ասում է ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը

21/08/2009

– ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` ձախողված տնտեսական քաղաքականության համար, այսօր շատերն են քննադատում: Ի՞նչ եք կարծում` արդարացվա՞ծ է ամեն ինչում վարչապետին մեղադրելը:

– Տիգրան Սարգսյանն, ըստ էության, հանդիսանալով իշխանական թիմի մենեջեր, ասել է թե` տեխնոկրատ վարչապետ, կյանքի է կոչում նախագահի ու իշխանական կոալիցիայի ծրագրերը: Ուստի, նրա աշխատանքի որակը բախտորոշ ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր արդյունքի վրա: Եվ, դժգոհ լինելով վարվող տնտեսական քաղաքականությունից, վարչապետին քննադատողները մի 10 անգամ էլ պիտի նախագահին ու կոալիցիային քննադատեին: Սակայն 10 անգամ վարչապետին են քննադատում, իսկ նախագահի հասցեին միայն հաճոյախոսություններ շռայլում, ինչով էլ հանրության մոտ հիմնավոր կասկածներ են առաջացնում նման կեցվածքի օբյեկտիվության հարցում:

– Այսօր որոշ ուժեր, նաեւ ՀՌԱԿ-ը, պահանջում են արտգործնախարարի հրաժարականը: Չե՞ք կարծում, որ բերված հիմնավորումն այնքան էլ զորեղ չէ նման պաշտոնյայի հրաժարականը պահանջելու համար:

– Գաղտնիք չէ, որ արտաքին քաղաքականությունն իրականացնում է նախագահը, իսկ արտգործնախարարն ընդամենը կատարում է նրա հանձնարարությունները: Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը պահանջողները հավանաբար գտնում են, որ նա վատ է կատարում նախագահի հանձնարարությունները, ուստի հնարավոր են համարում պահանջել նրա հրաժարականը` նախագահինը չպահանջելով: Թեպետ սա երկար չի կարող ձգվել. կա՛մ պետք է հրաժարվեն իրենց պահանջից, կա՛մ վերաձեւակերպեն` այն հասցեագրելով նաեւ նախագահին:

– ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն, ըստ մամուլի` անհարգալից վերաբերմունք է դրսեւորում Մայր Աթոռի նկատմամբ: Օրինակ, երբ Գարեգին Բ-ն շքանշանով պարգեւատրեց Ռուբեն Միրզախանյանին, նա հեգնեց, ասելով` լավ է կաթողիկոսը Միրզախանյանին սրբերի շարքը չդասեց: Ձեզ համար ընդունելի՞ է նման վերաբերմունքը:

– Վերջին 17 դարերի ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դերը մեր կյանքում անգնահատելի է, ուստի ցանկացած անհարգալից վերաբերմունք Մայր Աթոռի ու Հովվապետի նկատմամբ ինձ ցավ է պատճառում, անկախ նրանից` ում կողմից է արտահայտվում, կամ քննադատությունը տեղի՞ն է, թե՞ ոչ: Երբ ժամանակին որոշներն անպարկեշտ հարձակում էին սկսել Մայր Աթոռի, Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Շիրակի թեմի առաջնորդի դեմ, իմ հրապարակային ելույթներում անմիջապես արժանի հակահարված եմ տվել նրանց: Հավատացած եմ, որ Կաթողիկոսը պարգեւատրելիս առաջնորդվում է ազնիվ մղումներով ու եկեղեցական կանոնագրին համապատասխան: Միեւնույն ժամանակ, կուզենամ, որ ոչ մի պարագայում հասարակությունը կասկածելու առիթ չունենա, թե` արդյոք պարգեւատրվածները նման պատվի արժանի էին, կամ էլ` ամենաարժանիներն էին: Ինչ վերաբերում է ՀՌԱԿ ատենապետին` Մայր Աթոռի հանդեպ նրա վերաբերմունքի մեջ ես միայն սրտացավություն եմ տեսել:

– ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը օրերս հայտարարեց, թե հետաքրքրված չէ` ինչ է տեղի ունենում ՀՌԱԿ-ում: Տարօրինակ չէ՞ նրա վերաբերմունքը մի կուսակցության նկատմամբ, որի ատենապետը դառնալու հավակնություններ ուներ:

– Գաղտնիք չէ, որ ՀՌԱԿ-ի շուրջ կուսակցությունների միավորման ակտիվ նախաձեռնողը Սամվել Բաբայանն էր: ՀՌԱԿ փետրվարյան համագումարում կուսակցության ղեկավար մարմնում ընդգրկվել են ներկայացուցիչներ` թե՛ «Դաշինք» կուսակցությունից, թե՛ «Ազգային վերածննդից», եւ թե՛ ՀԱԱԿ-ից: Հուսով եմ՝ պրն Բաբայանի ներկայիս կեցվածքը լուրջ հիմքեր ունի, երբ նա հետաքրքրված չէ մի ձեռնարկի ճակատագրով, որի ակտիվ նախաձեռնողն ու իրականացնողն է: Նշեմ նաեւ, որ անկախ նրանից, թե Սամվել Բաբայանի այդ հայտարարությունը կուսակցության շուրջ իրավիճակն ավելի բարենպաստ է դարձրել, թե` հակառակը, ես իմ հետագա քայլերում ի նկատի կունենամ այն:

– Համաշխարհային Հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը վերջերս իր բացասական վերաբերմունքն էր արտահայտել նոր ռամկավարական կուսակցություն ստեղծելու առիթով` միաժամանակ նշելով, թե իրենք կհամագործակցեն այն թեւի հետ, որն իրական գործ կանի: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ես գնահատում եմ Արա Աբրահամյանի մտահոգությունը, որ կարիք չկար նոր կուսակցություն հիմնադրելով պառակտման հերթական փորձը կատարել` համախմբվել է պետք ու միահամուռ ջանքերով վիճակը շտկել: Իսկ այն, որ պրն Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել իրական գործ անողի հետ, շատ բնական է, այլապես զարմանալի կլիներ, որ համագործակցեր գործ չանողի հետ: Իմ կարծիքով` ՌԱԿ-ը եւ նրա առանցքային շրջանակ հանդիսացող ՀՌԱԿ-ը, միշտ էլ լուրջ գործերով են զբաղվում, ավելին` աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակն ու երկիրը պատած տնտեսական ճգնաժամը ստիպում են այսուհետ բազմապատկել ջանքերը` ի շահ աշխարհասփյուռ հայ ժողովրդի ու Հայաստան պետության: