Լեւոն Հակոբյանի ամրակազմ բազուկները պատերազմի դաշտում բազում զենք-զինամթերքի, վիրավորների, դիակների ու ցավի ծանրություն են զգացել: Ուժից «պայթող» այդ բազուկները սահմաններ են ազատագրել, ու թեւերակների վրա դաջվել են կորցրած մարտական ընկերների հետ կապված հիշողությունները: Լեւոնի ուժից «պայթող» բազուկների ջղաձգված երակները կարծես առանձին պատմությունների շարան լինեն, ու, եթե նույնիսկ ոչինչ չպատմի` կարելի է շատ բան կարդալ: 1990-ին նշանակվեց 6-րդ վաշտի մարտիկ ու Ղարաբաղյան պատերազմի կարեւորագույն օպերացիաների ժամանակ «անձը» խոնարհեց հայրենիքի առաջ: «Մարտի դաշտում ես ինձ լավ էի զգում, լիարժեք, ինքնավստահ: Կռվողը պատերազմում իրեն զգում է ինչպես արծիվը՝ օդում: Անբացատրելի է, երբ զենքը ձեռքիդ գնում ես թշնամու հետ առճակատման: Գնում ես, բայց վստահ լինելով, որ շատ տղաների նման դու էլ կզոհվես»,- նկարագրում է Լեւոնը` աչքերով ու մտքերով գնալով բառերի ետեւից: Մտքերով հասնում է ազատագրված տարածքներ, էնտեղ, որտեղից շատ տղաներ տեղափոխվեցին ուղիղ դիահերձարան, ու որտեղ դիահերձող բժիշկը մի 50 գրամ գցում էր, որ անընդհատ դիակ «պատռելու» ցավից չգժվի: Լեւոնն՝ ինչպես արծիվը օդում, կռվեց` աշխատելով կրակահերթը բացելիս չհիշել, որ կինը հինգ երեխաների հետ տանը սոված ու անպաշտպան է, հյուծված ու քաղցից մաշված է: «Վերադարձա ու հասկացա, որ արտաքին թշնամուն հաղթելն ավելի հեշտ է, քան ներքին թշնամու հետ կռվելը»,- ասում է Լեւոնն, ով տուն վերադառնալուն պես սարդի նման կամաց-կամաց պարուրվել է մանրակրկիտ գործած սարդոստայնի ծուղակի մեջ, ու թշնամու կողմից տագնապները հաղթահարած բազուկները դարձել են «ալարկոտ» ու գործազուրկ: «Դե՛, եկա, տեսա կինս, երեխաներս սովամահ են լինում, պարտքերի մեջ թաղված: Էջմիածնի Երասխահուն գյուղի տունս վաճառեցի, որ գոյատեւելու հնար ստեղծեմ: Մնացած գումարով էլ կարողացանք 800 մետր հող գնել Էջմիածնի Ջրառատ գյուղում»: Ջրառատ գյուղի Լեւոնին պատկանող հողատարածքում տեղադրված երկաթե վագոն-տնակում մեծացան նրա 9 երեխաները: Բազմազավակ հայրն այդպես էլ տարիների ընթացքում չկարողացավ չորս պատ կառուցել ու երեխաներին ապահովագրել ցրտից ու անապահովությունից: «Չորս տղա, հինգ աղջիկ ունեմ: Անկեղծ ասած` օր ու գիշեր աշխատում եմ շինարարության վրա, ու էդ աշխատանքով հազիվ ցամաք հացն ենք հասցնում: Եթե ես քար ու ցեմենտ գնեմ` հաստատ երեխեքս օրերով սոված կմնան: Շատերին դիմեցի վարկով գումար տրամադրելու համար, բայց բոլորի կողմից մերժվեցի: Եթե ընդառաջեին` կամաց-կամաց մարելն ինձ համար հեշտ կլիներ: Էսպես առանց վաղվա օրվա ապրում ենք»,- ասում է Լեւոնը, ում կինը` Ալվարդն էլ օր ու գիշեր ուրիշների հողատարածքներում քաղհան անելով է գումար վաստակում: Լեւոնի ընտանիքն աննկարագրելի աշխատասեր է: Մեծից փոքր աշխատում են, ոմանք` տանը, ոմանք` դրսում: 9 երեխաներից Անդրանիկն ու Արամը մեկնել են զինվորական ծառայության, որոնց ապագայի հետ Լեւոնը մեծ հույսեր է կապում: Ասում է` «Անկեղծ ասած` հույսս երեխաներս են: Կգան, թիկունք-թիկունքի կտանք, կաշխատենք ու մի բան կստեղծենք, թե չէգ»: Թե չէ արդեն լրացավ տնակում ապրելու Լեւոնենց տասը տարին, ու այդ 10 տարիների ընթացքում փայտե գերաններից «կարկատած» հատակի ճեղքերից երեւացող հողն արդեն ճկվել է բազմանդամ ընտանիքի ոտնահետքերի ծանրությունից: Բարալիկ մարմնով 10-ամյա Անահիտը դույլերով հարակից տարածքից ջուր կրելն իր կյանքում ընդունել է որպես ի գիտություն, դրա համար էլ որպես երազանք ընտրել է երբեւէ սեփական տան ծորակից հոսող ջրի «սեթեւեթանքը» սեփական ափերի մեջ զգալու պատրանքը: Լուսանկարվելիս չարաճճի կչկչալով ասում է` «Ախր որ նկարում ես` խնդալս գալիս ագ»: «Ինչո՞ւ»,- հարցնում եմ: Պատասխանում է` «Եսի՞մ, կարող ա՞ քո համար ես կարեւոր մարդ եմ, որ Երեւանից եկել-հասել ու ինձ նկարում ես»: «Հա՛,- ասում եմ,- կարեւոր մարդ ես»: Անահիտը նայում է մորն ու խնդում է, աչքերի արտահայտությամբ ասելով` «Գի՞ժ ա, ի՞նչ ա»: Հետո անկեղծանում է նաեւ 8-րդ դասարանցի Կարինեն` ասելով, որ երազում է հաշտ ու խաղաղ ապրել սեփական տան չորս պատերի մեջ: «Նեղվածքից մարդիկ ճնշվում են ու հոգեբանորեն լարվում են: Էս վագոնի մեջ 12 հոգով ենք ապրել, ու ամեն մեկի տեղաշարժը մյուսների հաշվին է կատարվում»: Լեւոնի դպրոցական երեխաներից սկսած, մինչեւ չափահասները, երազում են ոչ թե կրթություն ստանալու, լավ ապագա ունենալու մասին, այլ` սեփական չորս ամուր պատերի մասին: Մայրը` Ալվարդն, ասում է` «Ձմռանը երեխեքս սրթսրթում են, որովհետեւ վագոնը երկաթից ա, վառում ենք, էդ պահին տաքանում ու անմիջապես սառում ա օդը: Լեւոնը 4-5 տարի կռվի դաշտում էր: Էն ժամանակ 5 երեխա ունեինք: Չեք էլ պատկերացնի, թե մենակ երեխեքի հետ ինչեր եմ քաշել: Մտածում էի՝ ամուսինս կգա ու մեզ կհանի էդ վիճակից: Եկավ, հիմա աշխատում, աշխատում, բայց ոչ մի բանի էլ չենք հասնում: Էլի փառք եմ տալիս Աստծուն, որ ողջ մնաց: Էնքան կանանց ամուսիններ հետ չեկանգ»: Հետո Ալվարդի արցունքներն են պատմում կռվի ու խաղաղ տարիների միջով անցած իրենց դժվարությունների մասին, ու Ալվարդն իրեն անմիջապես վագոն-տնակից գցում է դուրս:
9 երեխաների հայր, երկաթե վագոնում ապրող Լեւոն Հակոբյանի վագոնի կողքին ուղիղ հողի մեջ փայտե ոտքերը թաղված մի աթոռ կա, որը գահի հպարտությամբ նայում է ուղիղ աչքերիս մեջ: Էդ աթոռի վրա նստում է Լեւոնը, երբ ուժից «պայթող» բազուկներով քար ու ցեմենտ թափելուց հետո ուզում է մի քիչ հոգնությունը թոթափել: Մյուս հերթափոխին քաղհան անելուց հետո աթոռին նստած հոգնությունը թոթափում է նաեւ տանտիկինը` Ալվարդը, հետո դույլերով ջուր կրող փոքրիկ Անահիտն ու Կարինեն: Վագոն տնակին կիպ-կպած գահի հպարտությամբ ուղիղ աչքերիս մեջ նայող հողի մեջ կիսաթաղված աթոռին նստում է նաեւ Լեւոնենց պահպանող հավատարիմ շունը` Ջեկոն: Նստում է նաեւ առնետներից այս ընտանիքին պաշտպանող կատուն: Բայց վագոնին կպած հողի մեջ կիսաթաղված աթոռն էնքան պարզ ու հպարտ է, որ պատրաստ է գրկաբաց ընդունել մարդուց մինչեւ հավատարիմ շուն: