Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված, բայց արդեն լուծարված փաստահավաք խմբում ՀԱԿ անդամ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը, այսինքն` մինչեւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի հրապարակումը իրենք նոր զեկույցներ կտրամադրեն Սամվել Նիկոյանի գլխավորած կառույցին: «Ինչ նյութ կարողացանք ի մի բերել, անպայման կուղարկենք իրեն եւ եվրոկառույցներին: Իսկ այդ ընթացքում պարոն Նիկոյանը պետք է կարողանա մնացած եւ սպասվող զեկույցներում եղած փաստերը ուսումնասիրել, գնահատել եւ որոշել, թե դրանք ներառելո՞ւ է իր զեկույցում, որ մենք էլ տեսնենք, թե մեր նյութերն ինչպես են օգտագործվում ժամանակավոր հանձնաժողովի կողմից»,- մեր թղթակցին ասել է Ա.Քոչարյանը: Նա, սակայն, մինչ այժմ չի զգացել, որ իրենց նյութերը հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են: «Վերջերս նույնիսկ հանձնաժողովի անդամներից ասացին, թե նյութերին ծանոթ չեն եւ նոր են պատրաստվում ծանոթանալ: Ես չեմ պատկերացնում, թե այս 15-20 օրվա ընթացքում ինչպես պետք է հասցնեն ծանոթանալ, քննարկել եւ որոշել՝ դրանցից որն է իրենց համար արժանահավատ, որը` ոչ: Խոսում են մահվան հանգամանքների մասին, որ ոչինչ իրենց հայտնի չէ, բայց մեր 3 զեկույցներն էլ ըստ էության մահվան հանգամանքների մասին են»,- ավելացրել է նա: