Ռեկե՞տ, թե՞ օրինապահության իմիտացիա

27/08/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Հուլիսի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում ԿՀԴՊ վարչության աշխատակիցները
ներխուժել են Մաշտոցի 15 հասցեում գտնվող ձայնատեսաերիզների եւ
սկավառակների թողարկմամբ եւ իրացմամբ զբաղվող «Ռեքո-Ռեքորդս» ՍՊԸ եւ
բռնագրավել ՍՊԸ-ի ողջ գույքը: Ինչպես տեղեկացնում է ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ
Խանոյանը, վարչության աշխատակիցներն իրենց այդ գործողությունների
օրինականությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել, բացի իրենց
«ուդոները» օդում թափահարելուց:

ԿՀԴՊ վարչության պետի տեղակալ Աշոտ Միրիջանյանը մեզ հետ բանավոր զրույցում
նշեց, որ իրենց աշխատակիցների գործողություններում «Ռեքո-Ռեքորդսի» հանդեպ
անօրինական ոչինչ չի եղել: Պրն Միրիջանյանը բավարար հիմք է համարում այն
փաստը, որ «Ռեքո-Ռեքորդսը» չի ներկայացրել ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների պահանջած
ձայնատեսաերիզների, սկավառակների վերարտադրություն իրականացնելու համար
անհրաժեշտ հեղինակային թույլտվության պայմանագրերը՝ միաժամանակ պնդելով,
որ բացի «Հայհեղինակից», հեղինակային իրավունքների ոտնահարման բազմաթիվ
բողոքներ են եղել նաեւ անհատ հեղինակ-կատարողներից, մասնավորապես նշելով
Ռուբեն Հախվերդյանի, Աշոտ Ղազարյանի, Հասմիկ Կարապետյանի, Արա Գեւորգյանի,
Աիդա Սարգսյանի, Անդրեի անունները: Թվարկված անուններից երեկ մեզ հաջողվեց
կապվել Ռուբեն Հախվերդյանի եւ Աիդա Սարգսյանի հետ: Ռ. Հախվերդյանը մեր
կոնկրետ հարցին խիստ հռետորական պատասխան տվեց՝ հայտարարելով՝ «Արդեն քանի
տարի է, ես «պապայություն եմ» անում էդ պիռատներին, հիմա շատ եմ ուզում
իմանամ՝ դրանց մաման ով ա»: Իսկ Աիդա Սարգսյանը խիստ վրդովված էր: Նա նախ
նշեց, որ հայաստանյան ձայնագրման ստուդիաներից ոչ մեկի հետ չի
համագործակցում, իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, թե ինքը գրավոր
բողոքով դիմել է ԿՀԴՊ վարչությանը, բացարձակ հերյուրանք համարեց: «Մի
անգամ ինձ Արթուր անունով մի աշխատակից է այցելել այդ վարչությունից՝
ասելով, որ իրենք ուզում են պաշտպանել մեր հեղինակային իրավունքները, ես
էլ ասել եմ՝ շատ լավ կլինի, որովհետեւ նման խնդիր իրոք կա, բայց ինչ
վերաբերում է, որ ես անձամբ բողոքել եմ ինչ-որ «Ռեքո-Ռեքորդսի» դեմ,
բացարձակ սուտ է, եւ ես շատ վիրավորված եմ, որ իմ անունը այդպես շահարկել
են»,- ասաց Աիդա Սարգսյանը: Երգչուհին պատրաստվում է համապատասխան քայլեր
ձեռնարկել իր պատիվը պաշտպանելու համար, սակայն առայժմ չմանրամասնեց՝
ինչպես:

Թե ինչու են հեղինակային իրավունքի ջատագովները հատկապես «Ռեքո-Ռեքորդսը»
ընտրել, պրն Միրիջանյանը հավաստիացնում է, որ իրենց գործունեությունը
շարունակական բնույթ է կրելու եւ միտված է ընդամենը օրինախախտներին
օրենսդրական դաշտ բերելուն եւ մեր մտավոր սեփականության պաշտպանմանը: Իսկ
ինչ վերաբերում է այն լուրերին, որ «Ռեքո-Ռեքորդսը» խանգարում էր նույն
դաշտում գործող «K.K.» ընկերությանը (որոշ աղբյուրներ պնդում են, որ
«K.K.»-ի տնօրեն Կարեն Կարապետյանը ԿՀԴՊ վարչության պետ Աշոտ Գիզիրյանի
սանիկն է, միաժամանակ՝ Ա. Գիզիրյանը «K.K.»-ի բաժնետեր է), պրն
Միրիջանյանը հավաստիացրեց, որ իրենց ուշադրությունից ոչ մի ընկերություն
չի վրիպի, բոլորը պետք է գործեն օրինականության սահմաններում, իսկ ԿՀԴՊ
վարչության պետ Աշոտ Գիզիրյանը մեր հետ հեռախոսազրույցում զարմացավ, որ
ինքն այդպիսի բարեկամ է ունեցել ու մինչեւ հիմա տեղը չի իմացել: Եթե
վստահենք ԿՀԴՊ վարչության աշխատակիցների հավաստիացումներին, նույն
ճակատագիրն է սպասվում նաեւ «K.K.»-ին: Թեեւ երեկ պրն Միրիջանյանը, կրկին
բանավոր զրույցում (ձայնագրել չթույլատրեց), անընդհատ վկայակոչելով
«K.K.»-ին, ասում էր, որ նրանք հիմնականում գրավոր կնքված պայմանագրերով
են աշխատում հեղինակների հետ: «Երգիչներն իրենք էլ են ասում»,- պնդում էր
պրն Միրիջանյանը: «K.K.»-ն կամ մեկ ուրիշը, եթե անգամ առանց հեղինակային
թույլտվության պայմանագրերի են աշխատում երգիչների հետ, մինչեւ հերթն
իրենց հասնի, հաստատ կհասցնեն ուղղել այդ սխալը, իսկ երեկ մի խումբ այլ
հեղինակ-կատարողներ հավաստիացնում էին, որ նույն «K.K.»-ի հետ իրենք
աշխատում են բանավոր պայմանավորվածությամբ, ինչպես «Ռեքո-Ռեքորդսի» հետ:

Երգիչները կպաշտպանեն «Ռեքո-Ռեքորդսին» եւ իրենց իրավունքները

Այսօր Ժուռնալիստի տանը տեղի կունենա «Ռեքո-Ռեքորդս» ՍՊԸ-ի եւ
համագործակից երգիչ-կատարողների համատեղ մամլո ասուլիսը: Երեկ «Մալիբու»
սրճարանում նրանք քննարկում էին ստեղծված իրավիճակը: Պատրաստել էին նամակ՝
ուղղված ՀՀ Ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, որում մասնավորապես ասվում
է. «Ոչնչացնելով «Ռեքո-Ռեքորդսը», Ոստիկանությունն այսկերպ փորձում է
վերացնել «K.K.»-ի ամենալուրջ մրցակցին, որի արդյունքում ծանր կացության
մեջ է դնում նաեւ մեզ, քանի որ մեր համագործակցությունը «Ռեքո-Ռեքորդսի»
հետ ավելի արդյունավետ է, քան նույն «K.K.»-ի հետ»: Նամակի տակ ստորագրել
են 17 երգիչ-կատարողներ:

Երեկ երգիչները պնդում էին, որ Ոստիկանության հայտարարություններն այն
մասին, թե «Ռեքո-Ռեքորդսը» խախտում է իրենց հեղինակային իրավունքները,
իրականությանը չի համապատասխանում: Նրանցից ոչ մեկը տեսաձայներիզների
վերարտադրության մեղադրանք չներկայացրեց կազմակերպությանը, ինչպես պնդում
էին Ոստիկանության աշխատակիցները: «Փոխանակ տոնավաճառներում ու փողոցային
կետերում վաճառվող կեղծ ձայներիզները հավաքեն, հավաքել են «Ռեքո-Ռեքորդսի»
թողարկած մեր ձայներիզների օրիգինալները»,- տարակուսած էր Մայքլ
Քոթանջյանը: «K.K.»-ի հետ համագործակցած երգչուհիներ Սյուզի եւ Լիլի
Հարությունյաններն ասում էին, որ թեեւ դժգոհ չեն ընկերությունից, սակայն
հարկ են համարում նշել, որ իրենք համագործակցության գրավոր պայմանագիր չեն
կնքել «K.K.»-ի հետ: «Եթե ոստիկանությունը պնդում է, որ բողոքներ է ստացել
երգիչներից, ինչի հիման վրա էլ ֆիրմայի հանդեպ նման գործունեություն է
ծավալել, ապա այս նամակը կարող եք ընդունել որպես մեր բողոքը «K.K.»-ի
դեմ, որը հիրավի խախտում է բոլորիս հեղինակային իրավունքները»,-
ոստիկանապետին ուղղված նամակն այսպես են ավարտել երգիչները: Որպես փաստացի
ապացույց՝ երեկ նրանք տարբեր վաճառակետերից գնել եւ իրենց հետ էին բերել
իրենց ձայներիզների կեղծված օրինակներ:

Հուլիսի 23-ից սկսած «Ռեքո-Ռեքորդս» ՍՊԸ-ի անգործության մատնված ավելի քան
25 աշխատակիցները եւ ՍՊԸ-ի արտադրանքն իրացնող վաճառակետերի աշխատակիցները
բողոքի ակցիա են կազմակերպել նախագահի նստավայրի մոտ՝ իրենց հանդեպ
կատարվածը բնութագրելով՝ որպես «պետական մակարդակի ռեկետ»: «Երեք ամիսը
մեկ 6-րդ վարչության աշխատակիցները բռնի ուժով մտնում են խանութ,
բռնագրավում ապրանքը՝ պատճառաբանելով, որ կատարում են Գիզիրյանի բանավոր
հրամանը կամ նույն բռնիությամբ մեզ քարշ են տալիս վարչություն, համոզում,
ինչ-որ թղթեր դեմ տալիս, ստիպում, որ ստորագրենք, ստիպում են, որ «K.K.»-ի
կասետները վաճառենք, եղբորս անգամ ծեծի էին ենթարկել, ամենուրեք մեզ
հետեւում են, կանգառներում անգամ հանգիստ չենք կարող կանգնել՝ ամեն
վայրկյան մեզ կարող են վարչություն քարշ տալ»,- պատմում էր Կոմիտասի
գետնանցումում ձայնատեսաերիզների վաճառք իրականացնող անհատ-ձեռներեց
Համեստ Խաչատրյանը:

«Եթե 6-րդ վարչության գործողություններն օրենքի սահմաններում էին, ինչո՞ւ
մի թղթի կտոր չկար նրանց մոտ, կամ ինչո՞ւ էին գողի նման ապրանքը խանութից
գիշերով տեղափոխում,- հարցնում է Դ. Խանոյանը,- լույսը կբացվեր՝ հանգիստ
իրենց գործը օրենքի ուժով կանեին էլի, կամ կնիքը, դատարկ ձայներիզներն ու
պլաստմասսայե տուփերն ինչի՞ էին բռնագրավում, դրանք ո՞ւմ հեղինակային
իրավունքն էին խախտել»:

ՍՊԸ-ի մի քանի աշխատակիցներ բողոքեցին, որ իրենց եւս առանց գրավոր
ծանուցման են վարչություն տարել: Իսկ ՍՊԸ-ի հաշվապահ Գեորգի Ժամքարյանին,
ինչպես հավաստիացնում էին գործընկերները, վարչությունում պահել են «վաղ
առավոտից մինչեւ երեկոյան յոթը, հարցաքննել են, ստիպել են «02»-ի կամերայի
առաջ իրենց ուզածն ասի՝ հաշվի չառնելով առողջական վատ վիճակը, որից հետո
նոր բաց են թողել: Տուն հասնելուն պես Գ. Ժամքարյանը սրտի նոպա է ունեցել,
շտապօգնությունը տեղափոխել է հիվանդանոց, հիմա հիվանդանոցում պառկած է»:
Հիմա ո՞վ է ում իրավունքները ոտնահարում՝ հարցնում էին «Ռեքո-Ռեքորդս»
ՍՊԸ-ի աշխատակիցները:

Տեղեկացնենք նաեւ, որ «Ռեքո-Ռեքորդս» ՍՊԸ-ի դեմ արդեն հարուցվել է քրեական
գործ՝ Քրօր-ի 158 հոդվածի հատկանիշներով (հեղինակային եւ հարակից
իրավունքների խախտում):

Հ.Գ. Իհարկե, «պիրատների» դեմ պետք է պայքարել, բայց ոչ ուժային
մեթոդներով: Եվ անթույլատրելի է մեկին արգելել՝ մյուսին, այս դեպքում՝
«K.K.»-ին, մենաշնորհ տալով: Եվ, եթե երգիչ-երգչուհիներն իսկապես մտահոգ
են իրենց հեղինակային իրավունքներով, գոնե մեկ անգամ կարող էին դիմել
դատարան: