Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շատ են սիրում խոսել իրավական պետության, օրենքի գերակայության, քաղաքական մշակույթի անհրաժեշտության, ժողովրդավարության եւ նման այլ բարձր կատեգորիաների մասին: Ընդ որում, որքան ավելի շատ ու հաճախ են Հայաստանում ոտնահարվում վերը նշված արժեքները, այնքան նման հայտարարություններն ավելի բոցաշունչ են դառնում: Օրինակ, երեկ Հայաստանի Հանրապետության Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը բառացիորեն հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը չէր կանխատեսում, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունն այդքան խորը կլինի Հայաստանի վրա: Ի՞նչ եք կարծում` ժողովրդավարական, իրավական, քաղաքական մշակույթ ունեցող երկրում ի՞նչ կհետեւեր այս հայտարարությանը: Այո՛, կառավարության հրաժարականը: Քանի որ, երբ մի ամբողջ փոխնախարար հայտարարում է, որ կառավարությունը ինչ-որ բան սխալ է կանխատեսել, դա ուղղակիորեն նշանակում է, որ կառավարությունը վատ է աշխատել, այսինքն` վատ է կատարել իր այն պարտականություններն ու ծառայությունները, որոնց համար վճարվում է քաղաքացիների կողմից: Դա էլ իր հերթին նշանակում է, որ քաղաքացիները իրավունք ունեն եւ պետք է փոխեն կառավարությանը: Այս պարզագույն ճշմարտությունները հայաստանյան իրողությունների համատեքստում, իհարկե, նույնքան տաղտկալի ու անիրական են, որքան վարչապետ Տիգրան Սարգսյանի դասախոսությունները նիստերի ընթացքում, որոնց թեմաներով կառավարությունում գրեթե ամեն օր խորհրդային ոճով զանազան ժողովներ, ենթաժողովներ ու խորհրդակցություններ են անցկացվում: Եվ եթե Տ. Սարգսյանի բարձրագոչ ծրագրերն անիրագործելի են այն պատճառով, որ դրանք ընդամենը PR-ելույթներ են, ապա վատ աշխատելու պատճառով կառավարության հրաժարականն անիրագործելի է, քանի որ այն չի ձեւավորվել այնպիսի պետության ավանդույթներով, որին շատ է սիրում իր դասախոսություններում հղումներ անել Տիգրան Սարգսյանը: