Երեք գումարած երկու

20/08/2009

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ամիսներ առաջ ՀՀԿ վերնախավն անստորագիր դիմումներ էր բաժանել դեռեւս անկուսակցական եւ անկախ մնացած մի քանի պատգամավորների, որպեսզի վերջիններս ստորագրեն դրանք եւ դառնան ՀՀԿ խմբակցության փաստացի անդամներ: Նման դիմումներ են ստացել անկախ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Լյովա Խաչատրյանը, Միքայել Վարդանյանը, նախկին ՕԵԿ-ականներ Հակոբ Հակոբյանը եւ Սամվել Բալասանյանը: Հասկանալի պատճառներով, ՀՀԿ-ից նման դիմումներ չեն ստացել անկախ պատգամավորներից Խաչատուր Սուքիասյանն ու Տիգրան Թորոսյանը: Վերջինս մեկ տարի առաջ ԱԺ նախագահի պաշտոնը թողնելուց հետո դուրս է եկել այդ կուսակցությունից ու, բնականաբար, նաեւ խմբակցությունից: Նման դիմում չի ստացել նաեւ Վիկտոր Դալլաքյանը: Այդ դիմումների տակ ստորագրել են դեռեւս միայն Մ.Վարդանյանը, Լ.Խաչատրյանն ու Ս.Ալեքսանյանը: Իրենց անկախությունն են դեռեւս վայելում Հ.Հակոբյանն ու Ս.Բալասանյանը, որոնց ՀՀԿ-ականացման գործընթացը, մեր տեղեկություններով, ամբողջ թափով սկսվելու է ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկից հետո: ՀՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ հերքեց, թե իրենք ստիպում են, որ անկախ պատգամավորները համագործակցեն ՀՀԿ-ի հետ կամ փաստացի անդամակցեն իրենց խմբակցությանը: «Եթե ես այդ մանրամասների մեջ մտնեմ, արդեն նշանակում է, որ մամուլի ասուլիս եմ տալիս: Ես չեմ կարծում, որ ԱԺ-ում կա որեւէ պատգամավոր, որի կամքի վրա կարող են բռնանալ: Փաստն այն է, որ այդ պատգամավորներից շատերը ցանկանում են համագործակցել ՀՀԿ խմբակցության հետ»,- հեռախոսով ասաց Է.Շարմազանովը: Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀԿ-ն ինքը չի հայտարարում, թե կուսակցության հետ կոնկրետ որ պատգամավորներն են ցանկանում համագործակցել: «Քանի դեռ այդ պատգամավորներից որեւէ մեկը պաշտոնական հայտարարություն չի արել, կարծում եմ, որ ճիշտ չէ որեւէ հայտարարություն անել: Կարծում եմ, որ ժամանակը կգա, եւ նրանք արդեն այդ մասին հայտարարությունը կանեն»,- ասաց նա: Իսկ դիմումները ստորագրած եւ չստորագրած պատգամավորները ոչ միայն մինչեւ հիմա այդ մասին չեն բարձրաձայնում, այլեւ ընդհանրապես խուսափում են անդրադառնալ այդ թեմային: Հիշեցնենք, որ անկախներից երկուսը` Մարտուն Գրիգորյանն ու Ռուստամ Գասպարյանը դեռեւս ձմռանն էին դարձել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դե ֆակտո անդամներ: Այնպես որ, աշնանն ԱԺ-ն կունենա ընդամենը երեք անկախ պատգամավորներ` Խ.Սուքիասյանը, Տ.Թորոսյանն ու Վ.Դալլաքյանը: Մինչդեռ 2008թ. ԱԺ ընտրություններից հետո նրանք տասնմեկն էին: Թեեւ չի բացառվում, որ Հ.Հակոբյանին ու Ս.Բալասանյանին այնուամենայնիվ ինչ-որ կերպ հաջողվի խուսափել ՀՀԿ-ականացումից: