Ընտրությունները՝ արտահերթ, հանրահավաքը՝ հերթական

20/08/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարների կողմից հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, ճանապարհային քարտեզ սահմանելու մասին ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունից հետո թվում էր, թե մեր երկու երկրների հարաբերություններում պետք է տեղաշարժ լինի:

Սակայն մինչեւ հիմա այդ դաշտում ոչինչ տեղի չի ունեցել: Փոխարենը արտաքին քաղաքականության ասպարեզում դեպքերը սկսեցին սրընթաց զարգանալ այլ` ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Բայց այստեղ էլ իրադարձությունների զարգացման ակտիվությանը հակառակ՝ դեռեւս չի նկատվում շոշափելի առաջընթաց: Իսկ եթե, այնուամենայնիվ, առաջընթաց կա, ապա առաջնային է մտահոգությունը` այդ առաջընթացը նպաստավոր է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմի համար: Այնուամենայնիվ, հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ տեղի ունեցող զարգացումները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը, ամերիկացի եւ ռուս համանախագահների փոփոխության մասին խոսակցությունները, Մադրիդյան սկզբունքների բացահայտումն ու դրանց «կրակովյան տարբերակի» ստեղծումը ՀՀ ներքաղաքական կյանքում որոշակի «ամառային թեժություն» ապահովեցին: Հիշեցնենք նաեւ, որ անցած տարվա նոյեմբերին էլ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրեցին Մայնդորֆյան հռչակագիրը, որի առանցքային դրույթներից մեկը ԼՂՀ կարգավորման հիմքում Մադրիդյան սկզբունքների ընդունումն էր:

«Մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները»,- անցած տարվա հոկտեմբերի 17-ին` վերը նշված բոլոր իրադարձություններից առաջ հրավիրած հանրահավաքում հայտարարել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ցեղասպանությունը տվին, Ղարաբաղն էլ կտան… Տված-վերջացած է արդեն»,- երկու օր առաջ` արդեն վերը թվարկած բոլոր իրադարձություններից հետո ասել է Լ.Տեր-Պետրոսյանը:

Արդյո՞ք այս բոլոր իրադարձություններն են ՀՀ առաջին նախագահին ստիպել եզրակացնել, թե Ղարաբաղն արդեն տվել են: Ընդ որում` այս գնահատականը շրջանառվում է արդեն մի քանի տարի շարունակ: Այդուհանդերձ, ի՞նչն է ստիպել մշտապես փաստարկված, կարծիքներ արտահայտող Լ. Տեր-Պետրոսյանին հանդես գալ նման կտրուկ գնահատականով: ՀԱԿ համակարգող եւ Լ.Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանը չցանկացավ մեկնաբանել առաջին նախագահի հայտարարությունը, սակայն ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին ասաց իր տեսակետը. «1998 թվականից իշխանությունների կողմից վարած քաղաքականությունը, նրանց լեգիտիմության խորացող պակասը, ինչպես նաեւ անբավարար ջանքերը Ղարաբաղը բնակեցնելու ուղղությամբ բերել են մի քաղաքական իրավիճակի, որտեղ ԼՂՀ դիրքերը շատ թույլ են: Մենք այդ առումով ունենք անշրջելի կորուստներ»:

Արդյո՞ք Լ.Տեր-Պետրոսյանի համոզվածությունը կիսում է ընդդիմադիր դաշտի խորհրդարանական թեւը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը չի կարծում, որ Ղարաբաղը տվել են: «Բայց եթե թողնենք` կտան,- ասում է պատգամավորն` ավելացնելով,- Չեմ կարծում, որ այդ վիճակն է, եւ գրեթե վստահ եմ, որ որեւէ իշխանության, այդ թվում եւ՝ ներկա իշխանությանը չի հաջողվի ԼՂՀ խնդիրը սակարկության առարկա դարձնել իշխանական բեսպրեդելի, ինդուլգենցիայի կամ պաշտոնների շարունակականության համար: Թույլ չենք տա, որ այդ խնդիրը դարձնեն սեփական աթոռը պահպանելու միջոց, ինչի հետ կապված բազմիցս տարբեր պատերի ներսում խոստումներ են տվել: Հասարակության միջոցով թույլ չենք տա»:

Ընդամենը ապրիլի վերջին ինքն իրեն ընդդիմություն հռչակած ՀՅԴ կուսակցության Հայ դատի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը խուսափեց հարցին ուղղակի պատասխան տալուց: Նա ասաց, թե Ղարաբաղի շուրջ զարգացող այս իրադարձությունները կատարվում են Թուրքիայի համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե հոկտեմբերին Թուրքիա ֆուտբոլ դիտելու կգնա միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո կամ դրա նախօրեին: Իսկ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունները կկարգավորի, եթե ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց նկատի: «Դրա համար էլ համանախագահող երկրները փորձում են մինչեւ հոկտեմբերի 14-ը դրական պատասխան ստանալ ՀՀ-ից եւ Ադրբեջանից: Շատ շտապողականության պատճառով տակավին Մադրիդյան սկզբունքների վերամշակված տարբերակները չեն հանձնել կողմերին: Ասում են, որ հանձնելու են սեպտեմբերի երկրորդ կեսին եւ դրական պատասխան են սպասում հոկտեմբերի սկզբին: Լավագույն դեպքում ընդամենը 3 շաբաթ ժամանակ ունեն: Իսկ առ այսօր Ադրբեջանը երբեք չի ասել, որ կհամաձայնի ԼՂՀ կարգավիճակին, եթե ժողովրդի կամքն այն է, որ դա լինի իր կազմից դուրս: Դա արդեն նշանակում է, որ առնվազն Ադրբեջանի կողմից այդ հիմնական խնդիրը կա, որը 3 շաբաթում հաղթահարելը շատ լավատեսական է: Այսինքն, կարծում եմ, որ մինչեւ հոկտեմբերի 14-ի կողմերը դրական տեսակետ չեն տա այս հիմնական սկզբունքների հարցում»,- ասում է Կ.Մանոյանը: Եվ ահա կարգավորման շուրջ տեղի ունեցող այս զարգացումը, Կ.Մանոյանի կարծիքով, արհեստական շտապողականություն է, որը չի կարող հայկական կողմի համար նպաստավոր լինել: Ս.Սաֆարյանը, այնուամենայնիվ, մի լուսավոր կետ է տեսնում ղարաբաղյան կարգավորման գործընթացում. դա ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահի` Թինա Քեյդենաուի թեկնածությունն է: «Ամերիկացի համանախագահի պաշտոնին այս պահի դրությամբ ամենառեալ թեկնածուն հենց այն անձն է, ով անմիջական մասնակցություն է ունեցել Կոսովոյի անկախության միջազգային ճանաչման գործում: Իսկ ես համարում եմ, որ ԼՂՀ-ն ինքն է Կոսովոյի նախադեպը, պարզապես այն տարբերությամբ, որ քաղաքական նպատակահարմարության պատճառով այն չճանաչված է»,- ասում է Ս.Սաֆարյանը:

Իսկ Լ.Տեր-Պետրոսյանը թեեւ գտնում է, որ Ղարաբաղն արդեն տվել են, բայց այդ գործընթացը կանխելու համար ակտիվություն չի ցուցաբերում, սպասում է սեպտեմբերի 18-ին նշանակված հանրահավաքին: Արդյոք նշված զարգացումները բավարար չեն, որ ՀԱԿ-ը գոնե հրավիրի իր խոստացած արտահերթ հանրահավաքը: «Ես կարծում եմ, որ մենք բավականաչափ ակտիվ ենք: Ակտիվությունը կամ միտինգների անցկացումը մենք երբեք ինքնանպատակ չենք համարել: Մենք կառուցում ենք ստրատեգիան այնպես, որ հասնենք արդյունքի: Եվ վստահ ենք, որ արդյունքի հասնելու ենք»,- ասում է Լ.Զուրաբյանը: