Բոլոր հեռուստաալիքները իրենց պարտքը համարեցին այս մասին խոսել, ռեպորտաժներ պատրաստել։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ երեքշաբթի օրը, երբ արձակուրդից հետո շտապում էի մեքենայով հասնել աշխատանքի՝ ինձ կանգնեցրին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ տուգանեցին՝ ամրագոտի չկապելու համար։ «Վարչապետը խստացրել է այս հարցը»,- ակնարկեցին նրանք։ Աշխատավայր հասնելով՝ մտա կառավարության կայքէջն ու մեծ ուշադրությամբ կարդացի վարչապետի ելույթը, որը հնչել էր կառավարության հերթական նիստում։ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակը Հայաստանում բարվոք չէ… Մարդկային զոհերի մեր ցուցանիշները մի քանի անգամ գերազանցում են այլ երկրների ցուցանիշները։ Դրա հիմնական պատճառն այն է, որ անվտանգության կանոնները չենք պահպանում։ Անհրաժեշտ է, որպեսզի մենք առաջին հերթին լինենք խստապահանջ, որ մեր վարորդները պահպանեն անվտանգության կանոնները։ Դուք պարտավոր եք պահանջել ձեր վարորդներից, որպեսզի նրանք անպայման օգտագործեն ամրագոտիներ, որոնք այսօր համատարած չեն կիրառվում»,- ասել էր Տ. Սարգսյանը։
Դժվար է չհամաձայնել այս խոսքերի հետ։ Սակայն մեծ հաշվով՝ խնդիրը դա չէ։ Մեզանում բոլորն էլ հասկանում են, որ ամրագոտի կապելը ճիշտ է, սակայն չեն կապում։ Օրինակ՝ ծխելու պարագայում, բոլորը գիտեն, որ ծխելը վնասակար է, բայց ծխում են։ Սակայն ծխելու հարցում մի փոքր այլ վիճակ է՝ օրգանիզմը կախվածություն ունի նիկոտինից։ Իսկ ամրագոտիների դեպքում նման բացատրություն չկա։ Ուրեմն ո՞րն է պատճառը։ Բացի այն, որ «ռեմենով» անհարմար է ու բավական տհաճ՝ մանավանդ ամառվա շոգին, մեկ այլ բացատրություն էլ կա՝ մտածելակերպը (այդ մասին էլ է Տ. Սարգսյանը խոսել)։ Խնդիրը մեր ազգային մտածելակերպի մեջ է, ամրագոտի կապելը հայ տղամարդիկ համարում են ամոթալի, իսկական տղամարդուն ոչ վայել, «դոձիկական» բան։ Ու ինչքան բարձր է տվյալ մարդու դիրքը հասարակության մեջ, եւ որքան լավն է նրա մեքենան, այնքան լայն են «երթեւեկային դոձիկության» շրջանակները։ Օրինակ՝ եթե հասարակ «զրո վեցի» վարորդի համար «դոձիկությունը» միայն ամրագոտի կապելն է, ապա հարուստ ու բարձրաստիճան անձանց դեպքում «դոձիկություն» է անգամ կարմիր լույսի տակ կանգնելը։ Ու քանի որ մենք՝ ամենքս մեր չափով, չենք համաձայնում «դոձիկ» երեւալ, ակամայից դառնում ենք «լոպազներ» (ըստ վարչապետի), քանի որ ամրագոտի չկապելն է ամոթալի լոպազություն։ Եվ ստացվում է, որ Երեւանը լոպազների քաղաք է. վարորդների 100-ից 2-ն է ամրագոտի կապում։ Հիմա վերեւներում որոշել են այս լոպազության դեմն առնել… «ռեմենի ակտ» գրելու միջոցով։ Եթե նախկինում կարելի էր տեսուչին մուննաթով կամ կատակով ասել՝ «լավ էլի, կամանդիր, ի՞նչ ռեմենի ակտ, ամոթ է», այժմ նրանք պատասխան ունեն՝ վերեւից հրահանգ ենք ստացել։ Այսինքն՝ ճանապարհային ոստիկանը ինքն էլ հոգու խորքում լուրջ չի համարում «ռեմենի ակտ գրելը», որովհետեւ ինքն էլ է հայ, եւ իր մեջ էլ կա այդ լոպազությունը։ Սակայն նա դա անում է պարտավորված, երբեմն։ «Ցանկալի կլինի, որ ոստիկանությունը հենց ինքը իրենից սկսի։ Ոստիկանները պետք է օգտագործեն ամրագոտիները, որպեսզի իրավունք ունենան մնացած վարորդներից պահանջելու նույնպես ամրագոտիներ օգտագործել»,- ասել էր Տ. Սարգսյանը։ Սակայն անձամբ ես վերջին 3 օրերի ընթացքում չեմ տեսել ամրագոտի կապած որեւէ ոստիկանի։ Ու հենց այս հանգամանքը հուշում է, որ ճանապարհային երթեւեկությունը մեզանում բավականին երկար ժամանակ չի կարգավորվի։
Լավատես չլինելու երկրորդ պատճառը տխուր փորձն է։ Թեկուզ այն բարի հիշողությունը, երբ ոստիկանությունը որոշել էր վերացնել երթուղային տաքսիների՝ կանգնած ուղեւորներ փոխադրելու պրակտիկան։ Եթե հիշում եք՝ մի կարճ ժամանակահատված այս առումով իրոք խստացում նկատվեց, վարորդները երբեմն անգամ ստիպում էին իրենց ուղեւորներին պպզել՝ ՃՈ աշխատակիցներին նկատելիս։ Իսկ հետո ամեն ինչ ընկավ իր տեղը՝ այսինքն՝ մեկի հետույքը մյուսի դեմքին կպած երթեւեկելու բարի ավանդույթը։ Չէ, իհարկե լավ կլինի, որ նորմալ երթեւեկություն ունենանք։ Որ եւ՛ մարդկային զոհերը քիչ լինեն, եւ՛ նյութական, հետիոտնային անցումով անցնող միամիտ զբոսաշրջիկն էլ կաթվածահար չլինի, երբ զգա, որ երթեւեկության կանոններով առաջնորդվելու դեպքում ինքը հաստատ կընկնի մեքենայի տակ։ Սակայն սրա դեմն առնել հնարավոր չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ համակարգը աշխատում է «հիշեցումների» մեխանիզմով։ Այսինքն՝ օրենքը հստակ սահմանում է, որ հարկավոր է ամրագոտի կապել, չկապելու դեպքում՝ տուգանել, սակայն անհրաժեշտ է, որ վերեւներից պարբերաբար հիշեցնեն այդ մասին։ Խոսքը միայն ՃՈ-ին չի վերաբերում։ Օրենքն արգելում է կոռուպցիայով զբաղվել, սակայն պետական պաշտոնյաներին հարկավոր է պարբերաբար հիշեցնել այդ մասին։ Ստացվում է՝ եթե պետական մարմիններին պարբերաբար չհիշեցնեն իրենց բուն ֆունկցիաների մասին, նրանք կմտածեն, որ իրենց հիմնական գործը սեփական գրպանը լցնելն է։
Իսկ ի՞նչ է տալու «ռեմենի» շուրջ բարձրացած այս աղմուկը։ Նախ այն խլացնելու է մյուս «աղմուկները»՝ մարդկանց ուշադրությունը շեղելով սոցիալական ու քաղաքական խնդիրներից։ Երկրորդ՝ հնարավորություն է տալու կառավարությանը հերթական անգամ հրեշտակի կերպարանքով ներկայանալ հասարակությանը։ Եվ երրորդ՝ լցնելու է պետական բյուջեն, եւ ոչ միայն։ Վարչապետն, օրինակ, նշել է, որ ճանապարհային պատահարների մեծ թիվը մեր համախառն ներքին արդյունքի վրա բացասական ազդեցություն է թողնում։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ հարյուր-հազարավոր վարորդների 90%-ը ամրագոտի չի կապում, ապա յուրաքանչյուրի վրա 5000 դրամ «ակտ» գրելով՝ կարելի է զգալիորեն լցնել թե՛ պետական բյուջեն, թե՛ սեփական գրպանները։ Ու եթե դիտարկվում են ոչ միայն մարդկային, այլեւ նյութական կորուստները՝ ապա դժվար է ասել՝ ամրագոտի կապե՞լն է օգտակար, թե՞ չկապելը։ Ամեն դեպքում, վարորդները ընտրության հնարավորություն չունեն՝ պետք է ձգեն կա՛մ մեքենայի ամրագոտիները, կա՛մ սեփական շալվարի, որի գրպանում միշտ պետք է իր հաստատուն տեղն ունենա «ռեմենի ակտի» 5000 դրամը։