Ուշքի եկեք

20/08/2009

«Խելքներդ գլուխներդ հավաքեք, էդ բյուջեն, որ ընդունել եք, վերանայեք»,- երեկ հրավիրված բանավեճի ժամանակ դիմելով կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներին՝ կոչ է արել ԿԲ նախկին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը: Տնտեսական անկման եւ ճգնաժամի հետեւանքների թեմայով բանավեճին մասնակցել են ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը: ԿԲ նախկին նախագահը նախ հարցադրում է հնչեցրել, թե մոտ 20%-անոց անկում ունենալու դեպքում ինչպե՞ս կարելի է բյուջեի նախագիծ ընդունել, որտեղ ակնկալվում է 9,2 % տնտեսական աճ: «Գոնե մեկդ ներողություն խնդրեիք դրա համար»,- ասել է Բագրատ Ասատրյանն` ավելացնելով, որ որեւէ կառավարության չի կարելի այդքան ազատություն տալ, իսկ մեր կառավարությանը` առավել եւս, քանի որ այն բազմաթիվ սխալներ է թույլ տվել: Ի դեպ, երեկ Ֆինանսների փոխնախարարը խոստովանել է, որ ՀՀ կառավարությունը չէր կանխատեսում, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունն այդքան խորը կլինի Հայաստանի վրա: Իսկ Վարդան Բոստանջյանը բոլորին խորհուրդ է տվել «վերջապես բացել աչքերը»: Նրա համար զարմանալի է, որ ճգնաժամը համառորեն թակում էր մեր դուռը, իսկ մենք ասում էինք, թե այն մեզ չի սպառնում. «Աչքերը փակելու արդյունքն է ներկա իրավիճակը: Մի քիչ լավ, թե մի քիչ վատ, կառավարությունը քայլեր կատարում է այս իրավիճակից դուրս գալու համար»: Վ. Բոստանջյանը կարծում է, որ երկրի տնտեսությունը դրական միտումներ կարձանագրի 2010թ.: Իսկ ըստ Բ. Ասատրյանի կանխատեսումների` 2010 թ. Հայաստանի տնտեսությունը կրկին անկում կապրի, սակայն ավելի նվազ, քան այս տարի էր: Իսկ այս տարվա 15 % անկմանը հաջորդ տարի կգումարվի 1-1,5 % անկում: «ՀՀ-ում տնտեսությունը լավագույն դեպքում կաճի 2011թ.` այն էլ այն պատճառով, որ աշխարհի տնտեսություններն առողջանալու միտում են ցուցաբերում»,- ասել է Բագրատ Ասատրյանը: