Խնայողությո՛ւն, Հորացիո

20/08/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մինչ օրս ԱԺ այգում տեղադրված Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող համեստ հուշաքարը հավանաբար ի զորու չէ ամբողջությամբ արտահայտել այս տասը երկար ու ձիգ տարիներին պատգամավորներին տանջող կսկիծը: Անհրաժեշտություն կա անսփոփ վիշտը ցույց տալու նոր արտահայտչամիջոց գտնել: Որպեսզի հասցնեն 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության տասնամյակին ԱԺ այգում նոր հուշարձան տեղադրել. ՀՀ իշխանությունները` բազում մասնագետների օժանդակությամբ, լծվել են կազմակերպչական աշխատանքին:

Մի առիթով հոգեբան Խաչատուր Գասպարյանը նկատել էր, որ մահարձանների, հատկապես անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների ճոխությունն ու քանակը Հայաստանում պայմանավորված է նախեւառաջ սեփական մեղավորության գիտակցումով: Այսինքն` որքան մարդիկ իրենց մեղավոր են զգում հարազատի մահվան համար, այնքան նրան նվիրված հուշարձանը մեծ է ու թանկարժեք: Եթե ճիշտ են տեղեկությունները, որ Հոկտեմբերի 27-ի զոհերի համար որպես հուշարձան է հավակնում ընտրվել մաեստրո Երվանդ Քոչարի քանդակներից մեկը, դա արդեն նշանակում է, որ մեղավորության զգացողությունը շատ մեծ է: Թեեւ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու խնդիրը չի լուծվի, եթե ԱԺ այգում տեղադրվի նույնիսկ Միքելանջելոյի «Պյետան»: Զոհերի հիշատակը մենք արդեն տանուլ ենք տվել. այսօր, երբ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո անցել է ամբողջ տասը տարի, հանցագործության մասին գիտենք ոչ ավելի, քան այդ օրը: Այսինքն` գիտենք, որ Նաիրի Հունանյանի (կատարած ոճիրից մեկ-երկու տարի անց արդեն որոշ պատգամավորներ իրենց հարցազրույցներում վերջինիս հիշատակում էին փաղաքշաբար` «Նաիրիկ») գլխավորած խումբը զինված մտավ ԱԺ Նիստերի դահլիճ եւ գնդակահարեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխնախագահներին, պատգամավորների: Երբ շրջանառության մեջ մտան սպանության կադրերով տեսաերիզները, փաստից, որ վարչապետ Վազգեն Սարգսյանին սպանելուց հետո Նաիրի Հունանյանը նրան հարվածում էր ավտոմատի խզակոթով, ամենուր մասոնական հետք փնտրողները եզրակացրին, որ այս գործողությունը հատուկ խորհուրդ ունի, եւ իրազեկյալները կհասկանան: Գործին համարյա միստիկական երանգ հաղորդեցին այդ օրը ԱԺ դահլիճ մտած բուժքույրերի ճակատագրերը: Վերջիններս գնացին ԱՄՆ, ուր նրանցից մեկը ինչ-ինչ հանգամանքներում մահացավ: Այստեղ եւս որոշ վկաներ կյանքին ժամանակից շուտ հրաժեշտ տվեցին: Նրանցից մեկը մեկուսարանում մահացավ էլեկտրական հոսանքի հարվածից: Գործով կասկածյալ, հետո ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը եւս ժամանակից շուտ կյանքից հեռացավ: Սպանվեց Տիգրան Նաղդալյանը, ով եւս համարվում էր կարեւորագույն վկա: Եթե հիշում եք, 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ պատգամավորները, հասարակական կազմակերպությունները, միմյանց խլացնելով, փորձում էին իրենցից վանել այս գործում իրենց հնարավոր մասնակցության կասկածները՝ առաջարկելով Հայաստանի գրեթե բոլոր փողոցները վերանվանել ԱԺ դահլիճում զոհված քաղաքական եւ պետական գործիչների անուններով: Առաջարկ կար նույնիսկ սրբերի շարքին դասել Վազգեն Սարգսյանին: Բարեբախտաբար գտնվեցին սթափ մարդիկ, ովքեր առաջարկեցին հետեւել միջազգային փորձին եւ պատմությանը թողնել մարդկանց սրբացնելու որոշումը: Սակայն ո՛չ անվանափոխված փողոցներն ու շինությունները, ոչ կառուցված եւ կառուցվելիք հուշակոթողները չեն կարող սփոփել զոհերի հարազատների վիշտն ու փարատել նրանց կասկածները: Փաստ է, որ այսօր Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի, մյուս անմեղ զոհերի գրեթե բոլոր հարազատները համալրում են ընդդիմության շարքերը:

Ընդդիմության շարքերում հայտնվեց նաեւ ժամանակին «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննությունը վարող Գագիկ Ջհանգիրյանը: Ոչ միայն հայտնվեց, այլեւ անմիջապես ձերբակալվեց: Պատճառներից մեկը համարվում է ձերբակալվելուց օրեր առաջ ընդդիմության հանրահավաքին արված նրա ակնարկները Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասին: Այսինքն՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը Հայաստանում գրեթե ոչ ոք փակված չի համարում: Հետեւաբար պարզ է, որ զոհերի հիշատակը հավերժացնելու ա՛յլ տարբերակ է ակնկալում հասարակությունը: Ո՛չ հուշարձանային…

Նման հրապարակումները, հասկանալի է, գրոշի արժեք չունեն, եւ հուշարձանը մեծ շուքով անպայման կտեղադրվի ԱԺ պուրակում: Այն հավանաբար կտեղադրվի ԱԺ բակի այն հատվածում, ուր, ինչպես երբեմնի պատգամավոր, այժմ արդեն ՀՀ Գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանն էր առաջարկում, նախատեսվում է կառուցել նաեւ ԱԺ պատգամավորներին սպասարկող մատուռը: Թեեւ բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ մատուռի աշխարհագրական դիրքը կփոխվի. նորանշանակ նախարարն ամեն ինչ կանի այն կառավարության բակ տեղափոխելու համար:

Այսօր ավելացնել Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշարձանների թիվը կամ հուշաքարը փոխարինել Քոչարի քանդակով, լուրջ չէ: Տեղին կլիներ ՀՀ Գլխավոր դատախազության հարեւանությամբ տեղադրել մոնումենտալ կոթող` նվիրված չբացահայտված հանցագործություններին կամ «Անպտուղ աշխատանք» խորագրով մի կոմպոզիցիա տեղադրել ԱԱԾ մուտքի մոտ: Կարող ենք առաջարկել նաեւ սյուժեն` մեկ տարուց ավելի ընդհատակում գտնվող քաղաքական գործիչը հանդարտորեն եւ ժպտալով մոտենում է Դատախազության շենքին: Պարզապես պետք է չմոռանալ հուշարձանի տակ գրել ամսաթիվը` 2009թ., հուլիսի 1…