Օրերս «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի ունեցավ «Օրրան» բարեգործական-հասարակական կազմակերպության թվով 4-րդ բարեգործական ճաշկերույթը, որի նպատակն էր եւս մեկ անգամ հասարակության ուշադրությունը հրավիրել կարիքավոր երեխաների, նրանց ընտանիքների եւ միայնակ ու անապահով ծերերի սոցիալական խնդիրների լուծմանը` այդ ուղղությամբ մեծացնելով կատարվող ներդրումների ծավալը: Միջոցառումը մեկնարկեց բացօթյա ընդունելությամբ, որի ընթացքում ելույթ ունեցան «Օրրանի» փոքրիկ սաները, այնուհետեւ ճաշկերույթի ընթացքում կազմակերպվեց աճուրդ, որը միջոցառման գլխավոր անակնկալն էր: Այս տարի վաճառքի էին հանվել Հայաստանը խորհրդանշող ծաղիկներ եւ ծառեր, որոնք հետագայում տնկվելու են Երեւանի «Օրրանի» եւ Վանաձորի մասնաճյուղի այգիներում` որպես այդ ծաղիկների եւ ծառերի գնորդների բարի կամքի եւ գթասրտության արտահայտություն:
Ճաշկերույթին մասնակցում էին «Օրրանի» վաղեմի եւ նոր բարեկամները, որոնք եկել էին իրենց աջակցությունը ցուցաբերելու բարեգործական կենտրոնին: Հատուկ ճաշկերույթին մասնակցելու համար Մեծ Բրիտանիայից ժամանած Գրիգոր Գրիգորյանը նկատեց, որ ճգնաժամը ազդել է նաեւ «Օրրանի» վրա, եւ բոլորիս պարտքն է միասին օգնել կենտրոնին հաղթահարելու առկա դժվարությունները: Ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի եւս առատաձեռն էր «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն, «Օրրանի» բարեկամ Ռալֆ Յիրիկյանը, որն այդ երեկո նվիրաբերեց 64.000 ԱՄՆ դոլար: Աճուրդի հանվեց հայտնի նկարչուհի Արեւ Պետրոսյանի ստեղծած մետաղյա տերեւը, որը կյանքի հարատեւությունը խորհրդանշող ծառի մի մասնիկն է: Այն վաճառվեց 27.000 ԱՄՆ դոլարով, իսկ գնորդը Սաուդյան Արաբիայից ժամանած գործարար Հովիկ Քյուրքչյանն էր: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս նվիրատվություն կատարեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր Կարո Արմենը, ինչպես նաեւ «Լինա» ամսագրի տնօրինությունը` «Օրրանին» հատկացնելով ամսագրի վաճառքից ստացված գումարի 10 տոկոսը` 150.000 դրամ: Նվիրատվությանը մասնակցեցին նաեւ «Best» եւ «Coca-Colla» ընկերությունները: Այս տարի ողջունելի էր նաեւ տեղացի գործարարների մասնակցությունը բարեգործական ճաշկերույթին: «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նկատեց. «Գնալով մեծանում է «Օրրանի» բարեկամների թիվը, եւ վաղեմի ընկերների կողքին հայտնվում են նոր բարեկամներ, ինչպես «Բիբլոս» բանկը, Բոստոնից ժամանած տեր եւ տիկին Աուրելիան եւ Անահիդ Մարդիրոս ընտանիքը` իրենց որդու` Անդրանիկի հետ, ովքեր աճուրդի ժամանակ 105.00 ԱՄՆ դոլարով գնեցին Հայաստանի խորհրդանիշ ծիրանի ծառը: Նրանք բոլորը շտապում են օգնության ձեռք մեկնել աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներին այնքան ժամանակ, քանի դեռ մեր հայրենիքում կան կարիքավոր մանուկներ եւ մեծեր, միայնակ եւ անապահով ծերեր»:
Հիշեցնենք, որ «Օրրան» բարեգործական-հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.` իր աշխատանքները սկսելով 16 երեխաների հետ. մինչդեռ այսօր այն ընդգրկում է 60 ծերեր եւ 80 երեխաներ: «Օրրանի» առաքելությունն է՝ օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին` ներգրավելով նրանց կրթական, մշակութային եւ արտադասարանական միջոցառումներում, օգնել անապահով երեխաների ընտանիքներին, ինչպես նաեւ աջակցել միայնակ ու կարիքավոր ծերերին` կանխելով աղքատության ու մուրացկանության տարածումը Հայաստանի մանուկների ու մեծահասակների շրջանում: