«Էս թվին երեխեն ծնողին չի կարա պահի»,- ասում է 80-ն անց ծեր կինը

20/08/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

80-ն անց Ռոզա տատիկը շալակել է իր ապրած ծանր 80 տարիներն ու կյանքի հետ առճակատման այս դժվարին փուլում մենակ է մնացել: Ինքն ու կյանքը կռվում են` ենթագիտակցաբար իրար հակակշռելով կյանքի ու մահվան արժեքըգ: Ռոզա Հակոբջանյանն աննկատ ծվարել է աղջկա տան պատերի անկյունում այնպես, ինչպես իրենց խնամող տերերի տան անկյուններում ծվարում են շները կամ կատուները: Չորս երեխա լույս աշխարհ բերած, մարդ դարձրած այս ծեր կինն իր գոյությամբ խանգարում է հարազատներին: Ու էդ «խանգարողի» բարդույթից` ինքն իրեն թաքցնում, կծկվում է, որ սենյակում իր գոյությունը չնկատեն: Ասում եմ` «Բայց չէ՞ որ Ձեր երեխաներն ենգ»: Պատասխանում է` «Աղջիկ ջան, էս թվին երեխեն կարա՞ ծնող պահի»: «Ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է»,- բարկացած ասում եմ, ու խոսքերիցս սթափված` Ռոզա տատիկի երկու, արդեն թոռնատեր, աղջիկներն իմ հանդեպ ատելությունը զսպում են ատամների տակ: Երկու տղաների մասին իմ հարցադրումներն այս ծեր կնոջ վերքերը թարմացնում են, ու որքան խոսում եմ, այնքան ուզում է անկեղծանալ, վիրավորվել ու լաց լինել, բայցգ Բայց երկու թոռնատեր աղջիկները սաստող հայացքով «փակում են» բերանս, որովհետեւ իրենց մայրն իրենց սենյակի պատերի անկյունում ծվարել է այնպես, ինչպես իրենց խնամող տերերի տան պատերի անկյունում ծվարում են շներն ու կատուները: Ծեր կինը գրեթե անշարժ է, ոտքերն այտուցված են, իսկ ոսկորները սոսկալի ցավում են, հոդացավ ունի: Հարցնում եմ` «Չե՞ք բուժվել»: «Չէ՛, փող չկա»,- խոսքը բերանից դուրս չեկած՝ մոր փոխարեն պատասխանում է աղջիկը: Ռոզա տատիկը ցավից տառապում, չի կարողանում տեղաշարժվել, որի դեպքում սովորաբար դիմում են բժշկի եւ, եթե անգամ բուժումն անհնար է, ապա ցավազրկող դեղորայքով հիվանդի վիճակը կայունացնում են: Ուզում եմ Ռոզա տատիկի ձեռքից բռնել ու տանել բժշկի, բայց նրա թոռնատեր աղջիկներն իմ հանդեպ թշնամանքը զսպում են ատամների տակ: Ու Ռոզա տատիկի կատարած ցանկացած քայլ կարող է վճռորոշ լինել իր համար, քանի որ հիմա գոնե ծվարել է սենյակի պատերի անկյունում:

Սպիտակի Արեւաշող գյուղում գտնվող տունը մի քանի վայրկյանում հավասարվեց հողին: Բնության արհավիրքը սրբեց Ռոզա տատի այտուցված ու մաշված ոտքերի ու ձեռքերի աշխատանքի արդյունքում ձեռք բերած մեկիկ-մեկիկ դարսած ու կառուցած տունն ու տեղը: Տունը «սրբեց», իսկ տեղը որոշակիացրեց անորոշության մեջ: Հետո Ռոզա տատի չորս երեխաներն իրենց ընտանիքներով տեղավորվեցին հանրակացարանների սենյակներում, ու ամեն մեկն իր ընտանիքի հետ թաղելով երկրաշարժի ցավը` սեփական ընտանիքի գոյությունը պաշտպանելու ճանապարհին մոռացության տվեցին սեփական մոր գոյությունը: «Էրեբունու թաղապետարանն ինձ տեղավորել էր Վարդաշենի հանրակացարանի սենյակներից մեկում: Երկրաշարժից հետո 20 տարի էդ սենյակում եմ ապրել: Անկողնային էի, էլ չէի կարում քայլել, շարժվել: Տագորս տղան Ռուսաստանից ինձ կանչեց, որ տանի տիրություն անի, բուժի: Նախանցած տարի էր, գնացի, համարյա 8 ամիս մնացի մոտը: Տարավ հիվանդանոց, շատ փող ուզեցին, ինքն էլ չուներ: Դեղորայքով, բանով ինձ ահագին օգնեցին: Շնորհակալ եմ, ինձ ահագին պահեց ու ճանապարհեց հետ: Եկա տեսա, թեւերս թուլացան: Սենյակս տվել էին ուրիշին ու ինձ ներս չթողեցին: Գնալու տեղ չունեմ, ստիպված աղջկաս սենյակում եմ մնում: Ախր իրան էլ չեմ կարա մեղադրեմ, աղջիկ, տղա, թոռներ ունի, հանրակացարանի սենյակ ա, նեղվածք ա: Դիմում եմ, որ սենյակ տան` մերժում են, բայց հանրակացարանում դատարկ սենյակներ կան»,- աղջիկների խիստ հայացքից արցունքները զսպելով՝ ասում է ծեր կինը: 10.000 դրամ թոշակ ստացող Ռոզա տատի Ռուսաստան գնալը պատրվակ է եղել նաեւ 14.000 դրամ ընտանեկան նպաստից զրկելու համար, քանի որ ներկայումս իրենից տեղեկանք են պահանջում առ այն, որ վերջինս բնակվում է Վարդաշենի հանրակացարանում: Տեղեկանք չեն տալիս նրան այն պատճառով, որ, փաստացի, բնակության վայր Ռոզա Հակոբջանյանը չունի, հետեւաբար հանրակացարանում էլ հաշվառված չէ: Հանրակացարանի սենյակները ներկայումս գտնվում են սեփականաշնորհման գոտու տակ, հետեւաբար Ռոզա տատիկի սենյակն արդեն մեկ այլ անձի կողմից սեփականաշնորհվել է: Ասում է` «Աղջիկ ջան, հիմա հանրակացարանը քաղաքապետարանին ա պատկանում ու իրենք են տալիս սեփականաշնորհման: Ազատ սենյակներ կան, խնդրում եմ, մի բան արեք` թող ինձ մի բուն տան, կյանքիս վերջին տարիներն ուրիշների համար բեռ չդառնամ: Մի օր սոված, մի օր ծարավ կապրեմ, բայց հոգս չեմ ունենա, որ ուրիշներին խանգարում եմ»:

Ռոզա տատի աչքերին հետաքրքիր փայլ է գալիս՝ երբ հարցնում եմ` «Տա՛տ, իսկ որտե՞ղ ես աշխատել»: «Է՜, աղջիկ ջան, սաղ կյանքս աշխատել եմ, գիտե՞ս ինչ աշխատասեր եմ: Ոտքերս իրար գային՝ հիմա էլ կգնայի ավել կանեի: Շաքարի գործարանում եմ աշխատել, 15 տարի կոլխոզի օղակավար եմ աշխատել, թռչնաբուծականում եմ աշխատել: Աղջիկ ջան, ես երբեք պարապ ժամանակ չեմ ունեցել: Երկրաշարժից հետո 7 տարի խանութում հավաքարար եմ աշխատել, ամեն աշխատանք արել եմ»:

Հետո ես ու Ռոզա տատը հիշում ենք, թե ինչ տանջանքների միջով են անցել իր այտուցված ու ոսկրացած ոտքերն ու ձեռքերը: Հետո ես ու Ռոզա տատը հուզվում ենք, իսկ Ռոզա տատն իր թոռնատեր աղջիկների մոտ իրեն «ապահովագրելու» համար ասում է` «Աղջի՛կ ջան, էս թվին, էս դժվար կյանքում երեխեն չի կարա մորը պահի»: Ու ես հիշում եմ ծերանոցում ծվարած էն հարյուրավոր տատիկ-պապիկներին, որոնց հարցադրում անելիս ստանում եմ ճիշտ այս նույն պատասխանը: